«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի Անուշիկ Ալավերդյանն է: Նա պատմել է իր բնավորության գծերի, հայտնի դառնալուց հետո հեշտ կյանքով ապրելու եւ երկրորդ երեխան պլանավորելու մասին:
-Անուշի՛կ, ի՞նչ եք ցանկանում վերցնել կյանքից:
-Լիքը հաճելի պահեր:
-Ո՞րն է Ձեր բնավորության ոչ ստանդարտ կողմը:
-Ոչ ստանդարտ կողմեր շատ չունեմ: Երբեմն չափից դուրս ներողամիտ եմ, որը խանգարում է ինձ: Հաճախ խաղաղության աղավնու դեր եմ տանում: Ում հետ երկար ճանապարհ եմ անցել, չեմ ցանկանում կապերս խզել…
-Ավելի շատ ապրում եք անցյալո՞վ, ներկայո՞վ, թե՞ ապագայով:
-Անցյալով եմ շատ ապրում, ներկայով էլ, ապագայով՝ ոչ այնքան: Անցյալի լավ պահերն եմ հաճախ հիշում, դրանք կրկնելու ցանկություն է առաջանում: Կարող է՝ դպրոցական հին հավաքույթ հիշեմ ու ուզենամ, որ այն նորից կազմակերպվի:
-Այս երեքից ո՞րը Ձեր մասին չէ՝ արագաշա՞րժ, ալարկո՞տ, թե՞ սեւ հումորի սիրահար:
-Երեքն էլ իմ մասին է: Սեւ հումոր, օրինակ, շատ եմ անում, սկզբում ներողություն եմ խնդրում, հետո անում եմ (ծիծաղում է):
-Ձեզ միշտ հետաքրքրել է, թե ինչպես է…
-Այս աշխարհն այսքան հետաքրքիր, օրինաչափ ու կատարյալ ստեղծվել, ինչպես են առաջացել մարդիկ: Արդյոք գոյություն ունի՞ աստված, եւ արդյոք մոլեռանդ հավատացյալների հույսերն արդարացվելո՞ւ են:
-Ձեզ հնարավոր չէ տեսնել փաբերո՞ւմ, ռոք համերգների ժամանա՞կ, թե՞ կենդանաբանական այգում:
-Չնայած եղբայրս ռոք երաժիշտ է, ռոք չեմ սիրում, ուստի ռոք համերգների էլ չեմ գնում:
-Համբերությունից դուրս եք գալիս, երբ…
-Ականջիս տակ խրթխրթացնելով խնձոր կամ արեւածաղիկ են ուտում: Շատ նյարդային եմ այդ առումով:
-Նախընտրում եք, որ ամեն ինչ լինի միանգամի՞ց, թե՞ որ Դուք նախապես տրամադրվեք սպասվող իրադարձություններին:
-Նախընտրում եմ նախապես տրամադրվել սպասվելիք իրադարձությանը: Այդպես ավելի հեշտ է, թեպետ սիրում եմ նաեւ, որ որոշ բաներ հանպատրաստից են տեղի ունենում:
-Տխրում եք, երբ…
-Գործերս չեն ընթանում պլանավորածի պես:
-Մանկության տարիներին ո՞ւմ պաստառն է փակցված եղել Ձեր սենյակի պատին:
-Էմինեմի եւ Դեցլի:
-Այս երեքից ո՞ւմ եք դժվարությամբ հասկանում՝ կենդանի վարժեցնողի՞ն, գեղեցկության մրցույթի մասնակցի՞ն, թե՞ ժայռից ցատկողին, որը էքստրիմի սիրահար է:
-Երբեք չեմ հասկացել, երբ երեխաներին են տարել մասնակցելու գեղեցկության մրցույթների: Երեխայի հոգեբանությունը խաթարվում է, դա շատ վատ բան է…
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ էր կապված:
-Անձնականի, բայց, բարեբախտաբար, հաղթահարել եմ այդ փուլերը: Ստեղծագործական կյանքում նման փուլեր չեն եղել:
-Կինը սեքսուալ է, երբ…
-Համեստ է:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Շատ էմոցիոնալ եմ:
-Դժվարությամբ եք համակերպվում այն մտքի հետ, որ…
-Աստիճանաբար ծերանում ենք:
-Մարդկանց հետ շփումներում ո՞ր դեպքում եք պատ դնում:
-Երբ դիմացինիս հետ «Դուք»-ով եմ խոսում, իսկ նա անցնում է սահմանն ու փորձում մտերմանալ: Այդ ժամանակ միանգամից տեղում Ձեր ասած պատն եմ դնում:
-Հայտնի դառնալուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:
-Հեշտացել է կյանքը: Ճիշտ է, ես, օրինակ, մյուս մարդկանց պես հերթ եմ կանգնում, առավելություններ չունեմ այդ կարգի հարցերում, չեմ սիրում նման բաներ, բայց շատ դեպքերում օգնում է հայտնի լինելը:
-Ո՞վ է Ձեր սիրելի պոետը:
-Տերյանն ու Սեւակը: Նույնիսկ նրանց գործերից իմ սիրելի տողերը փակցնում եմ պատերին:
-Ո՞վ է Ձեր նախընտրելի ռեժիսորը:
-Քվենտին Տարանտինոն:
-Ի՞նչ հատկություններ եք ժառանգել հայրիկից, եւ ի՞նչ հատկություններ՝ մայրիկից:
-Մայրիկիս պես կարմրող եմ, իսկ հորիցս ժառանգել եմ ձայնային ունակություններս:
-Սովորաբար ո՞ր կատեգորիայի մարդիկ են Ձեզ թիկունքից հարվածում:
-Շատ վաղուց է՝ թիկունքիս հարված չեմ զգացել, այնպես որ, չեմ կարող ասել:
-Երկրորդ բալիկի ծնունդ պլանավորու՞մ եք:
-Իհարկե:
-Պատկերացնու՞մ եք Ձեզ տղայի մոր դերում:
-Ոչ, դեռ ոչ (ծիծաղում է):
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Բոլորը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԱԹԵՆԱՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է, ԲԱՅՑ ԵՐԳԸ ՎԱՏՆ Է»
«Աթենային անձամբ եմ ճանաչում, տաղանդավոր աղջիկ է, ինձ դուր է գալիս, որ նա ազատ է բեմում, չունի ավելորդ կապանքներ: Նկատել եմ, որ դրսի հայ արտիստների մոտ ներքին ազատություն կա, ինչպես, օրինակ, Իվետա Մուկուչյանի դեպքում: Մեզ համար դա մեծ առավելություն է: Գուցե Հայաստանում համարեն, որ Աթենան բեմում անբռնազբոս է, բայց ինձ նրա կեցվածքը շատ է դուր գալիս»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս տարվա եվրատեսիլյան հայաստանցի պատվիրակ Աթենա Մանուկյանի մասին նման տեսակետ հայտնեց երգահան, գործիքավորող ԴերՀովան, որը, ի դեպ, 2008-ին «Եվրատեսիլ»-ում չորրորդ տեղը զբաղեցրած «Քելե-քելե» երգի երաժշտության հեղինակն է:
Ինչ վերաբերում է Աթենայի «Chains on you» երգին, ԴերՀովան այն համոզմանն է, որ դա բավականին թույլ գործ է. ««Դեպի Եվրատեսիլ»-ին ներկայացված ոչ մի երգ ինձ դուր չէր եկել: Աթենայի երգը հետաքրքիր է միայն այնքանով, որ ամերիկյան ոճի մեջ է, բայց չգիտեմ՝ դա Եվրոպայում որքանով կաշխատի: Ամեն դեպքում, կասկածում եմ, որ այդ երգով կանցնենք եզրափակիչ փուլ: Ինձ թվում է՝ շոուն այս պարագայում կարեւոր կլինի, քանի որ երգն է թույլ, ոչ հիշվող: Ափսոսում եմ, որ երգը վատն է, քանի որ Աթենան լավ երգչուհի է: Ի՞նչ ասեմ, բոլոր դեպքերում իրեն հաջողություն եմ մաղթում»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի (որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից) (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%) եւ հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (ձայների 33.3%)։
Արտասահմանյան ժյուրիի քվեարկության արդյունքում նա վաստակեց 60 միավոր, հայաստանյան ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 58, իսկ sms քվեարկության արդյունքում՝ 50 միավոր: Աթենա Մանուկյանն ընդհանուր վաստակեց 168 միավոր։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՊՍԺ
Իտալական «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում: Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական հեղինակավոր պարբերականները, սենեգալցին արդեն 4մլն եվրո արժողությամբ բնակարան է գնել Փարիզում: Կալդիուին Ֆրանսիայի մայրաքաղաքը ներկայացնող թիմում դիտարկում են որպես Տիագու Սիլվայի փոխարինող: Սենեգալցու տրանսֆերային արժեքը գնահատվում է 80մլն եվրո: Նշվում է, որ Կուլիբալին արդեն հայտնել է իտալական ակումբի ղեկավարությանը ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին: Հիշեցնենք, որ պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաեւ անգլիական «Մանչեստեր Յունայթեդը»:
ԵՐԿՐՊԱԳՈՒՆ ՎԱՐԱԿՎԱԾ Է
Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ «Վալենսիայի» երկրպագուն, ով ներկա էր գտնվել Միլանում կայացած «Ատալանտա» – «Վալենսիա» հանդիպմանը, վարակված է կորոնավիրուսով: Նշվում է, որ երկրպագուն անցել է նախնական հետազոտություն եւ այժմ պետք է մեկնի Մադրիդ վերջնական բուժզննում անցնելու եւ բուժվելու համար: Հավելենք, որ Իսպանիայում սա կորոնավիրուսի 14-րդ դեպքն էր: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իտալիայի առաջնության հաջորդ տուրի բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց երկրպագուների կորոնավիրուսից պաշտպանվելու համար:
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ
Կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումներից եւս մեկը: Անգլիական «Մանչեստեր Սիթին» դրսում 1:2 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Տանտերերից 60-րդ րոպեին հաշիվը բացեց Իսկոն, սակայն մանչեստերցիները կարողացան աչքի ընկնել 2 անգամ ու պատասխան խաղից առաջ ստանալ զգալի առավելություն: Պեպ Գվարդիոլայի թիմից իրենց անունները լուսատախտակին վառեցին Գաբրիել Ժեժուսը (78‘) եւ Կեւին Դե Բրույնեն (83‘,11մ): Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին:
ԽԱԽՏԵԼ Է ԿԱՆՈՆՆԵՐԸ
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է մասնակցել թիմի մարզմանը եւ նշել, որ հանգստի կարիք ունի. այս մասին տեղեկացնում է L’լquipe-ն: Բրազիլացին բաց էր թողել ֆրանսիայի առաջնության՝ «Դիժոնի» դեմ հանդիպումը եւ հաջորդ օրը հրաժարվել գնալ մարզման: Ըստ աղբյուրի՝ Նեյմարի պահվածքի պատճառն այն է, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Դիժոնի» դեմ խաղից հետո նշել էր , որ բրազիլացին կարող է պատրաստ չլինել խաղին: Այնուամենայնիվ, Նեյմարը խաղաց «Բորուսիայի» դեմ եւ դարձավ գոլի հեղինակ:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ