ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ «Այրումի ԳԲԱ» ՊՈԱԿ-ում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել «Այրումի ԳԲԱ» (Գյուղական բժշկական ամբուլատորիա) ՊՈԱԿ-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:
Մասնավորապես, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման շրջանակներում բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների, որակի, առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն ներկայացված հաշվետվությունների արժանահավատության ստուգման շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը 2019թ. դեկտեմբերի վերջին ուսումնասիրություններ է իրականացրել «Այրումի ԳԲԱ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքներին վերաբերող փաստաթղթերն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն:
Այդ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ վարչությունում ուսումնասիրվել են պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում, որի արդյունքում պարզվել է, որ «Բնակչության ԱԱՊ նպատակով լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ», «Ընտանեկան բժիշկների կողմից լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրում» և «Ընտանեկան բժիշկների կողմից նեղ մասնագիտացված խորհրդատվության ուղեգրում» ծրագրերով ՊՈԱԿ-ը ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն է ներկայացրել իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ հաշվետվություններ:
Դրանցում, մասնավորապես, նշվել են ավելի մեծ թվով լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և նեղ մասնագիտացված խորհրդատվության ուղեգրումներ, քան փաստացի կատարվել են, ինչի արդյունքում չկատարած աշխատանքի համար ՊՈԱԿ-ը ֆինանսավորվել է մոտ 5 մլն ՀՀ դրամի չափով:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և հանձնելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»: