Երեկ խորհրդարանը սկսեց քննարկել ՀՀ քրեական եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ ՀՀ քրեական օրենսգրքով ներկայումս պատասխանատվություն է նախատեսված միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի, դրանց քարոզի եւ դրանք արդարացնելու համար:
«Առկա կարգավորումները բավարար չեն մարդկանց կյանքի, առողջության պահպանման, սեռական անձեռնմխելիության պաշտպանության համար: Օրինագծով առաջարկում ենք քրեական պատասխանատվություն սահմանել անձի հանդեպ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկ-սոցիալական ծագմամբ, լեզվով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, կրոնական փոքրամասնությանը պատկանելով, գույքային վիճակով, տարիքով եւ այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար»,-հայտարարեց Գալյանը:
Ըստ օրինագծի՝ առավելագույնը երկու ամիս կալանք եւ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, եւ առավելագույնը մեկ տարվա ազատազրկում է սպասվում այն անձին, որը հանդես կգա բռնության կոչերով: Հետաքրքիրն այն է, որ հայրենի կառավարությունը մի օրինագիծ է բերել խորհրդարան այն դեպքում, երբ ԱԺ-ում ստեղծվել է ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խումբ, որըպետք է օրենսդրական նախաձեռնություն մշակի ատելության, բռնության դեմ քարոզ իրականացնողների նկատմամբ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանի հետ՝ պարզելու համար, թե այդ դեպքում ինչով է զբաղվելու իրենց աշխատանքային խումը, երբ արդեն կառավարությունը նման օրենքի նախագիծ է խորհրդարան բերել:
-Այս օրենքի նախագիծը սահմանում է, որ բռնության կոչերը, դրանց տարածումը քրեականացվի, քրեական դաշտ բերվի: Բռնության կոչը ատելության խոսքի ամենածայրահեղ դրսեւորումներից մեկն է, դա ասվում է բոլոր միջազգային փաստաթղթղերում՝ Եվրոպայի միության, Եվրախորհրդի, ՄԻԵԴ-ի եւ այլն, բայց կան ատելության խոսքի այլ դրսեւորումներ, որոնք տարբեր երկրներում տարբեր են, քրեականացված չեն: Նախագիծը չի վերաբերում միայն սոցիալական ցանցերին, ինտերնետում տարածված, այլ, առհասարակ, բռնության կոչերի տարածումը եւ արդարացումը, բայց որոշակի հիմքերով, եթե այդ կոչերը ուղղված են օրինական, ազգային, կրոնական, ռասայական եւ այլն այդ հատկանիշների հետ կապված: Նպատակ կա՝ առանձին մարդկային խմբերը պաշտպանված լինեն, որպեսզի իրենց պաշտպանեն բռնության կոչերից:
-Բայց կոնկրետ խորհրդարանում աշխատանքային խումբ էր ստեղծվել, որպեսզի օրենսդրական նախագիծ մշակվեր՝ ատելության խոսքի տարածման, բռնության կոչերի հետ կապված:Այդ դեպքում նման աշխատանքային խմբի ստեղծման կարիքը կա՞ր:
-Այս նախագիծն իրականացվել է զուգահեռ մեր գործընթացի հետ, որը մենք սկսել ենք խորհրդարանում՝ ատելության խոսքի շուրջ կանխարգելման քննարկումների հետ կապված: Այս նախագիծը մշակվել էր, երբ որ մեր աշխատանքային խումբը ստեղծեցինք: Ես առաջարկել եմ, որ այս գործընթացները սինխրոնացնենք, որպեսզի ավելի ընդգրկուն լուծում տանք ատելության խոսքի դեմ պայքարին: Գուցե բավարարվենք միայն բռնության կոչերով, ինչը այս նախագիծն է առաջարկում, գուցե ավելի լայնացնենք, օրինակ՝ ատելության խոսքի սերմանումը եւ այլն:
-Արդյոք կառավարությունը համաձայնե՞լ է Ձեր առաջարկի հետ, քանի որ խորհրդարանը պետք է արդեն նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունի:
-Մենք ուզում ենք այս փուլում՝ առաջին եւ երկրորդ ընթերցման փուլում, քննարկենք կառավարության հետ, հասկանանք, թե այս օրենքի նախագիծը արդյոք բավարար է այս խնդիրը լուծելու համար, թե ոչ, եւ առաջարկենք փոփոխություններ, լրացումներ նախագծում կամ միասին որոշենք նոր օրենքի նախագիծ մշակել, որը կներառի նաեւ բռնության կոչերը: Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու ասյ նախագծին. մենք ցանկանում ենք առաջին ընթերցմամբ ընդունել այս նախագիծը, հետագայում քննարկենք մնացած փուլում:
-Ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբի աշխատանքները խորհրդարանում շարունակվելո՞ւ են:
-Միանշանակ մեր աշխատանքները շարունակվելու են, հանդիպումներ, քննարկումներ ենք ունենում փորձագետների, մասնագետների հետ: Այս գործընթացները միմյանց չեն խանգարելու, ընդհակառակը՝ որոշում կա, միմյանց փոխլրացնելով, դա իրականացնել:
-Բայց ընդդիմությունը հայտարարում է, որ հենց իշխանությունը պետք է այս օրենքի նախագծի հետ կապված հետեւություններ անի, քանի որ իշխանության ներկայացուցիչները, անգամ ՀՀ վարչապետն են երբեմն հանդես գալիս բռնության կոչերով: Դուք համակարծի՞ք եք, ո՞ւմ է այս ամենը առաջին հերթին վերաբերելու:
-Ես կարծում եմ, որ կառավարող ուժը այդ հարցում ընդհանրապես արդարանալու խնդիր չունի, որովհետեւ կառավարող ուժը այս ընթացքում երբեւէ ատելության խոսք չի տարածել,ու քաղաքական գնահատականները, որոնք հնչել են, եղել են սուր, դա չի նշանակում, որ դա ատելության խոսք է: Ընդդիմությունը ֆեյքերի բանակից է խոսում, բայց երբ ասում ենք փաստեր, երբեք չեն կարողանում բերել: Սա վերաբերում է այն անձանց,ովքեր բռնության կոչերով հանդես կգան:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ