Թույլտվությւոն չունեն, բայց մտադիր են հանք շահագործել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքում կարող է ոսկու հանքավայր շահագործել հունվարի 9-ին գրանցված «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ն: Այն գրանցվելուց մի քանի օր հետո դիմել է Վայքի եւ Զառիթափի գյուղապետարաններ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Եվ, ահա, լուրեր են շրջանառվում, որ այս նորաստեղծ «Վայկ Ինվեստ» ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվությունը կորցրած նախկին «Վայք Գոլդ»-ի հետ փոխկապակցված է։ Եվ ուշագրավ է, որ «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնության անդամները 500 ստորագրություն են հավաքել, փոխանցել են Վայքի ավագանու անդամներին եւ պահանջում են տարածքում արգելել մետաղական հանքարդյունաբերության տարածումը ու այն էկոտնտեսական տարածք հռչակել: Բայց, չնայած դրան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 28-ի նիստում ավագանին որոշել է տալ նախնական համաձայնություն՝ Վայք համայնքի Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն փաստաթղթեր ձեռք բերելու մասով:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին «Վայկ Ինվեստ» ընկերության տնօրեն Վահե Մալխասյանը փոխանցեց, որ ընդերքօգտագործման թույլտվություն չունեն: Նա նշեց, որ թույլտվություն ստանալու համար դեռ 3-4 ամիս ճանապարհ ունեն անցնելու: «Փորձելու ենք աշխատել, կստացվի՝ կաշխատենք, չի ստացվի՝ չենք աշխատի, կփորձենք ուրիշ բիզնեսով զբաղվել»- նշեց Վ. Մալխասյանը: Նկատենք, որ ընկերության ներկայացուցիչները խոստացել են՝ հանքավայրի շահագործման արդյունքում 250-300 աշխատատեղ կբացվի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս