«Որոշ շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել ընտրական զարգացումներում». Արցախի ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական եւ քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Արցախի զինված ուժերի հրամանատարությունն, իր խորը մտահոգությունը հայտնելով նշված դրսեւորումների վերաբերյալ, եւս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակն ունի մեկ գլխավոր առաքելություն, այն է՝ ապահովել հայրենիքի սահմանների անվտանգությունն ու ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը եւ դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծել մեր պետականության հզորացման եւ ամրապնդման համար:

Հավաստիացնում ենք, որ զինված ուժերը հանդիսանալով մեր ժողովրդի համահավաքությունն ու միասնականությունը խորհրդանշող բացարձակ արժեք, երբեւէ չի ունեցել եւ չունի որեւէ քաղաքական երանգ կամ կողմնորոշում: Այն, ինչպես միշտ, եղել ու կմնա մեր ազգային իղձերի ու նպատակների իրագործման առաջնագծում եւ միայն ու միայն կառաջնորդվի Հայրենիքը արտաքին թշնամուց պաշտպանելու սրբազան առաքելությամբ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բարձր գնահատելով մեր հանրապետության ներքաղաքական կյանքում տեղ գտնող համապետական կարեւորության միջոցառումների, այդ թվում՝ նաեւ առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, իր կոչն է ուղղում մեր երկրում գործող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին եւ հորդորում ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը ներգրավել քաղաքական զարգացումներում»:




Լրահոս