Քիչ առաջ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մասնագետները մանրամասներ հայտնեցին երեկ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքից:
«Այս պահին աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, ունի որովայնի սալջարդ, փքվածություն, գլխուղեղի սալջարդ, որը վտանգ է ներկայացնում կյանքի համար: Գյումրիում ցուցաբերվել է առաջին օգնություն, որից հետո որոշում է կայացվել տեղափոխել Երևան: Ռեանիմոբիլում ճնշման անկում է եղել, որը տեղում կարգավորվել է: Այս պահին աղջիկը շնչում է արհեստական շնչառության ապարատով:
Այսօր նախատեսվում է նաև համակարգչային տոմոգրաֆիա կատարել գլխից մինչև որովայնի հատված, որից հետո նոր մանրամասներ կարող ենք հայտնել»,- ասել է Սուրբ Աստվածամայր ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
Լրագրողների հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն էլ հայտնեց, որ Երևանում երեխայի մոտ կատարվել է կրկնակի պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա, որի միջոցով հաստատվել է, որ աղջիկն ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ:
«Գիշերը ժամը 01:30-ին Գյումրուց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցների կողմից ռեանիմոբիլով, «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է 13-ամյա մի աղջիկ, որին միացված է եղել արհեստական շնչառություն: Նա եղել է անգիտակից վիճակում և այս պահին էլ դեռ ուշքի չի եկել: Երեխան այս պահին էլ շարունակում է մնալ արհեստական շնչառության սարքին միացված՝ ինտուբացված, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, բայց կայուն է: Արնահոսություն չկա, հրատապ կամ կրկնակի միջամտության ցուցմունքներ այս պահին չունենք, իրականացվում է կոմպլեքս, ինտենսիվ բուժում»,- նշեց Դալլաքյանը: