Առաջիկայում Ազգային ժողովում պետք է քննարկվեն կառավարության ծրագրի՝ 2019 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները: Այս նախագիծը փետրվարի 26-ին հաստատվել էր կառավարության նիստում եւ առաջիկայում կքննարկվի նաեւ խորհրդարանում: Եվ ուշագրավ է, որ կատարողականի նախագծի հենց սկզբում ընդգծված է այն հանգամանքը, որ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր: Գաղտնիք չէ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կես տարի է աշխատել, եւ,ըստ էության, տարեվերջին գրանցած արդյունքներն ամբողջովին իրենց կատարած աշխատանքի արդյունքը չէին, ինչպես նաեւ բացասական արդյունքների պարագայում հաշվի էր առնվում հենց այդ հանգամանքը:
Եվ, ահա, կառավարության ծրագրի կատարողականի մեջ ընդգծված է, որ գրանցվել է 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է՝ նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների, հարեւան բոլոր երկրների եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Կառավարությունը աճ է գրանցել նաեւ օտարերկրյա ներդրումների ներհոսքի առումով: Ըստ այդմ, 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2.2 միլիարդ դոլար, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի է 465 միլիոն դոլարով կամ 27.2 %-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41.3 %-ով:
Կատարողականում մեծ տեղ է հատկացված նաեւ կոռուպցիայի դեպ պայքարին: Եվ, ահա, այդ ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործերից 120-ը կամ 24%-ը եղել են կոռուպցիոն գործունեության դեմ ուղղված քրեական գործեր։ «Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.9 մլրդ դրամ: 2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեումքննվող գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1.085 միլիարդ դրամ գումար, որը 2018 թվականին վերականգնված 940 միլիոն դրամ գումարից ավելի է 15%-ով, իսկ 2017 թվականի վերականգնված 193 միլիոն դրամ գումարից՝ 462%-ով: Իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին պատճառված վնասից հաշվետու տարում վերականգնվել է 732 միլիոն դրամ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած գործողություններիշնորհիվ՝ 2019 թվականին պետությանը, կազմակերպություններին եւ անձանց հասցված վնասից վերականգնվել է շուրջ 652 միլիոն դրամ: 2019 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1,280 դեպք», – ասված է կատարողականում:
Կատարողականի մեջ ամեն ինչ նկարագրված է շատ մանրամասն, եւ այն խորհրդարանում կներկայացնի եւ անձամբ հարցերին կպատասխանի հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան