ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է հրահանգել ջարդուփշուր անել «Վստրեչի Ապերի» տունը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է 13 օր, եւ ինչպես Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին հայտնի կլինի՝ Արման Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես ոստիկանապետ, թե հրաժեշտ կտա այդ պաշտոնին: Եվ, ահա, ոստիկանապետի աթոռին մնալու հեռանկարը Արման Սարգսյանին գցել է ցայտնոտի մեջ: Այն, ինչ մարտի 5-ին կատարվել է հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը, չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ ու ոչ մի աղերս չունի նոր Հայաստանի իրականության հետ: Անցած գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։ Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն՝ տանելով բնակարանից օծանելիք, ոսկյա շղթա: Այս տեղեկությունը երեկ հայտնեց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Արամ Վարդանյանի սանիկ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ցույց տալով կոտրված ապակիները, հայտարարեց. «Մայրը, փոքր երեխան քնած են եղել։ Ապակին կոտրել են, զենքը պահել են նրանց վրա. երեխան լուրջ վնասներ է կրել»։

Ուշագրավն այն է, որ այդ վայրագություններին անձամբ ականատես է եղել Էրեբունու ոստիկանապետը՝ Խորեն Բարխոյանը: Արամ Վարդանյանի հարեւանները երեկ լացելով ArmLur.am-ին պատմում էին, որ ողջ գիշեր չեն քնել, լսել են, թե ինչպես են Վարդանյանի հարազատները գոռում, օգնություն խնդրում: Սա ոչ այլ ինչ է, քան ոստիկանական ահաբեկչություն` ուղղված ՀՀ քաղաքացու դեմ: Ու կապ չունի` քաղաքացին ով է, ինչքան հնչեղ անուն ունի: Եթե նա հանցանք է կատարել, պետք է նրան պատժել օրենքով` պահպանելով բոլոր նորմերը, ոչ թե հարձակվել տան վրա` կանանց ու երեխաներին սպառնալով զենքով ու տանից ոսկե շղթա կամ օծանելիք տանելով:
Նշենք, որ երեկ այդպես էլ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Քննչական կոմիտեն պաշտոնապես չհայտնեցին, թե ինչու էին բեմականացրել այդ շոուն. Միայն հայտնի դարձավ, որ կա Վարդանյանին բերման ենթարկելու որոշում. թե ինչ գործով, ինչու, ինչ հիմքով, պարզ չէ: Արդյոք այսկե՞րպ է փորձում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը բարձրացնել ոստիկանության վարկանիշը եւ նշանակվել որպես ոստիկանապետ. ամոթալի է: Այս արարքը պետք է խստագույնս պատժվի եւ արժանանա կոշտ գնահատականի ամենաբարձր մակարդակով, հակառակ դեպքում` ժամանակը չի ների այս վայրագությունն ու թշնամությունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս