Առաջիկայում Երեւանի ավագանու նիստում պետք է քննարկվի Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարողականը։ Մինչ այս բյուջեի կատարողականի նախագիծը դրված է եղել e-draft հարթակում, ապա հանրային քննարկման անցել Երեւանի քաղաքապետարանում։ Սակայն ուշագրավ է, որ օնլայն հարթակում առաջարկներ չեն եղել, իսկ քաղաքապետարանում կազմակերպված քննարկմանն էլ միայն մեկ անձ է ակտիվ եղել։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է բյուջեի կատարման հաշվետվությունը, եւ կարող ենք ուշագրավ պատկերի ականատես լինել․մեծ թվով ծրագրերի պարագայում կատարողականը շատ ցածր է՝ մոտ 60-70 տոկոս։ Այսինքն՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ 2019 թվականի ընթացքում Երեւանի քաղաքապետարանը թերացել է իր աշխատանքում։ Այդ կարծիքին են նաեւ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները:
Օրինակ՝ աշխատանքի վարձատրությունը կատարվել է 91 տոկոսի չափով, ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերումը՝ 75,4 տոկոսով, սոցիալական նպաստներն ու կենսաթոշակնրը՝ 76 տոկոսով։ Հետաքրքիր պատկեր է պարգեւատրումների մասով. Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատողների պարգեւատրման գծով ծախսերը կազմել են 1 մլրդ 680 մլն դրամ, եւ կատարողականը եղել է 87 տոկոս։
Եվ չնայած իշխանությունները մշտապես խոսում են զբոսաշրջության զարգացման մասին, սակայն գլխավոր թերացումը հենց այստեղ է եղել։ Զբոսաշրջության զարգացման ծրագրով փաստացի ծախսը կազմել է 20 մլն 625 հազար դրամ, եւ կատարողականը ընդամենը 15 տոկոս։ Այսինքն՝ նախապես որոշված ծրագրերի մի մասը չի կատարվել, այլ ընդամենը մի քանիսը։
Սա բյուջեի կատարողականի մի մասն է: Առաջիկայում ավագանու նիստում բուռն քննարկումներ կլինեն։
Նաիրա Հովհաննիսյան