ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մի ուշագրավ որոշում ստացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Բանն այն է, որ անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Վճռաբեկ դատարան եւ միջնորդել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ հունվարի 23-ի՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը: Խոսքն այն որոշման մասին է, որով բեկանվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը, որով վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը:
Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը լծված է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գաղտնազերծման աշխատանքին, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով որոշ նախկին եւ ներկա պաշտոնյաների նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո: ՀՔԾ-ն անգամ վերծանել էր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը, որպեսզի պարզի՝ ով է զանգահարել լրագրողին կամ հակառակը, եւ նրանցից ով է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին. Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում: Եվ հունվարի 23-ին Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել:
Եվ, ահա, Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ ամիս անց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է բողոքարկել այն՝ Վճռաբեկ դատարանին միջնորդելով բեկանել լրագրողի օգտին կայացված վճիռը։ Այս միջնորդությունն ուշագրավ է այնքանով, որ այն արվել է անձամբ գլխավոր դատախազի կողմից: Ընդգծենք՝ շատ հազվադեպ է եղել, երբ որոշումը բեկանելու միջնորդություն ներկայացնում է հենց գլխավոր դատախազը. սովորաբար դա անում են նրա տեղակալները։ «ժողովուրդ» օրաթերթի հարցով, սակայն, դատախազն անձամբ է որոշել զբաղվել։ Ուսումնասիրելով իրավիճակը՝ կարող ենք արձանագրել, որ անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նման միջնորդություններ եղել են՝ կապված «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ Մուշեղ Սաղաթելյանի արդարացման վերաբերյալ քրեական գործի հետ: Ստացվում է՝ Դավթյանն անձամբ է հանձն առել զբաղվել մեր օրաթերթի գլխավոր խմբագրի գործով եւ բեկանելու միջնորդություն ներկայացնել: Առնվազն տարօրինակ է՝ ինչու է Դավթյանն այդքան շահագրգռված: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է գնալ մինչեւ վերջ եւ խոստանում է հաղթել բոլոր ատյաններում։

 

 

 

Չնայած արդեն 2 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռեւս չի գտել «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին: Նա Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախկին դատավորի քրեական գործով անցնող անձանցից մեկի մասով որոշում է կայացրել: ՀՔԾ-ն դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին: Վերջինս իր օգտին դատական ակտ կայացնելու համար 13.000 դոլար կաշառք է տվել իրավասու պաշտոնատար անձանց: Նրա մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, ու գործն ուղարկվել է դատարան: Եվ ամենաուշագրավն այն է, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի Կրակեմ Հրաչի որդին է: Եվ ստացվում է՝ Սամվել Ոուզունյանի գործով մեղադրյալի գործողությունները քննում է մի դատավոր, որը 2016 թվականին լուրջ կռիվների մեջ է եղել նույն Սամվել Ուզունյանի հետ: Ու հիմա Հարությունյանը պետք է քննի իր նախկին ղեկավարի գործով անցնող անձանց քրեական գործը:

 

 

 

 

Այս պահին Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը: Եվ այս շրջանում, չնայած իշխանությունների հավաստիացումներին, հանրության մոտ այդքան էլ վստահություն չի առաջացնում վարակների նկատմամբ վերահսկողական աշխատանքի որակը: Ինչպես հայտնի է, Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը թույլ չտալու հարցում վերահսկողություն իրականացնող մարմիններն են Առողջապահության նախարարությունն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Եվ այս օրերին օդային եւ ցամաքային միջոցներով տարբեր քաղաքացիներ են մուտք գործում Հայաստան, որոնք կարող են վիրուսի կրողը լինել, ու շփումների միջոցով այն կարող է տարածվել: Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են վերահսկողություն իրականացնում: «Անձնական քարտ է լրացվում օդանավակայանում. եթե գանգատ ունի մարդը, տաքություն, հոսպիտալացվում է, ստուգվում է: Եթե գանգատ չունի, ապա հասցեական քարտ է լրացվում, 14 օր շարունակ ջերմաչափում է իրականացվում», – նշեց Նարեկ Զեյնալյանը: Եվ, վերջինիս խոսքով, գաղտնի շրջանում այլ մարդու վարակելու հավանականությունը մինիմալ է: Մնում է միայն հասկանալ, թե 14 օր ով ինչ որակով եւ պատասխանատվությամբ է պոտենցիալ վիրուսակիրներին վերահսկում: Հուսանք՝ դա չի արվում միայն խոսքով։

 

 

 

 

Հայաստանում թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ անելանելի դրության մեջ են. չգիտեն՝ ինչպես վարվել թափառող շների հետ, որոնք կծում են բնակիչներին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից փոխանցեցին, որ թափառող շների հարցով քաղաքացիները սկսել են անգամ իրենց անհանգստացնել: Տեղեկացանք, որ վերջին օրերին վիճակը վատ է եղել հատկապես Լոռու, Գեղարքունիքի մարզերում: Վանաձորում մարդկանց կծելու, հարձակվելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել, անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում: Անկախ բնապահպան Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ, իր կարծիքով, թափառող շների ստերջացման հետ կապված գործողությունները լավ չեն կատարվել: «Քանի որ շների ոչ թե քանակը, այլեւ որակն է փոխվել. իրենք ավելի ագրեսիվ են դարձել: Կնկատեք՝ չիպավորված շների քանակը քիչ է, որոնք որ ստերջացված են», – նշեց նա: Սակայն, բացի մարզերից, թափառող շները պատուհաս են դարձել նաեւ Երեւանի բնակիչների համար: Այս խնդրի շուրջ եւս «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե ամեն օր ահազանգ է ստանում երեւանցիներից: Երեւանի քաղաքապետարանից, սակայն, փոխանցում են, որ թափառող շների հարցով զբաղվում են: Ավելին, մի քանի շաբաթից շահագործման կհանձնվի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր շենքը, որը կահավորված կլինի վիրահատարաններով, նախավիրահատական, հետվիրահատական բուժման համար անհրաժեշտ վանդակներով: Թե սա ինչքանով կփոխի իրավիճակը, դժվար է ասել։ Կենդանիներին, անշուշտ, պաշտպանել է պետք մարդ-գազաններից, բայց դա չպետք է արվի այնպես, որ հիմա էլ մարդկանց գազազած շներից պաշտպանելու հրամայականի առաջ կանգնենք։




Լրահոս