ArmLur.am-ը երեկ բացառիկ մանրամասներ էր հայտնել Արարատի մարզում, ըստ նախնական վարկածի, հարսի կողմից սկեսուրին խեղդամահ անելու դեպքից:
Մասնավորապես, տեղեկացրել էինք, որ Հովտաշատ գյուղում տարածված լուրերի համաձայն՝ ընտանիքում առանձնատունը կտակելու հարցի շուրջ տևական ժամանակ կռիվ է եղել:
Բանն այն է, որ առանձնատան սեփականատեր 75-ամյա Սոնա. Ս-ն ունի մեկ որդի, և նա որդուն, հարսին ասել է՝ տունը կտակելու է քրոջ երեխաներին, ինչի շուրջ էլ տան անդամները երկար ժամանակ տարաձայնություններ են ունեցել:
Ըստ գյուղում տարածված լուրերի՝ չի բացառվում, որ հարսը հենց տունը կտակելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ էլ խեղդամահ է արել սկեսուրին:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ 31-ամյա կինը օրեր առաջ մեծ քանակությամբ դեղեր է օգտագործել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքը փրկել դժվարությամբ է հաջողվել: Այս դեպքից հետո գյուղում լուրեր են տարածվել, որ հարսը, ամենայն հավանականությամբ, ինքնասպանության փորձ է կատարել, որից հետո էլ հաստատվել է այն տեղեկությունը, որ ընտանիքում տարաձայնություններ կան:
Հավելենք, որ 75-ամյա կինը տևական ժամանակ միայնակ է եղել, որդին ու հարսը Հովտաշատում չեն ապրել: Եվ, փաստորեն, վերադառնալուց հետո տեղի է ունեցել ողբերգական դեպքը:
Նշենք, որ հարսը՝ Գ. Զ-ն, ձերբակալված է: Նա ունի 3 և 8 տարեկան երկու երեխա:
Տ.Հ.