
Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ այդմ. ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով, ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների և այլ շահառուների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպումը, իսկ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրերի տրամադրումն իրականացվում է հսկիչ-անցագրային կետերից՝ բացառելով վերջիններիս մուտքը ստորաբաժանումների տարածք, շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրամադրվում է արձակուրդ միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: