ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ։
Դիմում եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին դեղատներում բժշկական դիմակների թանկացման հարցով։
Հարգելի պարոն Գևորգյան,
Սույն թվականի փետրվարի 24-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորել էր «դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից»:
Սակայն քաղաքացիները շարունակում են ահազանգել, որ բժշկական դիմակների չհիմնավորված գինը դեղատներում շարունակվում է պահպանվել։
Ելնելով ստեղծված իրավիճակում գործուն քայլերի հրատապության անհրաժեշտությունից, կարծում եմ ժամանակն է օպերատիվ կերպով և օրենքով սահմանված կարգով խիստ պատասխանտավության ենթարկել հորդորը շրջանցած և չհիմնավորված գինը պահպանած տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի դա զգոնության ազդակ հանդիսանա մյուսների համար, որոնք անբարեխղճորեն օգտվում են համաճարակային իրավիճակից և քաղաքացիների անելանելի դրությունից՝ գերշահույթ ստանալու նպատակով։
Հարգանքով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր
Անի Սամսոնյան»