ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1 ՏԱՐՎԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Ազգային ժողովում պետք է քննարկվեն կառավարության ծրագրի՝ 2019 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները: Այս նախագիծը փետրվարի 26-ին հաստատվել էր կառավարության նիստում եւ առաջիկայում կքննարկվի նաեւ խորհրդարանում: Եվ ուշագրավ է, որ կատարողականի նախագծի հենց սկզբում ընդգծված է այն հանգամանքը, որ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր: Գաղտնիք չէ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կես տարի է աշխատել, եւ, ըստ էության, տարեվերջին գրանցած արդյունքներն ամբողջովին իրենց կատարած աշխատանքի արդյունքը չէին, ինչպես նաեւ բացասական արդյունքների պարագայում հաշվի էր առնվում հենց այդ հանգամանքը:

Եվ, ահա, կառավարության ծրագրի կատարողականի մեջ ընդգծված է, որ գրանցվել է 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է՝ նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների, հարեւան բոլոր երկրների եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Կառավարությունը աճ է գրանցել նաեւ օտարերկրյա ներդրումների ներհոսքի առումով: Ըստ այդմ, 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2.2 միլիարդ դոլար, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի է 465 միլիոն դոլարով կամ 27.2 %-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41.3 %-ով:
Դրական փոփոխություններ են արձանագրվել նաեւ հարկային վճարումների առումով: Ըստ այդմ, 2019 թվականի արդյունքներով՝ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 13%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31%-ով։ 2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել եւ ստվերից դուրս է եկել ավելի քան 87 հազար աշխատատեղ: 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2.1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2.5 տոկոսային կետով: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.4%-ից նվազել է մինչեւ 1%, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5.8%-ով:
Որպես ձեռքբերում կառավարությունն առանձնացրել է նաեւ զենք-զինամթերքի ձեռքբերումը: Ըստ այդմ, ձեռք է բերվել, կառավարության խոսքով ասած, աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐՄ2ԿՄ» եւ «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: «Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, հարյուրավոր միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են 26%-ով։ Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր ընկերությունների կողմից իրականացվում է 41 զորամասի բարձրակարգ եւ որակյալ պարենավորումը: Բարելավվել է մարտական դիրքերի սննդակարգը»,- ասված է կատարողականում:
Ծրագրում անդրադարձ է կատարված նաեւ Հայաստանին ուղղված ֆինանսական աջակցությանը, եւ արձանագրվում է, որ զգալիորեն աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Մասնավորապես, 2019 թվականին Հայաստանին տրամադրվող գումարը կազմել է 40 միլիոն եվրո, որին ավելացել է եւս 25 միլիոն եվրո հովանոցային ֆոնդի շրջանակում՝ կազմելով ընդհանուր առմամբ 65 միլիոն եվրո, որը գրեթե երկու անգամ գերազանցում է 2018 թվականի տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը: Իսկ, ահա, ԱՄՆ-ի կառավարությունը 2019 թվականին ՀՀ-ին հատկացվող օժանդակությունն ավելացրել է շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով շուրջ 60 միլիոն դոլարի, որից ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանի տնտեսական աճի խթանմանը միտված ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 11.2 միլիոն ԱՄՆ-ի դոլար, իսկ արդյունավետ կառավարմանը միտված ծրագրի շրջանակներում՝ շուրջ 13.4 միլիոն ԱՄՆ-ի դոլար:
Կատարողականում մեծ տեղ է հատկացված նաեւ կոռուպցիայի դեպ պայքարին: Եվ, ահա, այդ ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործերից 120-ը կամ 24%-ը եղել են կոռուպցիոն գործունեության դեմ ուղղված քրեական գործեր։ «Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.9 մլրդ դրամ: 2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվող գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1.085 միլիարդ դրամ գումար, որը 2018 թվականին վերականգնված 940 միլիոն դրամ գումարից ավելի է 15%-ով, իսկ 2017 թվականի վերականգնված 193 միլիոն դրամ գումարից՝ 462%-ով: Իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին պատճառված վնասից հաշվետու տարում վերականգնվել է 732 միլիոն դրամ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած գործողությունների շնորհիվ՝ 2019 թվականին պետությանը, կազմակերպություններին եւ անձանց հասցված վնասից վերականգնվել է շուրջ 652 միլիոն դրամ: 2019 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1,280 դեպք», – ասված է կատարողականում:
Կատարողականի մեջ ամեն ինչ նկարագրված է շատ մանրամասն, եւ այն խորհրդարանում կներկայացնի եւ անձամբ հարցերին կպատասխանի հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ
Հանրապետությունում սուր շնչառական՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխել 2020թ. մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխել մարտի 2-ից 8-ը ներառյալ եւ մարտի 23-ից 29-ը ներառյալ:

 

 

 

ԿՄԵԿՆԻ ԱՄՆ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: Մարտի 4-ին նա կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը: Նույն օրը Վաշինգտոնում ներկա կգտնվի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակին նվիրված համերգին: Մարտի 6-ին Բրազիլիայում կհանդիպի երկրի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին, ապա Պաուլո քաղաքում՝ Բրազիլիայում՝ ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Բուրմայային:

 

 

 

ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կսկսի փուլ առ փուլ մաքրվել դավաճաններից եւ այն անձանցից, որոնք հայրենասեր չեն, որոնք վիրավորում են սպայի պատիվը. այս մասին ասել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին: Գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ ԱԱԾ-ն կսկսի ինքնամաքրման գործընթաց: Ընդ որում, Մարտիրոսյանը չի պատասխանել Գորգիսյանի հարցին՝ արդյոք բացահայտվել եւ պատժվել են մարդիկ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարում խափանումներ են ստեղծել:

 

 

 

ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵԼ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի փոխանցմամբ՝ «աշխարհը կորոնավիրուսի առումով հայտնվել է նախադեպը չունեցող չուսումնասիրված վիճակում»: Հիմա նախեւառաջ անհագստացնում է վարակի արագ տարածումը Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում եւ Ճապոնիայում: Վարակվածների եւ մահացածների գերիշխող մեծամասնությունը Չինաստանում է, սակայն այդ երկրում նոր դեպքերի թիվը սկսում է նվազել: Թագավարակ է գրանցվել մոտ 70 երկրներում: Նշենք նաեւ, որ Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով:

 

 

 

ԴԻՄՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ  ԱՆԱՐՁԱԳԱՆՔ
Հայաստանի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատողները դարձյալ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պատճառը տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի գործելաոճն է: Տեսչական մարմնի աշխատողները Ավետիսյանի հարցով դիմել են ոչ միայն վարչապետի աշխատակազմ, այլեւ տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին եւ Պետական վերահսկողական ծառայությանը, սակայն անպտուղ: Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարը ոչինչ չի ձեռնարկում, իսկ ՊՎԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանը ուսումնասիրությունն արել է, բայց լռում է: Ենթադրվում է, որ Ավետիսյանի հարցով ստուգումները պետական մարմնի կողմից «քնեցվել են»: Մի կառույցի աշխատանք, կարելի է ասել, անարդյունավետ է. մարմնի մի շարք աշխատողներ արդեն երեք ամիս է՝ բարձրաձայնում են, ահազանգում, որ իրենց աշխատավայրում անառողջ մթնոլորտ է: Աշխատողները տեւական ժամանակ է՝ փորձում են գործադիրի ուշադրությունը հրավիրել իրենց բարձրացրած խնդիրներին: Այս կառույցում խռովություններ են, բայց տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն այդպես էլ փորձ չի անում հանդիպել դժգոհող աշխատողների հետ: Աշխատողների պատմելով՝ տեսչական մարմնի ղեկավարը պարգեւատրում է իր ընտրյալներին:

 

 

 

ՄՆԱՑ 15 ՕՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 15 օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն՝ արդեն 5,5 ամիս է, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները, սակայն այս իրավիճակը կարող է վեց ամսից ոչ երկար տեւել: Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով»: Նույնը վերաբերում է նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին, որտեղ էլ սույն դրույթն ամրագրված է 23-րդ հոդվածում: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար մնացել է 15 օր: Իսկ ի՞նչն է այս անորոշ իրավիճակի պատճառը: Չի բացառվում, որ վարչապետը չի կարողանում վստահելի անձնավորություններ գտնել ուժային կառույցներում, կամ այս ժամանակահատվածը որոշել է օգտագործել ուժայինների ղեկավարներին ստուգելու համար:




Լրահոս