Աչաջուր համայնքի ղեկավարը չի ընդունում մեղադրանքը. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում շարունակվում է Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. դեկտեմբերի 17-ից հանդիսանալով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարը` 2013-2015 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված եւ Աչաջուր համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց համայնքապետարանի աշխատակիցների կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 5 միլիոն 939 հազար ՀՀ դրամ գումարը, յուրացրել է:

Համաձայն նրան առաջադրված մեղադրանքի՝ այնուհետեւ նա, նպատակ ունենալով թաքցնել իր կողմից գումարը յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլ Վարդումյանին 2017թ. հոկտեմբերի 3-ին դրդել է համայնքապետարանի աշխատակիցների կողմից կազմված, 2012-2016 թվականներին Տավուշի մարզի Աչաջուր համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ շահառուների անվամբ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանքը ստորագրելուն եւ կնքելուն եւ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքը Տավուշի մարզպետին ուղարկելու միջոցով հանձնելուն:

Կամո Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») եւ 38-314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքին հանցակցությունը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կամո Ղալթախչյանի շահերը դատարանում պաշտպանում է հանրային պաշտպան,փաստաբան Արմեն Ադամյանը: Կամո Ղալթախչյանը հատնեց, որ իրեն կատարված հանցագործության մեջ մեղավոր չի համարում, ինքը Աչաջուր գյուղում բազմաթիվ բարեգործություններ է կատարել: Նա ասաց․որ«Սերմերիգործակալություն»ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ իրենք Կ. Ղալթախյանից սեմացուի գործով պահանջներ չունեն: Սույն քրեական գործով դատական վերջին նիստը Իջեւան քաղաքում կայացել է մարտի 3-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս