ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԳՈՐԾԻ ԵՆ ԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պլանավորել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ կյանքի կոչել նաեւ դատական համակարգի մաքրման ծրագիրը։ Ու դա է պատճառը, որ հայրենի խորհրդարանը սկսել է քննարկել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակ ունի այն երկրորդ ընթերցման բերել շատ արագ՝ հաջորդ քառօրյայում, ու մինչեւ ապրիլ արդեն այն վերջնական տեսքով ունենալ:
Իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասարյանի, այս փաթեթն անվանում են դատավորների բարեվարքության ստուգման հետ կապված օրենքի նախագիծ, որը հանրության շրջանում ավելի շատ հայտնի է վեթթինգի նախագիծ ձեւակերպմամբ: Իսկ այս օրենքի նախագիծը դեռեւս անցած տարի էր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստերի ժամանակ քննարկվում, բայց այն ինչ-որ մի պահի սառեցվել էր, հիմա կրկին իշխանությունները լծվել են դատավորներին «դարձի բերելու» գործընթացին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ծրագրեր ունեն՝ դատական համակարգի փոփոխության հետ կապված:
-Տիկի՛ն Բաղդասարյան, ինչո՞ւ կրկին որոշեցիք Աժ օրակարգ ներառել դատական համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը, ի՞նչն է Ձեզ անհանգստացնում այդ համակարգում:
-Ընդհանուր առմամբ, երբ նախորդ տարեվերջին կառավարությունը հաստատեց ընդհանուր դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, այստեղ խնդիր եւ նպատակ կար ամբողջ համակարգը վերափոխել եւ նոր մոտեցումներով առաջ բերել: Դրա անբաժանելի եւ անքակտելի մաս են կազմում Դատական օրենսգիրքը, որի մեջ մի քանի փոփոխությունները, որոնք արմատական կերպով կկատարվեն, թույլ կտա մեզ իրականացնել այն գործիքակազմը, որը ամենատարբեր անուններով շահարկվեց հասարակության մեջ, բայց այժմ պաշտոնական ձեւակերպմամբ դա դատավորների բարեվարքության ստուգումն է: Կարծում եմ, որ այս նախագծի փոփոխությունների ընդունումով մենք կկարողանանք շատ հարցերին լուծում տալ, եւ դատարանների հանդեպ այն անվստահության մթնոլորտը, որը կա մեր երկրում, ներդրված գործիքակազմը թույլ կտա այդ ամենը բացառել:
-Խնդրում եմ նշեք, թե կոնկրետ որոնք են լինելու այդ գործիքակազմերը: Ո՞ր հարցն է առանցքում, որի համար նման օրենքների նախագիծ եք բերել խորհրդարան:
-Տեսեք, Դատական օրենսգրքում կան մի քանի արմատական փոփոխություններ, օրինակ՝ ասեմ առաջինը. որպեսզի մենք կարողանանք նոր կադրեր ունենանք եւ թարմացնենք դատավորների ընդհանուր բազան, այսպես ասած, տարբերակներից մեկն այն էր, որ տարիքային շեմը իջեցվեր: Որոշակի քննարկումներից հետո, քանի որ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամներից կային մարդիկ, որ դեմ էին փոփոխությանը, հիմա առաջարկվում է իջեցնել 25 տարեկան եւ 3 տարվա աշխատանքային ստաժ, չգիտեմ՝ քննարկումների արդյունքում փոփոխություններ կլինեն այս հարցում, թե չէ, բայց սա քննարկել ենք: Երկրորդ խնդիրը՝ թափանցիկություն մտցնենք, որպեսզի Դատավորների ընդհանուր ժողովը կոնկրետ դատավորի ընտրությունը իրականացնի բաց կարգով. մինչ այժմ փակ եւ գաղտնի էր: Այստեղ էլ երկու մոդել ենք քննարկել՝ բաց կլինի հասարակության համար, թե բաց լինի անդամների համար. այս պահին տրված է նախագիծը բաց ընթացակարգով ընտրելուն: Որոշակի փոփոխություններ նախատեսված են նաեւ դատավորների վճարման համակարգում: Երբ որ մենք խոսում ենք դատարանի համակարգի խնդիրների մասին, մենք պետք է հասկանանք՝ արդյոք դատավորները համապատասխան վճարվում են, թե չէ: Եւ ընդհանուր բարեվարքության ստուգման մեխանիզմներում իսկապես գնահատում ենք ոչ միայն գիտելիքները, այլ նաեւ այն անհրաժեշտ հատկանիշները, որը պետք է դատավորն իսկապես ունենա: Արդյոք այս մոդելը թույլ կտա դատական համակարգում հետագա կոռուպցիոն ռիսկերը բացառել՝ դժվար է ասել: Ես անձամբ ենթադրում եմ, որ այս ամենից հետո շատ դատավորներ պարզապես դիմում կգրեն եւ կհեռանան, որովհետեւ այն չափանիշները, որոնք առաջ են քաշված, կարող են իսկապես շատերի համար խնդրահարույց լինել:
-Այսինքն՝ այս փոփոխություններով նպատակ ունեք, որպեսզի դատավորները ինքնակամ դիմում գրեն եւ հեռանա՞ն, դրա՞ համար եք նման փոփոխություններ իրականացնում:
-Բնավ ոչ, որոշակի դեպքերում չափանիշներն ու չափորոշիչները շատ բարձր են, եւ եթե այժմ էլ նայում ենք Դատական օրենսգրքով, դիցուք, դատավորները պետք է տիրապետեն 2 օտար լեզուների: Հավատո՞ւմ եք, որ բոլոր դատավորներն են տիրապետում. ես կարծում եմ, որ ոչ: Այն չափորոշիչները, որոնք դրված են՝ կրթության, աշխատելաոճի հետ կապված, կարծում եմ՝ այստեղ խնդրահարույց է: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, բուռն քննարկումներ կլինեն, լիագումար նիստի քննարկումներից պարզ կլինի, թե ինչպիսին կլինի ելքը: Երկժամյա ռեժիմ է սահմանված քննարկման համար:
-Նախկինում մշտապես հայտարարվել է, որ վեթթինգի են ենթարկվելու դատավորները. այդ ամենն իրականացվելո՞ւ է, արդյոք օրենքի նախագծում կա՞ այդ հարցը:
-Այո, գույքային խնդիրները ստուգվելու են դատավորի եւ փոխկապակցված անձանց, ընտանիքի անդամներն են դրանք, այո, ստուգվելու են: Այս ամբողջ գործընթացի միակ նպատակն է ունենալ թափանցիկ դատական համակարգ: Կարծում եմ՝ հաջորդ քառօրյայի ընթացքում կլինի երկրորդ ընթերցումը, եւ, ըստ էության, ապրիլի սկզբին մենք կունենանք Դատական նոր օրենսգիրք, եւ հանրաքվեով էլ արդեն կհանգուցալուծվի Սահմանադրական դատարանի հարցը:

 
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԻՐԵՆՑ ԲԱՂՁԱԼԻ ՆՊԱՏԱԿԻՆ
Դեռեւս անցած տարի՝ դեկտեմբերի 5-ին, խորհրդարանական իշխող խմբակցությունը պատրաստակամություն հայտնեց ստեղծել մի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 2018 թվականի Երեւանի քաղաքապետարանի կատարած աշխատանքների համապատասխանությունը:
Ստեղծվեց ԱԺ՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, բայց հանձնաժողովը միայն նախագահ ունի: Մինչեւ այսօր հանձնաժողովի նախագահը պաշտոնապես ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն է, իսկ անդամները չկան, որպեսզի այն սկսի իր աշխատանքները: Բանն այն է, որ իմքայլական պատգամավորները, երբ որ պետք է անդամների քվեարկություն իրականացնեին, որոշեցին, որ քննիչ հանձնաժողովը ստեղծելու նպատակահարմարություն չեն տեսնում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իմքայլականները թեման վերջնական փակել են իրենց համար, քանի որ իրենց «սրտի քաղաքապետ» Հայկ Մարությանի գործերն անքննելի են, ու որեւէ հանձնաժողով այդպես էլ չի ստեղծվելու:
ԼՀԿ-ական պատագամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը չի ստեղծվելու, իրենք այս ընթացքում Երեւանի նվիրատվությունների հետ կապված փաստեր են հավաքում, որոնք առաջիկայում կհրապարակեն:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
 
 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Այսօր` օրվա երկրորդ կեսին, խորհրդարանում նախատեսված է կառավարության հետ հարցուպատասխան, եւ ինչպես սովորաբար է լինում, ակնհայտ է, որ հիմնական հարցերը կրկին ուղղված են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետը երեկ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստանի Հանրապետություն եւ մի քանի հանդիպումներ ունեցել, որոնք կշարունակվեն նաեւ այսօր: Սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանն ամեն դեպքում կհասցնի գալ եւ մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին, չնայած ամեն րոպե կարող է իրավիճակ փոխվել: Եվ բնական է, որ պատգամավորների հարցերի գերակշիռ մասը վերաբերելու է կորոնավիրուսին, եւ որքան էլ այդ հարցով իրավասու պաշտոնյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, սակայն բոլորը հակված են այդ ինֆորմացիան ստանալ հենց վարչապետի շուրթերից: Եվ ուշագրավ է , որ յուրաքանչյուր անգամ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դժգոհում են, որ հարցերի համար գրանցվողները շատ են լինում, սակայն հաջորդ անգամ եւս պատկերը կրկնվում է:
 

 

 
ԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարտի 13-ին կայանալու է Դատավորների ընդհանուր ժողով, որը պետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն հարցը, թե ինչու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն: Օրեր առաջ Խունդկարյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր. «Շուտով Դուք նորություն կստանաք եւ կտեղեկանաք ընդհանուր ժողովի օրվա մասին»: Եվ, ահա, մեզ հայտնի է դարձել, որ ժողովը կայանալու է մարտի 13-ին: Հիշեցնենք, որ Բարձրագուն դատական խորհրդի մեկ անդամի տեղը դեռեւս շարունակում է թափուր մնալ: Բանն այն է, որ Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելուց եւ հրաժարականից հետո Դատավորների ընդհանուր ժողովը չի կարողանում դատավորներին հավաքել իրար գլխի, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն, սակայն իրավիճակը փոխվել է, եւ մարտի 13-ին սպասված ժողովը կկայանա:

 

 
ԱՇՈՏՅԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը որոշել է հետ չմնալ այդ նույն հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից եւ նախաձեռնել է «Արտաքին քաղաքականության խորհուրդ» անվամբ աշխատանքային խմբի ստեղծման գործընթաց: Եվ արդեն երեկ քննարկում է եղել, որին մասնակցել են այդ հանձնաժողովի անդամները, փորձագետներ: Նկատենք, որ վեցերորդ գումարման խորհրդարանում «Անալիտիկ» խորհուրդ անվամբ աշխատանքային խումբ ուներ Արմեն Աշոտյանը: Ռուբինյանի գլխավորած խորհրդի կազմում ընդգրկված փորձագետներից են Արման Նավասարդյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Ալեքսանդր Մարկարովը եւ այլք:




Լրահոս