Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են հանրապետությունում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցող համապատասխան ոլորտների ղեկավարները Նախագահին զեկուցել են կատարվածի մասին: Վերլուծվել է կորոնուվիրուսի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների հետ կապված իրավիճակը:
Կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ պետական կառավարման մարմինները, մշտական կապի մեջ լինելով Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ, այս հարցում իրականացնում են համատեղ միասնական քաղաքականություն:
Նախագահն ընդգծել է հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկման եւ բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:
Բնակչությունը պետական մարմինների միջոցով պետք է մշտապես իրազեկված լինի սուր շնչառական վարակների, այդ թվում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված բոլոր առանձին երեւույթների մասին, եւ այս տեղեկատվությունը պետք է միշտ հասանելի լինի քաղաքացիների համար:
Երկրի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ աշխատանքները կազմակերպված եւ համակարգված անցկացնելու ուղղությամբ՝ կարեւորելով այս հարցում պետական բոլոր կառույցների միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք: