«Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանի քրգործով վկայակոչված են նաև նրա որդիները՝ Հայկ և Նարեկ Բեգլարյանները:
Նրանք, սակայն, դատական վերջին նիստին թեև պետք է հարցաքննվեին, սակայն հարկ չեն համարել ներկայանալ դատարան: Դատարանը հրապարակել է նրանց նախաքննական ցուցմունքները:
Նախ հիշեցնենք՝ Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է ինքնիրավչության մեջ։ Նախնական քննության տվյալներով՝ Բեգլարյանի որդուն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։
Նախնական քննության տվյալներով՝ Ն. Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերանս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ:
Պատճառված վնասը վերականգնելու նպատակով, իրավապահ մարմիններին դիմելու և օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումն ստանալու փոխարեն, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար:
Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ. Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել ընկերությանը:
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։
Եվ այսպես, Բեգլարյան եղբայրները նախաքննության ժամանակ հայտարարել են, թե որևէ բան՝ կապված իրենց գործարար հոր ինքնիրավչության հետ չի եղել:
Նարեկ Բեգլարյանի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ բռնություն չի գործադրվել, սպառնալիք չի հնչել հայտնի քննարկման ժամանակ: 2016թ. մարտի 28-ին քննարկմանը մասնակցել է, իսկ Հրայր Հովսեփյանը ներկայացել է վերջում։ Ըստ Բեգլարյանի ցուցմունքի՝ քննարկման նպատակն է եղել պարզելու արդեն հայտնաբերված չարաշահումներ թույլ տված անձանց շրջանակը։
Իսկ Բեգլարյանի երկրորդ որդու նախաքննական ցուցմունքի համաձայն՝ դեպքի վերաբերյալ իրեն ոչինչ հայտնի չէ, քանի որ նման բան տեղի չի ունեցել։ Անդրադառնալով՝ յուրացումներին՝ ցուցմունքում նա նշել է, որ տեղյակ է այնքանով, որ այդ յուրացումները կատարվել են Սուրեն Մխիթարյանի, Մկրտումյանի և նրանց աշխատակիցների կողմից։