«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարտի 23-ին Երեւանի պետական համալսարանում թեժ իրավիճակ է սպասվում: Այդ օրը ԵՊՀ խորհրդի նիստում պետք է ԵՊՀ ռեկտորի թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ օրն էլ պետք է խորհուրդը արդեն ընտրի ԵՊՀ ռեկտորին։ Կարծես թե, ներկայացված թեկնածուներն այնքան էլ համապատասխան չեն, ինչի համար դեռեւս անհասկանալի է, թե, ի վերջո, ԵՊՀ-ն ռեկտոր կունենա, թե ոչ:
Այս օրերին մի քանի անուն է շրջանառվում՝ ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյան, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյան, իրավաբանականի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյան: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հանգուցալուծում է պատկերացնում ԵՊՀ-ի ռեկտորի ընտրության հարցում: Հարցին՝ իշխանությունների սրտով են արդյոք այն թեկնածուները, որոնք առաջադրվել են ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար,վերջինս պատասխանեց. «Իշխանությունը խնդիր չի դրել իր առջեւ, որ որեւէ մի թեկնածու պետք է իր սրտով լինի կամ չլինի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։