«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԵՍ ՃԻՇՏԸ ՃԱԿԱՏԻՆ ԱՍՈՂ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Արտավազդ» մրցանակակիր Լուսինե Կիրակոսյանն է: Հեռուստադիտողը նրան գիտի «Ձիավորը, ում սպասում էին», «Ավտոբուս», «Լաբիրինթ», «Մեր բակը», «Մեծ քաղաքի փոքր պատմությունը», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից, «Սեր եւ ծիծաղ», «Ավտոբուս», «Քո վերջին հանգրվանը», «Շոկոլադ ուտող զինվորը», «Թաղի զավակը», «Հալածված առաքյալը» ներկայացումներից: Դե իսկ «Վերվարածները» հեռուստասերիալում նրա մարմնավորած կերպարը մինչեւ հիմա թարմ է մարդկանց հիշողություններում:

-Տիկի՛ն Լուսինե, «Անուղղելիները» հեռուստասերիալից հետո Ձեզ էկրաններին չենք տեսնում, ինչու՞: Այնպիսի տպավորություն է, որ պարապուրդի մեջ եք:
-Պետք է Ձեզ հետ անկեղծ լինեմ. շատ անտեսված եմ ինձ զգում: Թատրոնում դեր չունեմ, ոչ մի տեղից հրավեր չունեմ: Ինչքան միջակություն կա, ասպարեզը գրավել է՝ էլ լեզվի արատ ունեցողներ, շուրթերը լցրած միանման դեմքեր… Հիմա նկարահանվում են «մեկանգամյա օգտագործման» ֆիլմեր. ու՞մ են դրանք պետք: Օրական յոթ ֆիլմ են նկարում: Այսօր Հայաստանում բոլորը ռեժիսոր ու դերասան են դարձել: Այդքան աշխատել եմ, եկել է ժամանակը, որ ինձ գնահատված զգամ, բայց պարզվում է՝ չեն գնահատում… Եթե ես դռներ ծեծելու բնավորություն ունենայի, շատ բանի հասած կլինեի, բայց չեմ սիրում որեւէ բան խնդրել. թող իրենք ինձ խնդրեն: Մի՞թե ինձ չեն հիշում: Ամեն ռեժիսոր իր մտերիմներն ու սիրելիներն ունի: Մարդիկ չեն սիրում իմ նմաններին, ես էլ Փաշինյանի պես ճիշտը ճակատին ասող եմ: Մարդիկ սիրում են իրենց քծնողներին:
-Ձեր հումորի զգացումը չի՞ փրկել Ձեզ խնդիրներից:
-Հա, շատ է օգնել. մինչեւ հիմա որ ապրում եմ, նաեւ հումորի շնորհիվ է:
-Ձեզ հարազատ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում է՛լ չե՞ք խաղում:
-Մի քանի տարի առաջ մեր թատրոնում խաղում էի «Ցիանակալիում … Կաթով կամ առանց կաթի» ներկայացման մեջ: Վեներանդայի դերակատարման համար արժանացա «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար: Տարիներ առաջ ես Ղափլանյանին խոստացել եմ, որ ուրիշ թատրոն չեմ գնա: Եվ չնայած Վարդան Աճեմյանն ինձ իր կուրս էր վերցրել Սունդուկյան թատրոն տանելու համար, ես կատարեցի խոստումս: Միասեր եմ, չեմ կարող լքել իմ թատրոնը: Ուղղակի վատ է, որ հիմա այնտեղ զբաղվածություն չունեմ. ոչինչ չեն անում, որ ես այնտեղ խաղամ:
-Նշեցիք, որ Փաշինյանի պես ամեն բան երեսին ասող եք, հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեք ներկայիս իշխանության գործելաոճի մասին: Թավշյա հեղափոխությունից հետո Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել:
-Շատ բան է փոխվել, մեր երկիրը կամաց-կամաց դեպի լավն է գնում, մաքրվում է: Նախկին տականքները «մեյդան են» ընկել, ավել-պակաս խոսում են խուլիգան լկտիները… Նիկոլ Փաշինյանին շատ եմ հավանում, նա քայլող հանրագիտարան է: Էլ բան չունեն ասելու, Փաշինյանի որոշ քննադատներ ասում են՝ անգլերեն ակցենտով է խոսում… Այ, հողերս գլխներիդ… Դուք անգլերեն երկու բառ խոսեք, հետո նման բան ասեք, արդեն չգիտեն՝ ինչից կախվեն… Էդ ջահել տղան երկու տարում սպիտակեց… Հպարտանում եմ մեր վարչապետով, բայց նաեւ վատ եմ զգում, որ նման բարդ իրավիճակում է հայտնվել: Շատ թիկՍունքից խփողներ ունեցավ… Փաշինյանը իջնում է ժողովրդի մեջ, բոլորի քթով-մռթով է շարժվում: Նախորդ իշխանության օրոք ո՞վ կարող էր այսքան քննադատել երկրի ղեկավարությանը: Ներկայիս իշխանության մեջ էլ տարբեր տեսակի մարդիկ կան: Ոմանք սկզբում սրտացավ են երեւում, հետո պարզվում է՝ այդպիսին չեն: Փաշինյանին հիմա օդ ու ջրի պես հավատարիմ մարդիկ են պետք: Աստված տա՝ այդպիսիք շատ լինեն:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՈՒ՞Ր Է ԿՈՐԵԼ «ՏՆՓԵՍԱՅԻ» ԷԿԼԵՐԻԿԸ

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Լուսինե Արշակյանը, որը առավել հայտնի է «Տնփեսա» սիթքոմում Սիլվայի իր դերով, վերջին շրջանում էկրաններին չի երեւում: Հեռուստադիտողներին հետաքրքրում է՝ ուր է կորել «Տնփեսա» սիթքոմում Մկրտիչ Արզումանյանի մարմնավորած Անուշավան պապիկի սիրելի «Էկլերիկը» եւ ինչով է այժմ զբաղված:

«Անհասցե ծնվածները» սերիալում որոշ ժամանակ առաջ հանդես եկա փոքրիկ դերով, հիմա սերիալներում երեւալու ցանկություն ինքս չունեմ: Հիմա կենտրոնացել եմ բեմական գործունեության վրա: Մյուզիքլային երկու ներկայացման մեջ եմ ընդգրկված, համագործակցում եմ «Թատրոն տանիքում» թատերախմբի հետ: Պարոնյան թատրոնում եւս շարունակում եմ խաղալ: Ասեմ նաեւ, որ թատերական ստուդիայում իմ խմբակն ունեմ, գեղարվեստական ղեկավարը ես եմ, երեխաների հետ եմ աշխատում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Լուսինե Արշակյանը:
Նա շեշտեց, որ չի սիրում առաջինը գնալ եւ դռներ ծեծել, խնդրել, որ իրեն նկարահանեն, իսկ երբ հարմար հրավերներ ստանում է, անպայման ընդունում է: Հարցին, թե «Տնփեսա» սիթքոմի տպավորիչ կերպարից հետո դժվար չէր նոր կերպար մարմնավորել, դերասանուհին պատասխանեց. «Ես ինձ վստահված բոլոր կերպարները կերտել եմ անմնացորդ նվիրվածությամբ: Ինձ համար չկան փոքր կամ մեծ դերեր: Բայց մի խոստավանություն անեմ. վերջերս հեռուստատեսությամբ կրկնում էին «Տնփեսա» սիթքոմը, աչքիս պոչով հետեւում էի եւ, պատկերացրեք, ծիծաղում էի այդ դերասանուհու, այսինքն՝ իմ խաղի վրա: Այդ ժամանակ արդեն ոչ թե մասնագիտական, այլ կողքի աչքով էի նայում եւ հիանում մեր իմպրովիզներով»:
Դերասանուհին ուրախություն հայտնեց, որ իրեն հեռուստադիտողները ոչ միայն չեն մոռանում, այլեւ ամեն տեսնելիս ջերմ խոսքեր են ասում: Հավելենք, որ Լուսինեն նաեւ երգչուհի է, նա ունի 2 տեսահոլովակ, տասնյակ ձայնագրված երգեր, որոնցից մեկի հեղինակը ինքն է:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» ՓԱՌԱՏՈՆ
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Ֆրիըր (Freer Gallery) պատկերասրահում փետրվարի 29-ին «Երախտիքի խոսք՝ Փարաջանովին» միջոցառմամբ մեկնարկեց «Հայկական ոդիսականը. Նռան գույնը» փառատոնը: Կարեւորելով հայ մշակույթի ներկայացվածությունը արտերկրում` «Ամերիաբանկը» հանդես է գալիս որպես փառատոնի գլխավոր կորպորատիվ հովանավոր: Փառատոնն իրականացվում է PostClassical Ensemble-ի եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից:
Փառատոնն իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրումներ եւ համերգային ծրագրեր: Փառատոնի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնի Ազգային տաճարում ս.թ. մարտի 4-ին՝ ժամը 19:30-ին: Համերգի ընթացքում ելույթներով հանդես կգան մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, PostClassical Ensemble-ը Անխել Հիլ-Օրդոնեսի ղեկավարությամբ կկատարի հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ այս համերգի համար գրված ստեղծագործությունը: Համերգը կուղեկցվի սիրիահայ նկարիչ Գեւորգ Մուրադի մուլտիմեդիա նկարազարդումներով: Միջոցառումներին Հայաստանից Վաշինգտոնում ներկա կլինեն մշակութային, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ:

 

 

 

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՂԹԵՑ
Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի վերջին հանդիպումը։ «Ուրարտուն» սեփական դաշտում 2։0 հաշվով պարտության մատնեց Վանաձորի «Լոռիին»։ «Ուրարտուի» կազմում խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց Եվգենի Կոբզարը, իսկ 45-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Իգոր Պադերինը։ Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 23 միավոր եւ մնաց 8-րդ տեղում, իսկ «Լոռին»՝ 28 միավորով, 4-րդն է:




Լրահոս