Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժող. դատարանի կողմից կայացված դատավիճռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:
Իսկ որ դեպքի մասին է խոսքը:
Խոսքը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանի կողմից 1994-ի ապրիլի 16-ին Էջմիծնի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ հասցնելու գործի մասին է։ Վնասվածքների հետևանքով Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը մահացել էր:
Տուժող Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, ավելի վաղ լրատվամիջոցներին ասել է, թե Հրանտ Գրիգորյանը 1994 թվականին սպանել է իր հորը, բայց մնացել է անպատիժ։
Էդուարդ Պողոսյանը այդ ժամանակ եղել է ութ տարեկան։
«Այն տարիներին Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն այնքան վայրենի էին իրենց պահում Էջմիածնում, որ անիմաստ էր գնալ դատարան, ցուցմունք տալ։ Հենց Մանվելին կալանավորեցին, որոշեցի, որ մեծ փոփոխություններ են լինելու։
Հետո ես մեր տանը գրություն գտա, որը ստորագրված էր այն ժամանակվա պաշտպանության նախարարի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի կողմից։ Գրված էր, թե, իբր, իմ հայրը սպանվել է Արցախում՝ կռվի ժամանակ։ Բայց իմ հայրն իրականում չի մասնակցել պատերազմին։ Հայրս գործարար է եղել, կռվի մասնակիցներին օգնել է միայն։ Ու ամենաաբսուրդն այն է, որ թուղթը մակագրված է 1993 թվականով, սակայն իմ հայրը սպանվել է 1994 թվականին»,- ասել է նա։
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այս գործով Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար, սակայն 3 ամիս անց բանտից դուրս էր եկել՝ լավ վարք դրսևորելու հիմնավորմամբ:
Ինչևէ, այսքան տարի անց քրեական գործի շրջանակներում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Հրանտ Գրիգորյանի փաստաբան՝ Հովսեփ Սարգսյանի հետ:
Փաստաբանի խոսքով՝ անցել են ոչ միայն վաղեմության ժամկետները, այլև, որ ավելի կարևոր է, դեպքից հետո Հրանտ Գրիգորյանն ինքնակամ ներկայացել և խոստովանական ցուցմունք է տվել: Ասել է, թե կրակոցի արձակումը եղել է անփութության հետևանքով: