Հայաստանում ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթաց կսկսվի, այս մասին Ազգային ժողովում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծերի փաթեթի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկմանն ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Օրենսդրական այս նախաձեռնության նպատակն անօրինական գույքը տնտեսական շրջանառությունից հանելն ու օրինական տիրոջը վերադարձնելն է, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ պետությանը:
Նախարարի խոսքով՝ սույն օրենքի շահառուներն օրինապահ քաղաքացիները չեն, քանի որ նախագծում թվարկվում են հանցագործությունների հատուկ տեսակները՝ կազմակերպված հանցավորություն, թմրանյութերի, զենքի անօրինական շրջանառություն:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:
«Օրենքը դեռ նոր է ներկայացված, շատ խնդրահարույց կետեր կան, բայց որ նման օրենքներ մեզ պետք է, դրանում կասկած չկա: Այս օրենքը շրջանառության մեջ դնելը բխում է մեր շահերից, որին անդրադառնալը պարտադիր է: Անցյալը մարդկանց հնարավորություն է տվել չհայտարարագրված միջոցներով, անօրինական ճանապարհներով ունեցվածք ձեռք բերել, և պետք է այս օրենքը բերել դաշտ»,-ընդգծեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Լիդա Եղիազարյան