ԵՐԿՈՒ ՍՈՒՊԵՐԿԼԱՍԻԿՈՆԵՐՆ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել եվրոպական ֆուտբոլի «վիկենդի» թոփ 5 առաջնությունների կենտրոնական հանդիպումները: Այսօր եւ վաղը կկայանան առաջնությունների հերթական տուրերը: Մենք դրանցից առանձնացրել ենք գլխավոր 5-ը:

 

 

Գերմանիայի Բունդեսլիգա
Գերմանիայի առաջնությունում շարունակվում է չեմպիոնական պայքարը: Արդեն անցել է 23 հանդիպում, սակայն առաջատար «Բավարիան» երկրորդ տեղում գտնվող «Լեյպցիգից» առաջ է ընդամենը 1 միավորով: Բունդեսլիգայի 21-րդ տուրից առանձնացրել ենք այսօր կայանալիք «Հոֆենհայմ» – «Բավարիա» հանդիպումը: Սարգիս Ադամյանի թիմը տանը կհյուրընկալի Գերմանիայի գործող չեմպիոնին: Ցավոք, Ադամյանը վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում այլեւս խաղադաշտ դուրս չի գա, սակայն դա չի նշանակում, որ «Բավարիային» հեշտ հանդիպում է սպասվում: Առաջնության առաջին հատվածում կայացած խաղում «Ալիանս արենայում» «Հոֆենհայմը» հաղթել է «Բավարիային» 2:1 հաշվով՝ Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ: Այս խաղը միանշանակ իր ազդեցությունը կթողնի չեմպիոնական պայքարի վրա: «Հոֆենհայմը» 8-րդն է 34 միավորով, իսկ բավարացիները առաջատարն են իրենց ակտիվում գրանցած 49 միավորով: Տանտերերից, ամենայն հավանականությամբ, խաղին մասնակցել չեն կարողանա Իլհաս Բեբուրը եւ Մունաս Դեբուրը, իսկ «գերմանական մսաղացից» խաղի մասնակցությունը հարցականի տակ է Կոմանի, Լեւանդովսկու եւ Պերիշիչի համար: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:
Ֆրանսիայի Լիգա 1
Ֆրանսիայի առաջնությունում, ինչպես միշտ, չկա չեմպիոնական պայքար: ՊՍԺ-ն երկրորդ տեղում հանգրվանած «Մարսելից» առաջ է պոկվել 13 միավորով: Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար պաքարը սրված է: 3-րդ տեղում է «Լիլը», որն ընդամենը 4 միավորով է առաջ «Մոնակոյից»: 27-րդ տուրից առանձնացրել ենք «Նանտ»-«Լիլ» հանդիպումը: «Դեղինները» տանը միշտ էլ հաջող են հանդես գալիս եւ կարող են կոտրել մոնեգասկեցիների թափը: Եթե «Նանտը» հաղթի այս խաղում, ապա կմտնի չեմպիոնլիգյան ուղեգրի պայքարի մեջ: «Նանտից» հանդիպումը բաց կթողնի Ռենուադ Էմոնդը, իսկ «Լիլը» նշանակալի կորուստներ չունի: Ֆավորիտը, ամեն դեպքում, «Լիլն» է, սակայն՝ ոչ բացահայտ: «Դեղինները» 11-րդն են 37 միավորով: Խաղը կկայանա վաղը` մարտի 1-ին, եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

 

 

 

 

Անգլիայի Պրեմիեր լիգա
Չեմպիոնական պայքար այստեղ նույնպես չկա, բայց «Մանչեստեր Սիթիի» որակազրկումից հետո սրվել է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարը, քանի որ այս պահին 5-րդ հերիզոնականը նույնպես պարգեւում է այդ ուղեգիրը: 28-րդ տուրում 5-րդ տեղում գտնվող «Մանչեստեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Էվերտոնին»: Անչելոտիի թիմը ունի 36 միավոր եւ ընդամենը 5 միավորով է հետ «Կարմիր սատանաներից»: Մանկունյանցիները վերջին շրջանում լավ թափ են հավաքել եւ չեն պարտվում արդեն 7 խաղ անընդմեջ: «Էվերտոնն» էլ իր հերթին Պապա Կառլոյի գլխավորությամբ քիչ-քիչ ձեռք է բերում հստակ խաղային ձեռագիր, դրան էլ գումարած՝ տան պատերը, եւ մերսիսայդյան ակումբը կարող է դառնալ անկասելի: «Էվերտոնից» հանդիպմանը կարող է չմասնակցել Տեո Ուոլկոտը, իսկ մանչեստերցիներից` Անտոնի Մարսիալը: Հանդիպումը կկայանա վաղը եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

 

 

 

Իտալիայի Ա սերիա
Արդեն հասանք «վիկենդի» գլխավոր զարդերից մեկին: Գարնան առաջին օրը Թուրինի «Ալիանս ստեդիումում» կկայանա իտալական ամենահին դերբիներից մեկը` իտալական սուպերկլասիլոն` «Յուվենտուսն» ընդդեմ «Ինտերի». երկու թիմ, որոնք պայքարում են չեմպիոնական տիտղոսի համար, երկու թիմ, որոնց համար այս խաղում պարտվելը հավասարազոր է մահվան, եւ խաղ, որը համարվում է 6 միավորանոց: «Իտները» «Ծեր Սինյորայից» կորցրած միավորներով հետ է 3 միավորով եւ այս խաղում պարտվելու դեպքում կարող է եւ մոռանալ Սկուդետոյի մասին: «Յուվեն» օրեր առաջ զիջեց «Լիոնին» Չ/Լ-ի 1/8 եզրափակչի շրջանակներում. այս խաղում ձախողման դեպքում Մաուրիցիո Սարին կարող է չներվել:
Թիմերը խաղին մոտենում են առանց նոր կորոսուտների. «Յուվեից» կբացակայեն Դուգլաս Կոստան եւ Մերիհ Դեմիրալը, իսկ «Ինտերից»՝ Գալյարդինին ու Սենսին, հարցականի տակ է նաեւ Սամիր Հանդանովիչի մասնակցությունը: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

 

 

 

Իսպանիայի Լա լիգա
Շաբաթվա գլխավոր իրադարձությունը կկայանա Մադրիդի «Սանտիագու Բերնաբեու» մարզադաշտում: Այցելության է գալիս սուպերկլասիոն. «Ռեալ Մադրիդը» ընդունում է «Բարսելոնային»: Դարավոր թշնամիները կրկին կհանդիպեն միմյանց: Այս ֆանտաստիկ հանդիպումը ոչ միայն սկզբունքային է, այլ նաեւ կարող է դառնալ չեմպիոնական: Թիմերը գտնվում են միմյանց հարեւանությամբ. առաջատարը «Բարսելոնան» է` 55 միավորով, եւ «Ռեալից» առաջ է պոկվել 2 միավորով: Ֆավորիտը համարվում են մադրիդցիները, բայց բոլորս էլ լավ գիտենք` կլասիկոներում ֆավորիտ չկա: «Ռեալից» խաղին մասնակցել չեն կարողանա Էդոն Ազարը, Ռոդրիգոն եւ Մարկո Ասենսիոն, իսկ կատալոնացիներից` Լուիս Սուարեզը, Ժորդի Ալբան, Սերժի Ռոբերտոն ու Ուսման Դեմբելեն: Հանդիպումը կկայանա մարտի 1-ին եւ կմեկնարկի 24:00-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս