Հուսով եմ՝ սա իմ վերջին քաղաքական երգը կլինի. Հայկ Ստվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թավշյա հեղափոխության հիմնի՝ «Քաղաքացու երգի» եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի ճակատի ոչ պաշտոնական հիմնի՝ «Ասում եմ այո» երգի հեղինակ, կատարող Հայկ Ստվերն է: Նա պատմել է վերջին շրջանում իր անձին ուղղված քննադատությունների, երգարվեստի հետ կապված նպատակների մասին: Մենք խոսել ենք նաեւ երգչի բնավորության առանձնահատուկ գծերի ու սովորությունների մասին:

-Հա՛յկ, օրը լավ սկսելու համար Ձեզ հարկավոր է…

-Մի բաժակ ջուր:

-Ձեզ միանգամից վստահություն է ներշնչում այն մարդը, որը…

-Բարի է, պոզիտիվ:

-Առաջնային կարեւորություն եք տալիս մարդու անկեղծությա՞նը, թե՞ ինտելեկտին։

-Ամեն դեպքում, ինտելեկտին, որովհետեւ եթե մարդը անկեղծ է, բայց հիմար, ինձ հետաքրքիր չէ:

-Պետք է կարողանալ ասել «ոչ» այն ժամանակ, երբ…

-Գան սահմանադրական ընտրությունները (ծիծաղում է)

-Հարց, որը միշտ տանջում է Ձեզ։

-Հիմնականում ինձ տանջում են ապագայի հետ կապված հարցեր, մտածում եմ՝ իսկ ինչ կլինի հետո:

-Նախընտրում եք նվերը պատվիրե՞լ, թե՞ որ Ձեզ անակնկալ անեն։

-Պատվիրելն է ցանկալի:

-Ձեզ ձանձրացնում են մարդիկ, որոնք…

-Մոռանում են, որ ինչ-որ բան ասել են, ու կրկնում են:

-Ավելի շատ սրտնեղում եք դատարկությունի՞ց, քաոսի՞ց, թե՞ անորոշությունից։

-Դատարկությունից:

-Ավելի շատ վերլուծո՞ւմ եք, թե՞ ապրում։

-Վերլուծելու պրոցեսն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում:

-Չի սխալվում նա, ով…

-Ոչինչ չի անում:

-Ձեր երկրորդ ծնունդը կարելի է համարել…

-Բանակից վերադարձս տուն:

-Պետք է լռել այն պահին, երբ…

-Ստիպված ես դառը ճշմարտություն ասել:

-Սովորաբար ընտրում եք սիրելի՞ն, թե՞ պետքականը։

-Պետքականը:

-Ձեզ սովորաբար թիկունքից խփում են նրանք, ովքեր…

-Ինձ թիկունքից չեն խփել, չգիտեմ…Ես զգույշ եմ մարդկանց հետ:

-Վերջին շրջանում Ձեր մասին լսած մի բամբասանք ասեք:

-Սոցցանցի իմ էջում գրել էի, որ մասնակցել եմ «Դեպի Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին, բայց չեմ անցել: Շատերին թվացել էր, թե ես նեղվել եմ, նեղացել եմ: Բայց դա այդպես չէր:

-Ունե՞ք երգարվեստի հետ կապված մի նպատակ, որը դեռ չեք իրականացրել:

-Շատ կան այդպիսիք: Կցանկանայի մեծ պահանջարկով երգիչ լինել: Այդ երազանքս չի իրականացել:

-Ձեր արտաքին տեսքին շա՞տ եք ուշադրություն դարձնում:

-Ցավոք, ոչ: Համենայնդեպս, հագուստին ուշադրություն չեմ դարձնում եւ դրա համար մտերիմների կողմից հաճախ արժանանում եմ քննադատությունների:

-Մի բան, որ երբեք չէիք պատկերացնի, բայց դա Ձեզ հետ տեղի է ունեցել:

-Չէի պատկերացնի, որ թավշյա հեղափոխության հիմնը ես կգրեմ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձին ուղղված քննադատություններին եւ Ձեր մասին վատ մեկնաբանություններին:

-Ես գիտեմ, որ ֆեյքերը հատուկ գումար են ստանում՝ վատ մեկնաբանություններ թողնելու համար: Տեսնում եմ նմանատիպ վատ գրառումներ «Ասում եմ այո» երգի տակ: Ի դեպ, մեկնաբանությունները դիտումներից շատ են. դա վկայում է այն մասին, որ առանց դիտելու նեգատիվ բաներ են գրում:

-Եղե՞լ է մի պահ, որ զղջաք «Քաղաքացու երգը» կամ «Ասում եմ այո»-ն հեղինակելու կամ կատարելու համար:

-Չէ, չի եղել այդպիսի պահ: «Ասում եմ այո»-ն չընդունեցին այնպես, ինչպես թավշյա հեղափոխության երգը, արձագանքը միանշանակ չէր: Ես գիտեի, որ երկրորդը քննադատվելու էր: Դա սպասելի էր: Ամեն դեպքում, հուսով եմ, որ սա իմ վերջին քաղաքական երգը կլինի: Թե ինչպես կստացվի, չգիտեմ, բայց ես երգում եմ ամեն ինչի մասին, բայց ցավալի է, որ միայն քաղաքական թեմայով երգերն են դիտումներ հավաքում ու քննարկվում: Ցավալի է, որ մեր օրերում մարդկանց քաղաքականությունն ավելի է հետաքրքրում, քան արվեստը:

-Եվ վերջին հարցը՝ Ձեզ երջանիկ մարդ համարու՞մ եք:

-Կիսով չափ այո:

Աննա Բաբաջանյան




Լրահոս