ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած կորոնավիրուսի դեպք Հայաստանում հաստատվել է ընդամենը մարտի 1-ին, սակայն սխալված չենք լինի, եթե նշենք, որ երկու օր անց Հայաստանում իսկապես խուճապ է առաջացել. խանութները դատարկվում են անհագ գնումների պատճառով, դեղատներում դիմակ եւ ախտահանիչ միջոցներ չկան։ Իսկ ո՞րն է պատճառը, եւ ինչո՞ւ հասարակությունը պատրաստ չէր այդ լուրին: Այս օրերին կրկին ականատես եղանք մի իրավիճակի, երբ հասարակությանը հանգստացնելու, իրավիճակը ներկայացնելու ամբողջ բեռն իր ուսերին է վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ յուրաքանչյուր անգամ անում էր հայտարարություններ, որոնք տարբերվում էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արտահայտած մտքերից: Այդպես եղավ թե՛ ՀՀ-Իրան սահմանը փակելու, թե՛ ուսումնական հաստատությունների աշխատանքները հետաձգելու հարցերում: Սակայն հենց այս իրավիճակում հատկապես կարեւոր է, որ գործադիրի անդամները կարողանան ճիշտ համագործակցել թե՛ միմյանց, թե՛ վարչապետի հետ: Այս ամենից զատ՝ իր աշխատանքում թերանում է նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Ինչպես հայտնի է, կորոնավիրուս է հայտնաբերվել Թեհրանից Հայաստան ժամանակ ՀՀ քաղաքացու մոտ, եւ քաղաքացին ինքն է դիմել բուժօգնության: Նրան, սակայն, պետք է ստուգեին մինչեւ ինքնաթիռ բարձրանալը, ապա՝ օդանավակայանում։ Հենց այստեղ է, որ պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնի տեսչական մարմինը ու մեկ առ մեկ ստուգի մարդկանց օդանավակայանում: Բայց այս տեսչությունը մշտապես աչքի է ընկնում իր անգործությամբ, ոչ պրոֆեսիոնալ մասնագետներով, իր ղեկավարների հաճախակի փոփոխությամբ:
Իսկ արդյոք Հայաստանն ունի՞ հակավիրուսային միջոցներ. արդեն պարզ է, որ դեղատներում չկան դիմակներ, ախտահանիչ միջոցներ եւ, մյուս կողմից էլ, չկան հստակ հակավիրուսային միջոցներ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առողջապահության նախարարութան մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե ոչ մի հատուկ դեղամիջոց չկա, եւ օգտագործվում են սովորական հակավիրուսային դեղամիջոցներ եւ ջերմիջեցնողներ: Հուսանք՝ իշխանություններն այս տարատեսակ ինֆորմացիան հսկողության տակ պահելու համար կստեղծեն մի կենտրոն, որտեղից միայն մեկ անձ ինֆորմացիա կտրամադրի, եւ այն կլինի վերջնական եւ հավաստի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունն արդեն տեւական ժամանակ է՝ CV-ներ է հավաքում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, նպատակ ունի առաջիկա ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխել կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը որոշել է ամեն շրջանակից, ոլորտից տվյալների բազա հավաքել, քանի որ ինքը ցանկանում է կառավարությունը վերից վար փոխել, նոր կադրերով համալրել, քանի որ նրան դուր չի գալիս կառավարության կատարած աշխատանքը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է այդ տվյալների բազան ուսումնասիրում, որոնք նրան տրամադրում է նախորդ տարի ստեղծված կադրային բանկը՝ Հայկակ Արշամյանի գլխավորությամբ։ Երեկ այս ամենի համատեքստում էլ ՀՀ վարչապետն իրեն օգնական նշանակեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանին եւ մամուլի խոսնակ նշանակեց Մանե Գեւորգյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը շատ երկար է ուսումնասիրել այս երկու անձանց, որից հետո միայն նշանակում է կատարել։ Մանե Գեւորգյանի մասով ոչինչ ասել չենք կարող, բայց այ Աննա Վարդապետյանն իրոք իր գործի գիտակն է, պատրաստված, խելացի կադր, զուսպ պաշտոնյա: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության հասարակայության հետ կապերի եւ լրատվության վարչությանը հարցում է ուղարկել, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ կառավարությունը CV-ներ է հավաքում եւ կադրեր է փնտրում: Հարցման պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք նաեւ կառավարության տեսակետը:

Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին մոտ մեկ ամիս առաջ քննիչները հորդորել են գործի համար կարեւոր բան պատմել՝ դրա դիմաց խոստանալով նրան ազատ արձակել: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Լիանա Կարապետյանի որդին՝ Դավիթ Սահակյանը: Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր: Եվ ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրված մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին եւ Արշակ Ջերջերյանին, իսկ փետրվարի 28-ին էլ մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց: Եվ, ահա, Կարապետյանի որդին «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր մանրամասներ է փոխանցել. «Հարցաքննության ժամանակ քննիչներից մեկը մորս ասել է. «Տիկի՛ն Կարապետյան, մենք հեռախոսային ձայնագրություններ ունենք, որտեղ Դուք ուրախանում եք երեխայի որդեգրման որոշման լուրն առնելիս»: Պատկերացնու՞մ եք, այս մարդիկ նույնիսկ չգիտեն, որ երեխայի որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահից: Մայրս զարմացած ասել է` այո՛, իհարկե ուրախանում եմ»:

Հայաստանում ՀԴՄ նոր սերնդի սարքերի ձեռքբերումը տնտեսվարողների համար դարձել է անհնարին: Խնդրի առաջ են կանգնել նաեւ այն տնտեսվարողները, որոնք ամիսներ առաջ սարք ձեռք բերելու համար վճարել են 60 հազար դրամի չափով կանխավճար: Պարզվում է՝ առայժմ պետության կողմից լիցենզավորված ընկերություններից միայն մեկն է ՀԴՄ նոր սերնդի սարք ներկրել եւ վաճառում: Այսինքն՝ ՀՀ-ում ՀԴՄ-ների շուկան ազատականացնելու դեպքում էլ սարքերի դեֆիցիտ է, եւ արդեն մի քանի ամիս է՝ ՊԵԿ-ը չի կարողանում լուծել այս խնդիրը: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ստելլա Համբարձումյանի հետ: «ՀԴՄ նոր սերդնի սարքի արժեքը 148 հազար դրամ է, դրանք մասնավոր ընկերություններն են բերում, ՊՈԱԿ-ը այլեւս սարք չի բերում: Եթե տնտեսվարողներն ունեն կանխավճար՝ մուծած ՊՈԱԿ-ին, ապա կարող են գալ եւ դիմում գրել, իրենց գումարները մենք հետ ենք վերադարձնում»,- նշեց նա: Այսինքն՝ տնտեսվարողը եթե 60 հազար դրամ ամիսներ առաջ մուծել է՝ հույս ունենալով, որ պետությունը կսուբսիդավորի, եւ ինքը այդ գնով էլ ձեռք կբերի ՀԴՄ սարք, այժմ ստիպված է լինելու 60 հազար դրամին ավելացնել 88 հազար դրամ եւ գնել սարքը: Մեզ մնում է արձանագրել, որ դաշտը թեեւ ազատականացված է, բայց շարունակում է գտնվել բարձիթողի վիճակում, եւ արդեն մի քանի ամիս է՝ վերահսկողությունից դուրս է:




Լրահոս