ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՄԱՆ ՀՈԴՎԱԾԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մի հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում եւ մի քանի դրույթների պարագայում հանել գործող եւ սահմանված վաղեմության ժամկետի դրույթը:

Ինչպես հայտնի է, կան դեպքեր, երբ կիրառվում է վաղեմության ժամկետի դրույթը, եւ այդ հիմքով մարդիկ ազատվում են քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Եվ, ահա, պատգամավորն առաջարկում է քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Ներկայացված առաջարկը վերաբերում է վաղեմության ժամկետի հիմքով թե՛ քրեական պատասխանատվության ենթարկելուն, թե՛ պատժից ազատելուն: Այժմ օրենսգրքի 81-րդ հոդվածը համանման մոտեցում է ցուցաբերում մեղադրական դատավճռի ի կատար ածման վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատժից ազատման հարցում՝ նշելով նաեւ այն հանցագործությունները, որոնք համար նշված հոդվածը կիրառելի չէ. դրանք մարդկության անվտանգության եւ խաղաղության դեմ ուղղված, ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններն են, որոնք իրենցից ներկայացնում են համամարդկային սպառնալիք:
Եվ, ահա, նախագծի հիմնավորման մեջ պատգամավորը նշում է, որ ցանկացած երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունն արդյունավետ ապահովելու կարեւորագույն նախադրյալ է տվյալ պետության սահմանադրական կարգի խստագույնս պահպանումը: Եվ նա առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ եւ 81-րդ հոդվածները լրացնել անձին քրեական պատասխանատվության եւ մեղադրական դատավճռի վաղեմությունից անկախ պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ընձեռող իրավադրույթով այնպիսի արարքի համար, ինչպիսին սահմանադրական կարգի տապալումն է:
Այս փոփոխության առաջարկությունն ուշագրավ է նաեւ այն հանգամանքով, որ այժմ 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրյալի աթոռին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արդյոք ԲՀԿ-ական պատգամավորն այս առաջակությունն արել է՝ ելնելով այդ հանգամանքից, թե հիմքում այլ շարժառիթներ կան: Այս հարցերի հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ հենց Գեւորգ Պետրոսյանից, սակայն նա ընդգծեց, թե իր առաջարկած փոփոխությունը որեւէ անձի դեմ ուղղված չէ:
«Ինչ տարբերություն՝ հիմա ներկայացնեի, թե հինգ տարի հետո: Այստեղ գաղափարի խնդիրն է, որն արդեն հասունացել է: Սա այն հանցատեսակն է, որն իսկապես լուրջ սպառնալիք է տարբեր առումներով: Սա միտված է ապագային, որպեսզի, առհասարակ, մեր երկրում նման երեւույթներ չլինեն: Սա բացարձակ պետք չէ անձնավորել, եւ այստեղ որեւէ մեկն ընդհանրապես թիրախավորված չէ: Այն անձը, որը հետագայում կարող է թույլ տալ նման արարք, թող դատապարտվի: Սա հետադարձ ուժ չի կարող ունենալ, Սահմանադրության պահանջ է, եւ միայն օրենքի ընդունումից հետո ով կհանդգնի սահմանադրական կարգ տապալել, թող ենթարկվի պատասխանատվության՝ անկախ պաշտոնից եւ ով լինելուց: Սա զսպաշապիկ է ցանկացած իշխանության համար, որպեսզի ինքը իմանա, որ իր իշխանությունից հետո ցանկացած ժամանակ, եթե հանկարծ կմեղադրվի այդ արարքի մեջ, ապա, անկախ վաղեմությունից, ինքը կրելու է պատասխանատվություն», – նշեց պատգամավորը:
Սակայն հետաքրքիր է, որ ԲՀԿ-ական պատգամավորն իր նախագիծը ներկայացնելուց առաջ չի խորհրդակցել խմբակցության հետ, այլ միայն մեկ-երկուսի: Այսինքն՝ սա անձնապես հենց Գեւորգ Պետրոսյանի առաջարկությունն է: «Մենակ ես եմ ստորագրել, մեկ-երկու ընկերների հետ զրուցել եմ: Ես խմբակցությունում չեմ քննարկել: Բոլոր նախագծերը չէ, որ պետք է անպայման քննարկվեն, նոր ներկայացվեն», – նկատեց նա:
Իսկ դիտարկմանը՝ ինչ արձագանքներ եք սպասում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից, Պետրոսյանը նշեց. «Չեմ կարող գուշակությամբ զբաղվել, բայց ես այնպիսի բան չեմ առաջարկել, որ, ասենք, մեր երկրի կամ պետականությանը վնաս են: Ընդհակառակը, եկեք վերանանք անձերից. կապ չունի՝ ով է իշխանության ղեկավարը: Եվ, առհասարակ, շատ հոդվածներ կան, որոնցով անմեղություն չի նախատեսված: Եվ ես էլ պարզապես կարծում եմ, որ սահմանադրական կարգի տապալումն այն արարքն է, որ ճիշտ կլինի նույնպես դասել այն արարքների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության վաղեմություն չի կիրառվում»:
Հավելենք, որ այժմ սահմանադրական կարգի տապալման հոդվածի պարագայում վաղեմության ժամկետը 20 տարին է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԺԱՄԿԵՏՆ ԱՆՑԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի գործողության ժամկետը այս տարվա փետրվարի 15-ին ավարտվել է: Հիշեցնենք, որ նախորդ տարի որոշում է կայացվել պայմանագրի ժամկետը երկարաձգել մեկ տարով: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից փոխանցեցին, որ այս հարցը գտնվում է քննարկման փուլում, եւ երբ հստակ որոշում կայացվի, այդ մասին կիրազեկեն հանրությանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ պայմանագրի գործողության ավարտը մտահոգել է նաեւ «Հայփոստի» աշխատողներին. նրանք անհանգստացած են, որ կարող են կորցնել իրենց աշխատանքը: Սակայն «Հայփոստ»-ի մամուլի հարցերով պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություններ չունի, որեւէ փոփոխություն չկա, իսկ ընկերությունն էլ շարունակում է բնականոն հունով աշխատել:

 

 

 

 

ԿՓՈԽԵՆ ԿԱԶՄԸ
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշել է փոփոխություններ կատարել մի քանի պատվիրակությունների եւ բարեկամական խմբերի կազմերում: Այդպիսի անհրաժեշտություն խմբակցության մոտ առաջացել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալուց հետո. այժմ նա խորհրդարանում հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Եվ, ահա, այդ պատճառով խմբակցությունը նման որոշում է կայացրել եւ դիմել ԱԺ խորհրդին՝ փոփոխությունների համար, Աժ խորհուրդն էլ այն կհաստատի մարտի 2-ին կայանալիք նիստում: Մասնավորապես, կփոխվեն «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում պատվիրակությունների կազմերը, եւ Տիգրան Ուրիխանյանին կփոխարինի ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Փոփոխություն է ցանկանում անել նաեւ «Իմ քայլը» խմբակցությունը. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում Վարազդատ Կարապետյանին կփոխարինի Գոռ Գեւորգյանը:

 

 

 

 

ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի այն ուժերը, որոնք գիտակցում են ռուս-հայկական հարաբերությունների, մեր ռազմավարական համագործակցության կարեւորությունը, նշանակալի դեր խաղան Հայաստանի ներքաղաքական կյանքում»,- կարծիք է հայտնել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե որն է Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների եւ Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա հավելեց, որ Ռուսաստանը շատ խնամքով եւ զգույշ է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: «Մենք շահագրգռված ենք կայունությամբ եւ նրանում, որպեսզի առավելագույն հանրային կոնսենսուս լինի»,-ասել է նա: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակում անցնում են երկու տարբեր քրեական գործերով:

 

 

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ Է
«Հայաստանում նկատվում է ոչ հայկական հասարակական կազմակերպությունների ակտիվություն, որոնց գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ խաղաղության պահպանման հետ»,- ասել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Նա նշեց, որ այս հարցը կարեւոր է այն տեսանկյունից, որ Կովկասը բարդ տարածաշրջան է, որտեղ բախվում են խոշոր համաշխարհային խաղացողների շահերը: «Մտահոգիչ է Բելառուսի եւ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի զորվարաժությունների հաճախակիացումը՝ Իրանում լարվածության աճի հետ կապված միջոցառումների պատրվակով: Զորավարժություններն ուղեկցվում են ՀՀՊ տարրերի, ինչպես նաեւ միջին հեռահարության տակտիկական սպառազինության տեղակայմամբ: Դրանից բացի, Դաշինքի ուժերը Բելառուսին նախազգուշական հարվածներ հասցնելու սցենարներ են մշակում»,-շեշտել է Ի. Նազարուկը:

 

 

 

 

1 ՏԱՐՈՎ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո 2020թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ ավտոմեքենաների: Այս մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության նիստում: Հարցը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ 2019թ. դեկտեմբերին վարչապետը պայմանավորվածություն է ձեռք բերել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ այդ արտոնությունը զգալի չափով ապրանքների գծով երկարացնելու մեկ տարով՝ մինչեւ 2020 թվականի վերջը: Մաքսատուրքի բարձրացումը կհետաձգվի 647 անուն ապրանքների համար: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սա առնվազն 30 մլն դոլարի խնայողություն է Հայաստանի քաղաքացիների համար: «Բայց արձանագրենք, որ այս փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում: Նախկինում 900 ապրանք էր, հիմա՝ 647 անուն»,-ասել է վարչապետը:

 

 

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ա. Գրիգորյանն ընդգծել է Արցախյան հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարեւորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից: Քարտուղար Զասը մեկ անգամ եւս հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա:




Լրահոս