ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, պարզվում է, որոշել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզն իրականացնել երկու մարզում, այնուհետեւ Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բադալյանը հայտարարեց, որորոշել է նախ գնալ Լոռու մարզ, այնուհետեւ Տավուշի մարզի իր հայրենական գյուղ, այնուհետեւ մայրաքաղաքում քարոզչություն իրականացնել: Հետաքրքիր այն է, որ չնայած այն հանգամանքին, որ պլանավորված էր, թե երեկվանից՝ մարտի 2-ից, հայրենի իշխանավորները լծվելու են «ԱՅՈ»-ի քարոզչությանը, բայց կրկին որեւէ քարոզչություն չի իրականացվում: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները այդ հարցում դեռեւս անգործության են մատնված:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ՝ պարզելու համար, թե այժմ ինչ է արվում հանրաքվեի քարոզչության իրականացման հարցում:
-Տիկի՛ն Բադալյան, փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը: Դուք՝որպես իշխանական պատգամավոր,ի՞նչ եք արել ուի՞նչ եք պատրաստվում իրականացնել քարոզչության իրականացման ժամանակահատվածում:
-Ես պլանավորել եմ, որ ես պետք է լինեմ Լոռու մարզում քարոզչության ընթացքում: Իմ պատկերացմամբ՝ այդպես էի ընտրել, որպեսզի այնպիսի մարզ լինի, որպեսզի ես արմատներով այնտեղից չեմ ոչ մի կողմից, այսինքն՝ տեղյակ չեմ խնդիրներից, ծանոթներ, բարեկամներ կտանեն, որպեսզի խնդիրները տեղում իմանամ, գնալու եմ այնտեղ: Եւ այդպիսով ընտրել եմ Լոռու մարզը: Բայց միեւնույն ժամանակ Տավուշի մարզից, որտեղ ես չգնացի, բայց արմատներով այնտեղից եմ, եւս երեկվանից մարզպետը անընդհատ խոսում ենք միմյանց հետ, եւ ասում է, որ կարիք կա, որպեսզի այստեղ էլ ձեր գյուղ կամ հարակից գյուղեր այցելելու համար: Կարիք կա ոչ թե այն առումով, որպետք է «Այո» բերել կամ… Այսինքն՝ կարիք կա, որովհետեւ այն շատ հեռու է, եւ հնարավոր է՝ուրիշ մեկը չհասցնի գնալ, եւ ճանապարհները մի քիչ բարդ են: Բայց որ այն իմ գյուղն է, ես շատ լավ գիտեմ՝ այնտեղ ինչպես պետք է հասնեմ: Սա է խնդիրը:
-Եւ պատրաստվո՞ւմ եք գնալ Ձեր գյուղ քարոզչություն իրականացնելու նպատակով:
-Այո, իհարկե պատրաստվում եմ գնալ, այսինքն՝ այդպես միանշանակ չի լինելու, այսինքն՝ պապիկիս, տատիկիս գյուղը կա, սահմանամերձ գյուղեր են: Այսինքն՝ այսպես ստացվեց, օր օրի մի բան փոխվում է: Հիմնականում կլինեմ Լոռիում, Տավուշում, Երեւան լինելու ժամանակահատվածում Երեւանի քարոզարշավին կմասնակցեմ:
-Բայց եթե Լոռու մարզի խնդիրներին ծանոթ չեք, հանրությունը Ձեզ ծանոթ չէ, դժվար չի՞լինելու այնտեղ քարոզչություն իրականացնել, մարդկանց համոզել, որ հանրաքվեին «ԱՅՈ» ասեն:
– Ծանոթ է, թե ծանոթ չէ.. այսինքն՝ ես ծանոթին պետք է համոզե՞մ, որ գա ինձ համար «Այո» ասի, թե՞ ես պետք է հիմնավորեմ, թե ինչու պետք է «Այո» ասեն:
-Ձեր թիմի անդամներն են հայտարարել, որ իրենք այն շրջաններում են քարոզչություն իրականացնելու, որտեղիրենց ճանաչում են, օրինակ՝ձեր խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը քարոզչություն է իրականացնելու Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, քանի որ, ըստ իրեն, այնտեղ իրեն լավ գիտեն, վստահում են:
-Մենք հենց պետք է հասնենք նրան, որպեսզի մարդը ոչ թե ծանոթով վստահի կամ չվստահի, այլ ուղղակի մարդկանց կրթական ցենզը այնքան բարձր լինի, որպեսզի ինքըլսի հիմնավորումները եւ,ըստ դրա,որոշի՝քո հիմնավորումները իրեն բավարարում է, թե հիմնավորումները իրեն չի բավարարում: Ծանոթ է, թե ծանոթ չի, դեմքը իրեն դուր է գալիս, թե դուր չի գալիս եւ այլն, սրանք ինձ համար մի քիչ ցածր խոսակցություններ են:
-Ըստ Ձեզ՝ ապրիլի 5-ին ի՞նչ արդյունք եք ունենալու, արդյոք «Այո՞» է հանրությունը ասելու հանրաքվեին: Արդեն հրապարակվել են «Այո»-ի պաստառները, քարոզչական բուկլետները, դրանք ինչ-որ չափով հանրությանը բաժանվել են ՀՀ վարչապետի միջոցով, ի՞նչ արձագանքներ ունեք:
-Գիտեք ինչ, ես, ամեն դեպքում, չեմ հասկանում, թե քարոզչական պաստառը, նկարը, երգը.. Մի՞թե դրանք պետք է որոշիչ լինեն հանրության կարծիքի ձեւավորման կամ իր կամարտահայտման համար: Դրանք չպետք է լինեն որոշիչ, պետք է լինեն հիմնավորումները, հետեւաբար քարոզչությունը ակտիվ դեռեւս սկսված չի, չնայած մենք քարոզարշավի շրջանի մեջ ենք գտնվում: Քարոզչության ակտիվ փուլը դեռեւս սկսված չի, բայց բացատրական աշխատանքներ տարվում են, եւ կարծում եմ, որ սա իրականում այնքան պարզ հարց է, որ շատ երկար բացատրելու կարիք էլ չկա, շատ երկար պայքարելու կարիք էլ չկա, ես կանխագուշակություններ չեմ անի՝ինչ է լնելու: Անկանխատեսելի է, քանի որ ես ինքս չգիտեմ, թե ինչ է լինելու, բայց մի բան հաստատ գիտեմ, որ մենք որոշել ենք, որպետք է ժողովուրդը որոշի: Ժողովուրդը ինչ էլ որոշի, դա ընդունելու ենք՝ ի գիտություն:
-Քարոզչություն իրականացնելու ժամանակահատվածում ի՞նչ եք ներկայացնելու, արդյոք ասելո՞ւ եք, որ այս հանրաքվեն իրականացվելու է մեկ անձից՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու համար, ինչպես հայտարարում է ընդդիմությունը: Ի՞նչ եք քարոզելու:
-Դուք կարծում եք, որ ընդդիմությո՞ւնը ինձ համար պետք է ստեղծի օրակարգ եւ ինձ ասի, թե ես ինչի համար եմ պայքարում: Այդ դեպքում ես կարծում եմ, որ Դուք թերագնահատում եք թե՛ ինձ, թե՛մեր թիմի անդամներին: Ընդդիմությունը շատ բան կարող է ասել, ընդդիմությունը անընդհատ բաներ է ասում, որոնք իրականությանը բացարձակ չեն համապատասխանում, դա իրենց գործն է: Սա մեկ անձի դեմ չէ, սա դեռ այն սկզբնական քայլն է բոլոր այն բարեփոխումների, հատկապես՝ դատական համակարգի անկախացման, որոնց հիմնական քայլը լինելու է ապրիլի 5-ին:
-Իսկ երբվանի՞ց եք սկսում ակտիվ քարոզչությունը:
-ԱԺ հերթական նստաշրջանի ավարտից հետո:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ