Դեռևս 2012 թվականից «Հիդրոապարատ» ընկերության բաժնետերերը բարձրաձայնում և բողոքում էին կոռուպցիոն գործարքների և թալանի մասին: Տարիներ շարունակ նրանք փորձում էին իրենց ձեռքի տակ եղած փաստերով ապացուցել, որ բարձրաստիճան պաշտոնյաների և գործարանի ղեկավարության համաձայնությամբ տարիների ձեռքբերումն ու չարչարանքը ընկնում է ջուրը: Սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին՝ նրանց խնդրին լուծում չէր տալիս ոչ դատախազությունը, ոչ որևէ այլ իրավասու պետական կառույց:
Եվ ահա, այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ 2009-2016 թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ վերադասի ազգականներին նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով։
Մասնավորապես, հիշյալ պաշտոնատար անձն իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ շուրջ 80 միլիարդ դրամի պարտավորությունների դիմաց տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով իրացումը ՊԵԿ նախագահի ազգականների մասնակցությամբ հիմնադրված ընկերությանը, ինչպես նաև իր գործողություններով ազատել է այդ ընկերությունը 5 միլիոն եվրոյին համարժեք ներդրում կատարելու պարտավորությունից:
Բացի դրանից, իմանալով, որ վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների կողմից օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը 6 միլիոն դոլարի չափով փոխառություն է տրամադրել տնտեսվարող սուբյեկտի, որի գույքերի վրա չկատարած հարկային պարտավորություններն ապահովելու նպատակով դրվել է արգելանք, համապատասխան հարկային տեսչության պետին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կիրառված արգելանքները վերացնելու ուղղությամբ։
Արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 125 միլիոն դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 միլիարդ դրամի նյութական վնաս:
Սույն պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Եվ այսպես, «Հիդրոապարատ» ընկերությունը ստեղծվել է 1994 թվականին մի գործարանի հիման վրա, որը գործում էր Ջրվեժի Բանավան թաղամասում, ժամանակին 15 հա տարածք էր զբաղեցնում, խորհրդային տարիներին բեռնիչների մասեր արտադրում: Անկախությունից հետո գործարանը սեփականաշնորհվել էր: Այդ ժամանակ ընկերության 65 տոկոս բաժնեմասը պատկանել է պետությանը, մնացածը՝ գործարանի աշխատողներին: Սակայն 1998-ին պետությունն իր բաժնեմասն օտարել է ԱՄՖ ՍՊԸ-ին 100 միլիոն դրամով:
Վերջինս պարտավորվել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել, ստեղծել 206 աշխատատեղ և այլն: Ներդրումը չի կատարվել, փոխարենն անձնական պարտքերի դիմաց ԱՄՖ ՍՊԸ-ն ընկերության ամբողջ գույքը՝ շենք-շինություններ, թանկարժեք հաստոցներ, մեքենա-սարքավորումներ և այլն, գրավադրել է «Հայգազարդ» պետական ՓԲԸ-ում:
Ըստ երևույթին՝ ԱԱԾ բացահայտման հիմքում հենց ԱՄՖ ՍՊԸ-ն է, իսկ այդ ժամանակ նախարարը Գագիկ Խաչատրյանն էր, ում ազգականներին էլ, ամենայն հավանականությամբ՝ պատկանել է ընկերությունը: Դժվար է ասել, թե այդ ժամանակ ո՞ր փոխնախարարն է փորձել լավություն անել վերադաս նախարարի ազգականներին՝ հայտնվելով մեղադրյալի աթոռին, սակայն կարիք չկա պայծառատես լինել՝ հասկանալու համար, որ առանց վերադասի հանձնարարության կամ թողտվությամբ նման գործ ենթական չէր անի:
Այդուհանդերձ, ԱԱԾ հաղորդագրությունում այդ մասին չի նշվում: Գուցե, նախաքննության ընթացքում հանգամանքներ փոխվեն, վաղ է ասել:
Հարկ կա նշելու նաև, որ «Հիդրոապարատ» ԲԲԸ բաժնետերերը ժամանակին բարձրաձայնում էին, որ ընկերությունում կատարվել ու կատարվում են առանձնապես խոշոր չափերի յուրացումներ:
«Վարույթն իրականացնող մարմիններին ներկայացվել են բազմաթիվ փաստեր և ապացույցներ` սկսած 1996թ. ընկերությունում կատարվող առանձնապես խոշոր չափերի հասնող անօրինական ու հանցավոր գործունեության մասին, փաստաթղթային և կադաստրային կեղծիքների մասին, պետությանը և բաժնետերերին պատկանող գույքի և հողի ապօրինի օտարումների մասին:
«Հիդրոապարատ» ԲԲԸ 65 % -ի սեփականատերը էներգետիկայի նախարարությունն է, իսկ 35 %-ը` բաժնետերերինը: 1998 թվականին «ԱՄՖ» ընկերությունը պետությունից ձեռք է բերել «Հիդրոապարատ» ԲԲԸ-ն, սակայն ներդրումներ չկատարելու հետևանքով, ինչը որ նախատեսված էր պայմանագրով, չի կատարել ու պարտքի դիմաց պետությունը հետ է վերցրել: Սակայն այժմ պետությունը որևէ քայլի չի դիմում, որպեսզի կարողանան վերականգնեն կորուստները:
Դիմել ենք նաև դատախազություն, սակայն Հատուկ քննաչական վարչությունից մերժել են հայցի քննությունը` պատճառաբանությամբ, թե իրենց ֆիզիկական, բարոյական վնաս չի հասցվել: Եթե վերականգնվեն կորուստները, ապա ինչպես պետական բյուջե, այնպես էլ մենք՝ որպես բաժնետեր, մեծ գումարներ կստանանք: 2000-2012թթ ամբողջ ընկերությունը մատնվել է անգործության՝ ոչ ներդրում էին կատարում, ոչ էլ աշխատացնում էին, միայն թաքցնում էին տնօրենի թալանի փաստերը, իրավապահ մարմիններն էլ հրաժարվեցին քր գործ հարուցել։ Ավելի ուշ ընկերությունը ծառայություններ է մատուցել «ՍԻՍԻԱՆԻ ԲՈՒԱՏԻՆ», որը ինչպես հայ»,- հայտարարում էին «Հիդրոապարատ» ԲԲԸ բաժնետերեր Նելլի Հակոբջանյանը և Շուշան Գրիգորյանը:
Նշենք, որ 2000 -2004թթ «Հիդրոապարատ» ԲԲԸ ամբողջ գույքը ներդրողի կողմից, տնօրենի հետ համատեղ, «Նաիրիտ» գործարանի պարտքի դիմաց գրավադրվել է «Հայգազարդ» Պետական ՓԲԸ-ում։
Ըստ բաժնետերերի՝ ապապետականացման և հետագա սեփականաշնորհման գործընթացները կատարվել են 1994թ-ից սկսած: Սեփականաշնորհման նախարարություն ներկայացված բոլոր փաստաթղթերը կեղծվել են գործարանի երկարաժամկետ պաշտոնավարած Մհեր Աշուղյանի և գլխ. հաշվապահ Վարդանյանի կողմից:
«Կեղծվել են նախկինում կնքված պետական բոլոր պայմանագրերը, անձամբ ինքը՝ տնօրենը, խախտելով ՀՀ կառավարության որոշման ժամկետները, փայ է մտել՝ ձեռք բերելով արժեթղթեր եւ գույք: Հետագայում նույնպես շարունակվել է նյութական արժեքների ինտենսիվ թալանը: Մենք՝ բաժնետերերս, տեսնելով եւ մտավախություն ունենալով, որ կկորցնենք ընկերությունը, սկսեցինք 2007թ-ից մեր բաժնեմասերով, 200 հոգով առանձնացման գործընթացը: Մեծ բաժնետերը՝ ՀՀ Էներգետիկայի նախարարության տնօրինության տակ գտնվող «Հայգազարդ» ՊՓԲԸ-ն տվեց իր համաձայնությունը, հրավիրեցինք անկախ գնահատող, եւ գնահատման արդյունքում բացահայտվեցին կոպիտ եւ շատ խոշոր չափերի հասնող կեղծիքներ, յուրացումներ եւ այլն»,- հայտարարում էին տուժած բաժնետերերը, ապա շարունակում. «Կատարված կեղծիքների մասին՝ սկսած 2007թ., բազմիցս բարձրաձայնել ենք, տվել ենք ցուցմունքներ, հաղորդումներ, կատարել ենք առերեսում տնօրենի հետ: Մեր բոլոր փաստարկները ամրագրված են ՀՀ գույքի վարչությունից, ազգային արխիվից և «Հանարդնախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված փաստաթղթերով և գծագրերով:
Արարքները կոծկելու նպատակով տնօրենը կազմել է ընկերության գործունեության վերաբերյալ քաղաքացիա-իրավական ակտ՝ փաստաթղթերը վերացնելու վերաբերյալ, որի տնօրինությունը հաստատում է Ամատունի Վիրաբյանը /ՀՀ ազգային արխիվի տնօրենը/: Բազմաթիվ բողոքներից հետո իրավապահ մարմինները ստեղծել են իրավիճակ հանցագործությունը չբացահայտելու ուղղությամբ: Քր. գործի հարուցման մերժումը բարդում են մեր վրա՝ բոլորովին չմտահոգվելով պետական գույքի ճակատագրով: Քննչական մարմինների կողմից քննությունը կատարվել է միակողմանի եւ սուբյեկտիվ կողմնորոշմամբ: Մեր հաղորդումները հանդիսանում են հիմք քր.գործի հարուցման համար:
Քանի որ մենք արդեն ունենք մտավախություն, որ ընկերությունը տանում են սնանկության եւ փոշիացման, ուստի խնդրում ենք՝ առանձնացրեք ՀՀ պետության կողմից մեզ՝ բաժնետերերիս նվիրած մասնաբաժինը 1994թ դրությամբ եւ վերադարձրեք մեզ մեր ներդրման հետ միասին»:
Դե ինչ, մնում է սպասել նախաքննության ընթացքին՝ հուսալով, որ իրավապահները կբացահայտեն կոռուպցիոն սխեման ինչպես որ էր:
ՏԱԹԵՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ