Հայաստանում թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն անելանելի դրության մեջ են. չգիտեն՝ ինչպես վարվել թափառող շների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից փոխանցեցին, որ թափառող շների հարցով քաղաքացիները սկսել են անգամ իրենց անհանգստացնել: Հիմնականում զանգեր են ստացել ՀՀ Լոռու, Գեղարքունիքի մարզերից եւ Երեւանից: Ընդգծեցին նաեւ, որ թափառող շների հարցն իրենց լիազորություններից դուրս է:
Նախարարության իրավաբանական վարչությունը ներկայացնող Ամալյա Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց հետեւյալը. «Շրջակա միջավայրի նախարարությունը, թափառող շների հետ կապված, չունի գործառույթ, մեր ոլորտը վայրի կենդանիներն են, իսկ ընտանի կենդանիները, առավել եւս՝ թափառող շները, ոչ մի գործառույթ դրա հետ չունենք: Ես կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններն են այս հարցի պատասխանատուն»:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, սակայն պարզվեց, որ մարզպետը թեեւ տեղյակ է խնդրին, բայց զարմացավ՝ դիմելով մեզ. «Դա համայնքային խնդիր է, ինձ իզուր եք զանգել: Որ համայնքում այդ խնդիրը կա, լավ կլինի՝ այդ համայնքապետի հետ զրուցեք: Զանգե՛ք Վանաձորի քաղաքապետին, ինքը կոմպետենտ կլինի այդ հարցին պատասխանել»: Այնուամենայնիվ, փորձեցինք մարզպետից հետաքրքրվել՝ եթե համայնքապետը չկարողանա լուծել այս խնդիրը, ինչպես այսօր է, հարցն, ի վերջո, ում կողմից եւ ինչպես է լուծելու: «Դե, հիմա չեն կրակում, անընդունելի է, անձամբ իմ համար էլ: Չնայած այն ժամանակ որ կրակում էին, այդ խնդիրը չկար, հիմա չեն կրակում, խնդիրը կա: Չեմ կարող ասել, դա իմ գործառույթը չէ: Ես չեմ զբաղվել դրանով, ամեն համայնք պետք է իր լուծումը գտնի, այլ տարբերակներ կան»,- պատասխանեց մարզպետը::
Ինչեւէ, հետեւելով մարզպետի խորհրդին՝ մենք զրուցեցինք նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, որն ասաց, որ թափառող շներին ստերջացնելու գործընթացի հետ կապված՝ մրցույթ են հայտարարել, առաջիկա օրերին կամփոփեն մրցույթի արդյունքները: «Կծման, հարձակման դեպքեր գրանցվել են վերջին օրերին, բայց մենք այլ տարբերակ չունենք, որովհետեւ վնասազերծման այլ տարբերակներն արդեն իսկ օրենքով արգելված են: Մրցույթների անցկացման համար բյուջետային տարին նոր է, նոր է մրցույթը մեկնարկել, հուսով ենք՝ կկարողանանք արագ կազմակերպել: Կոնկրետ վիճակագրություն չունենք, բայց քաղաքացիներից բողոքներ ենք ստացել եւ ստանում, նաեւ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում, աղբարկղի միջի պարունակությունը հանում, փողոցով մեկ շաղ են տալիս, դա է: Կան դեպքեր, ու դրանք քիչ չեն»,- իրավիճակը ներկայացրեց Վանաձորի քաղաքապետը:
Իսկ, ահա, անկախ բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ, իր կարծիքով, թափառող շների ստերջացման հետ կապված գործողությունները լավ չեն կատարվել: «Քանի որ շների ոչ թե քանակը, այլեւ որակն է փոխվել, իրենք ավելի ագրեսիվ են դարձել, կնկատեք՝ չիպավորված շների քանակը քիչ է, որոնք որ ստերջացված են, այն էլ՝ այս ծանր վիճակում, երբ մենք լուրջ խնդիրներ ունենք՝ հիվանդությունների հետ կապված, հիմա մի հատ էլ կատաղությունը դրան չգումարվի: Կատաղության խնդիրը լուրջ է, որը շների միջոցով է տարածվում»,- լրացրեց Ադամյանը: Որպես օրինակ՝ մասնագետը նշեց, որ օտար երկրներում մարդը պատասխանատվության է ենթարկվում շանը տանից դուրս շպրտելու համար: «Մեզ մոտ դա չկա: Ամեն մարդ կարող է շուն վերցնի, իբր, պատասխանատվություն վերցնի, որ շուն է պահում, հետո այդ շանը հանի-գցի դուրս: Այդ թափառող շները բա՞ որտեղից են առաջացել. մեծ մասն այն շներն են, որոնք մի տեղից դուրս են եկել, դարձել են թափառող, փողոցի շներ, որոնք իրար հետ խաչասերվել են, անհայտ շներ են դուրս եկել: Բայց ասել, որ քաղաքը իսպառ պետք է ազատվի այդ շներից, սխալ կլինի, դա կենսաբազմազանության տեսակ է»,- բացատրեց մասնագետը: Բայց, մյուս կողմից, մեր զրուցակիցն առաջարկեց, որպեսզի մարզերում տեղական ինքնակառավարման մարմինները եւս իրենց հերթին ստեղծեն կազմակերպություններ, որոնք կկարողանան հավաքել թափառող շներին, տանել ստերջացման, որից հետո նոր բաց թողնեն: «Բայց, անկեղծ ասած, դա չի օգնում, չի տալիս այն էֆեկտը, որը մենք կցանկանայինք ունենալ: Դա պատասխանատվության խնդրից է գալիս, երբ մարդիկ իրենց տներից իրենց պահվող շներին հանում շպրտում են փողոց, առաջինը այդտեղից է պետք սկսել: Պետք է օրենսդրական կարգավորում անել, որով հնարավոր կլինի պատասխանատվության բերել այն մարդուն, որը իր տանից շանը կշպրտի դուրս, որն էլ հետո դառնում է փողոցային շուն: Այդ ստերջացումը իր նպատակն ունի, որպեսզի իրենք չբազմանան դրսում, որպեսզի քանակը ստաբիլ մնա: Բայց մեզ մոտ դա լավ չի արվում, դրա համար էլ քանակը ստաբիլ չի մնում, շները բազմանում են: Դրսի երկրներում ուղղակի բռնում են շներին եւ տանում են կենդանիների ապաստարաններ, որտեղ պահում են ու հետո մարդ են փնտրում, որ տանեն եւ պահեն շանը իրենց տանը: Բայց այնտեղ այդ մշակույթը կատարյալ է, մենք՝ հայերս, դեռ չենք հասել այդ մակարդակին. կան մարդիկ, որոնք անում են, բայց նրանց թիվը շատ քիչ է»,- նկատեց բնապահպանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, հեռախոսազանգերին չպատասխանեց: Բացի մարզերից, թափառող շները պատուհաս են դարձել նաեւ Երեւանի բնակիչների համար: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե ամեն օր ահազանգ է ստանում երեւանցիներից: Օրինակ՝ մեզ են դիմել Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր վարչական շրջանների բնակիչներ: Նրանց պատմելով՝ թափառող շների խմբի փողոցում կարելի է հանդիպել օրվա տարբեր ժամերին, նրանք անհանգստացնում են իրենց. հաչում են երեկոյան ժամերին, ոռնում են՝ խագարելով մարդկանց հանգիստը, քունը: Իսկ Ջրվեժի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ երեկոյան 19.00-ից հետո Ջրվեժի որոշ փողոցներում հնարավոր չի լինում քայլել. ամենուրեք սոված շներ են: Ի դեպ, այդ շների թվում կան ե՛ւ ստերջացվածներ, ե՛ւ չստերջացվածներ: Օրինակ՝ Երեւանի թիվ 19 պոլիկլինիկա (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) այս տարի արդեն իսկ 22 երեխա է դիմել շան կծածի դեմ բուժում ստանալու համար։
Իսկ ի՞նչ է անում Երեւանի քաղաքապետարանը: Այնտեղից մեզ փոխանցեցին, որ թափառող շների հարցով զբաղվում են: Ավելին, մի քանի շաբաթից շահագործման կհանձնվի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր շենքը, որը կահավորված կլինի վիրահատարաններով, նախավիրահատական, հետվիրահատական բուժման համար անհրաժեշտ վանդակներով: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա տվյալներով՝ մայրաքաղաքում թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Անտուն շների քանակը վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է, տեսակն էլ՝ դարձել ավելի ագրեսիվ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՃ՝ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից մեկի՝ հացի արտադրության ծավալները շարունակում են աճել. անցյալ տարվա ընթացքում աճը կազմել է 2.5 տոկոս:
Սա, ըստ մասնագետների, վերջին տարիների համար աննախադեպ է, քանի որ հացի արտադրության ծավալները վերջին տարիներին նվազում էին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականին արտադրվել է 271 հազար 471 տոննա հաց, իսկ 2018 թվականին՝ 264 հազար 757 տոննա: Նախորդ տարիներին, երբ հացի արտադրության ծավալները պակասում էին, մասնագետները այն պայմանավորում էին մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետեւանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները: Իսկ հիմա, ընդհակառակը, առաջին անհրաժեշտության սննդամթերքը սպառողների թիվն ավելացել է: Կա նաեւ այն տեսակետը, որ այդ ցուցանիշների ավելացումը կապված է տնտեսվարողների՝ ստվերից դուրս գալու հետ:
Ս. Հ.
ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Գոռ Գաբրիելյանին, Գրիգոր Ասատրյանին, Ռոբերտ Սարգսյանին, Սուրեն Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2019 թվականի մայիսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում զորամասի տարածքում ծխելու միջոցով ապօրինի օգտագործել են կաննոբիոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ տեսակի թմրամիջոց: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.2 հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եւ հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սույն քրեական գործով, որպես իրեղեն ապացույց, դատարան է ներկայացվել կես լիտր տարողությամբ պլաստմասե շիշ: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Այդ քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
ՎՆԱՍԵԼ ԵՆ ԳԱԶԱՏԱՐԸ
Փետրվարի 26-ին՝ կեսօրից հետո, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Նոյեմբերյանի տեղամասի աշխատակիցները էլցանցի նոր բաժանորդին հոսանքի գծին միացնելու նպատակով էլեկտրական հոսանքի նոր հենասյուններ համար փոսեր փորելու ժամանակ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վարչական տարածքում անզգուշությամբ վնասել են Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղը սնուցող գազատարը: Այդ տեղանքով գազատար է ձգվում վերագետնյա եւ ստոգետյա, էլցանցի աշխատողները տեղյակ չեն եղել գետնի տակով ձգվող գազատարի վերաբերյալ: Ստորգետնյա գազատարի առկայության մասին զգուշացնող նշան կամ ցուցանակ տեղադրված չի եղել: Էլցանցի Նոյեմբերյանի տեղամասը Երեւանից մասնագետներ է հրավիրել, որոնք փետրվարի 27-ի երեկոյան կնորոգեն վնասված գազատարը, եւ Ոսկեպար գյուղի գազամատակարարումը կվերականգնվի: Էլցանցը նաեւ կհոգա գազատարի վնասի փոխհատուցման հետ կապված ֆինանսական ծախսերը:
ԱՌԱՆՑ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԻ
Տավուշի մարզի դատախազը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետն այլ աշխատանքի են տեղափոխվել եւ հեռացել Տավուշի մարզից: Թեեւ նրանց տեղափոխությունից բավականին ժամանակ է անցել, սակայն մարզի դատախազ եւ ոստիկանապետ չեն նշանակում, դրանց պարտականությունները ժամանակավորապես դրվել են դատախազության եւ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների վրա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ