ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջան 2/5 շենքի բնակիչները: Բանն այն է, որ նույն շենքի 21 բնակարանում շների առկայությունն անհանգստացնում և խանգարում է բնակիչների անդորրը:
Շենքի բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ 21 բնակարանում տնային պայմաններում պահվում է երկու շուն, որոնք առավոտից մինչև ուշ երեկո ոռնոցներ են արձակում՝ անհանգստություն պատճառելով բնակիչներին:
«Ես՝ ինքս ունեմ մանկահասակ երեխա, երեխան շան հաչոցներից վախենում է, չի կարողանում քնել, վախեցած վեր է կենում: Արդեն տևական ժամանակ է՝ այս խնդրի առաջ ենք կանգնած: Շները պահվում են ոչ հիգենիկ պայմաններում, տանից դուրս են հանում առանց հատուկ դնչկալների, առանց տարրական հիգիենան պահպանելու: Փորձել ենք տարբեր միջոցներով լեզու գտնել բնակիչների հետ, սակայն ապարդյուն»,-պատմեց բնակչուհին:
Բնակիչների խոսքով՝ շուրջ մեկ ամիս է, ինչ դիմել են տարբեր պատկան մարմիններին՝ ՀՀ ոստիկանությանը, Ավան վարչական շրջանի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, սակայն բնակիչների ձայնը ոչ մի տեղ լսելի չէ:
«Ի վերջո, մենք՝ բնակիչներս, ո՞ւմ պետք է դիմենք, ո՞վ պետք է մեր հարցին լուծում տա: Ո՞նց կարելի է այսքան անտարբեր լինել»,-հավելեցին բնակիչները:
Նշենք, որ բնակիչները նաև ստորագրահավաք են անցկացրել, դիմում-բողոք ներկայացրել Ոստիկանություն, սակայն մինչ այսօր սայլը տեղից չի շարժվում:
Լիդա Եղիազարյան