Իջեւանի բնակչուհի, 1981թ.ծնված Նարա Ղազումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանին ներկայանալով իբրեւ «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացվող ծրագրերի պատասխանատու, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով Կ.Դարբինյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 97 միլիոն ՀՀ դրամին համարժեք 200 հազար ԱՄՆ դոլար: Սույն գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2018թ.օգոստոսի 27-ին:
Դատաքննության ընթացքում Ն.Ղազումյանը ցուցմունք է տվել, սակայն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Տուժող Կարեն Դարբինյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2012թ.սեպտեմբերից հանդիսանում է Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավարը, 2016թ.դեկտեմբերի 28-ին իր բջջային հեռախոսահամարին զանգահարել է Նարա Ղազումյանը, ներկայացել որպես «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության Լոռու եւ Տավուշի մարզերի պատասխանատու անձ, առաջարկել Չինչին համայնքը ներառել կազմակերպության կողմից իրականացվող առողջապահական, անասնապահական, շինարարարական եւ ջերմոցների կառուցման ծրագրերի ցանկում, որի համար անհրաժեշտ է կատարել մասնակցության վճար՝ 500 հազար դրամի չափով: Որպես իր խոսքերի հիմնավորում՝ նա նշել է, որ նախկինում իրենք այդ գյուղում առողջապահական ծրագրեր են իրականացրել:
Կ.Դարբինյանը այդ հեռախոսազանգից հետո զանգահարել է Չինչին գյուղի բուժքույրին, որը հայտնել է, որ այդ կազմակերպության եւ Նարա Ղազումյանի մասնակցությամբ կատարվել է գյուղի բուժկետի վերանորոգումը, գյուղացիների համար իրականացվել են առողջապահական տարբեր ծրագրեր:
Կ.Դարբինյանը համացանցի միջոցով ստուգել է Նարայի նշած կազմակերպությունը՝ տեսնելով, որ այդ կազմակերպությունը իրականում գոյություն ունի, Նարա Ղազումյանի անուն-ազգանունը նշված է աշխատակիցների ցանկում, համաձայնվել է 500 հազար դրամ ներդնել: Հետագայում՝ զրույցի ընթացքում, Նարան առաջարկել է ավելի մեծ գումարներ ներդնել՝ բացատրելով, որ ինչքան մեծ լինի ներդրված գումարը, այնքան մեծ կլինեն կատարվող աշխատանքները: Կ.Դարբինյանը,բարեկամներից, ընկերներիցպարտքերվերցնելով, գումարները տվել է Ն.Ղազումյանին:
Կ.Դարբինյանը դատարանին խնդրել է միջոցներ ձեռնարկելու իր՝ 182 հազար 800 ԱՄՆ դոլարի չափով պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Ն.Ղազումյանի մեղքը դատարանում ապացուցվել է նաեւ վկաների ցուցմունքներով: 2020թ.փետրվարի 7-ին Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ն.Ղազումյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, Ն.Ղազումյանից հօգուտ Կարեն Դարբինյանի բռնագանձել 182 հազար 800 ԱՄՆ դոլար՝ որպես տուժողին պատճառված նյութական վնաս, քաղաքացիական հայցի ապահովման համար արգելանք դնել Ն.Ղազումյանի անշարժ եւ շարժական գույքի վրա` մինչեւ պատճառված վնասի հատուցումը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ