«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 23-ին Երեւանի պետական համալսարանում թեժ իրավիճակ է սպասվում, քանի որ այդ օրը ԵՊՀ խորհրդի նիստում պետք է ԵՊՀ ռեկտորի թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագիրը: Ըստ մեր տեղեկությունների՝ հենց այդ օրը պետք է արդեն խորհուրդը ընտրի ԵՊՀ ռեկտորին, բայց, կարծես թե, ներկայացված թեկնածուները այդքան էլ համապատասխան չեն, ինչի համար դեռեւս անհասականալի է, թե, ի վերջո, ԵՊՀ-ն ռեկտոր կունենա, թե ոչ: Բանն այն է, որ եթե թեկնածուների անունները շատ լինեն, հնարավոր է՝ ընտրությունը տեղի ունենա հաջորդ օրը:
Նշենք, որ այս օրերին մի քանի անուն է շրջանառվում, որոնցից մեկը ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյանն է, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը, իրավաբանականի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Հավելենք, որ ԵՊՀ ռեկտորի մրցույթին մասնակցության դիմումները թեկնածուները պետք է ներկայացնեն փետրվարի 12-ից մինչեւ մարտի 7-ը, ու հնարավոր է՝ առաջիկա օրերին այլ մարդիկ եւս դիմեն ռեկտորի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար:
Երեկ«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հանգուցալուծում է պատկերացնում ԵՊՀ-ի ռեկտորի ընտրության հարցում:
-Պարո՛ն Հովհաննիսյան, մարտի 23-ին ԵՊՀ-ում սպասվում է խորհրդի նիստ, որի ժամանակ պետք է հանգուցալուծվի այն հարցը, թե ով է լինելու ԵՊՀ ռեկտորը: Դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ լուծում կտրվի հարցին, առաջադրված թեկնածուները, Ձեր կարծիքով, համապատասխանո՞ւմ են այդ պաշտոնին:
-Թեկնածուների մասին չեմ կարող դիրքորոշում հայտնել, մինչեւ չլսեմ իրենց ծրագրերը, որոշակի եմ ծանոթ իրենց: Պետք է ապացուցեն, որ կկարողանան ղեկավարել ԵՊՀ-ն, բայց դա պետք է երեւա իրենց ծրագրերում: Կանոնակարգ է մշակվել, ըստ որի՝ թեկնածուները ներկայացնելու են իրենց ծրագրերը, հարց ու պատասխան կլինի, որիցհետո ամփոփում,ուտեղի կունենա քվեարկություն:
-Իշխանությունների սրտո՞վ են այն թեկնածուները, որոնք առաջադրվել են ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար:
-Իշխանությունը խնդիր չի դրել իր առջեւ, որեւէ մի թեկնածու պետք է իր սրտով լինի կամ չլինի:
-Տարիներ շարունակ ԵՊՀ-ն քաղաքականացված է եղել, արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, որպեսզի այս անգամ զերծ մնա համալսարանը քաղաքականությունից, հեղափոխություն արվելո՞ւ է ԵՊՀ-ում:
-Հեղափոխություն ասվածը կոնկրետ կրթական համակարգում լայն հասկացություն է:Ես նշել եմ, որ արդեն 30 տարի մարդիկ զբաղեցնում են ամբիոնի վարիչի կամ դեկանի պաշտոնը, որը անընդունելի է ու թույլ չի տալիս երիտասարդ սերունդներին մոտիվացիա ունենալ եւ առաջընթացի հնարավորություն տեսնել. բազմաթիվ կանոնակարգեր կան, որոնքպետք է փոխվեն: Պետք է միջավայրը առողջանա, մոտեցումը կրթությանը եւ կրթության որակը պետք է փոխվեն. այն թեկնածուն որը կկարողանա այսպիսի հարցերին պատասխանել, ինքը, այսպես ասենք,կլինի նախընտրելի թեկնածու, բայցոչ թե իշխանության կողմից նախընտրելի թեկնածու: Ես գոնե այդպես եմ տեսնում իրավիճակը, ես թեկնածու չեմ, ես իմ դիրքորոշումն եմ ներկայացնում:Նույն, օրինակ, դեկանների ընտրությունը շատ հաճախ ֆիկտիվ բնույթ է կրում, ինչպես նաեւ դասախոսների, դոցենտների, պրոֆեսորներ..Այսպես, համալսարանում տարածված բան կա. ասում են, թե քոտեղի համար մրցույթ են հայտարարել: Այսինքն՝ արդեն գիտեն՝ով է ընտրվելու, այս ֆիկտիվ բաները պետք է համալսարանում չլինի:
-Այսինքն՝ հետհեղափոխական Հայաստանում՝ ԵՊՀ-ում, ա՞յժմ էլ այդ իրավիճակը կա:
-Հիմա այդքան շատ չեմ ներգրավված պրոցեսի մեջ, բայց կարծում եմ՝ այո, այդ ընթացակարգերը գործում են,ու այս ամբողջը փոխելու խնդիր կա դրված, նոր, լավ կադրերով համալրելու խնդիր կա դրված: Դա ընդհանուր վատ ավանդույթների, կրթական համակարգի քաղաքականացվածության, յուրայինների եւ ոչ յուրայինների բաժանման ու տարբեր պատճառների արդյունքում ձեւավորված մի միջավայր էր, որը, կարծում եմ, պետք է առողջանա, եւ լինեն առողջ կրթական, ակադեմիական ազատություններ: Երբ որ դասախոսը կարծիք էր արտահայտում, օրինակ, եթե քննադատում էր օրվա իշխանությանը, այդ դասախոսի նկատմամբ անասելի ճնշումներ էին գործադրվում,ընդհուպ մինչեւ եղել է դասախոսներին աշխատանքից ազատելը, ժամերից զրկում. դա չի նպաստում առողջ ակադեմիական միջավայրի.. Այս ընթացում որոշակի առողջացման պրոցեսներ եղել են, իսկ ամբողջական փոխելու համար համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:
-Բայց արդյոք այժմ իշխանությունները կանե՞ն ամեն ինչ, որպեսզի ԵՊՀ-ն զերծ մնա քաղաքականությունից, համալսարանում այլեւս չլինեն քաղաքականացված դասախոսներ եւ անձինք:
-Այո, իշխանությունները իրենց փոփոխությունների միջոցով ամեն քայլ անում են, որպեսզի քաղաքականացված չլինեն համալսարանը, ուսանողները: Միանշանակ է՝ վատ դասախոսներից, մասնագետներից պետք է ազատվել օր առաջ, բայց դա չպետք է պայմանավորվի կուսակցության պատկանելության սկզբունքով: Տարիներ առաջ շատ մարդկանց կանչել են, ստիպել են, ճնշել են տարբեր մեթոդներով, որպեսզի նրանք ստորագրեն դիմումի տակ եւ ստանան կուսակցական տոմսը.. Դրա համար պետք է մենք թացը չորից տարբերակենք եւ չասենք, որ բոլորը,ովքեր կուսակցական են,պետք է պարտադիր հեռանան,ու հանեն համակարգից. պետք է նայեն մարդու պրոֆեսիոնալիզմին:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ