«ԲԻԱՆԿՈՆԵՐԻՆԵՐ»-Ը ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՆ «ՌՈՍՈՆԵՐԻՆԵՐ»-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր չորեքշաբթի է՝ 4-ը փետրվարի: Իտալիայի հավաքի կիսաեզրափակչի պատասխան խաղի շրջանակներում այսօր կկայանա իտալական ամենահին դերբիներից մեկը՝ «Յուվենտուսն» ընդդեմ «Միլանի»: «Սան Սիրոյում» կայացած հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Սեփական դաշտում «Միլանը» հրաշալի ֆուտբոլ խաղաց եւ, կարելի է ասել, ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին, սակայն խաղի վերջին րոպեներին «Յուվենտուսի» առաջատար Կրիշիանու Ռոնալդուն կարողացավ վաստակել 11մ հարված եւ դիպուկ իրացնել այն: Այդ մեկ գնդակը կտրուկ փոխեց ուժերի դասավորությունը, իսկ երկու հանդիպումների կտրվածքով «Յուվենտուսի» ֆավորիտությունը է՛լ ավելի բացահայտ դարձրեց, որ այս հանդիպումը որակազրկման պատճառով «Ռոսոներիներից» բաց կթողնեն առաջատար ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչը, Սամու Կաստիլյեխոն եւ Տեո Էրնանդեսը:

Այո, ֆավորիտը թուրինցիներն են, միլանյան թիմի կարեւոր ֆուտբոլիստները բաց են թողնելու հանդիպումը, բայց այս փաստերը Մաուրսիո Սարիի թիմին հեշտ հանդիպում չեն խոստանում: Զլատան Իբրահիմովիչի ժամանելուց հետո կարմրասեւերի խաղը նկատելիորեն փոխվել է, եւ դա ամենեւին էլ կապ չունի Իբրահիմովիչի՝ դաշտում արածների հետ: Վերջիններս աչքի են ընկնում ոչ ստաբիլ խաղով: Սրա վառ ապացույցը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումն էր, որտեղ «Յուվենտուսը» դրսում 0:1 հաշվով զիջեց Լիոնի «Օլիմպիկին»: Եթե մինչ այդ հանդիպումը կար վարկած, որ «Ծեր սինյորան» ողջ ուժերը պահել է Չեմպիոնների լիգայի համար, ապա այժմ հստակ կարող ենք ասել՝ «Յուվենտուսը» դեռեւս չի կարողանում հարմարվել Մաուրիսիո Սարիին: Եթե «Միլանը» կարողանա հաղթահարել «զեբրերի» արգելքը, ապա Սարին կարող է հավաքել ճամպրուկները եւ հեռանալ Թուրինից: Իտալիայի առաջնության վերջին տուրում «Յուվենտուսը» իտալական կլասիկոյի շրջանակներում պետք է մրցեր «Ինտերի» հետ, իսկ «Միլանը»՝ «Ջենոայի», սակայն հանդիպումները չեղարկվեցին կորոնավիրուսի վտանգների պատճառով: Միանշանակ այդ ժամանակը ավելի շատ հարկավոր էր Անյելիի թիմին ուշքի գալու եւ մրցաշրջանի կարեւորագույն հատված «խցկվելու» համար:
Եթե ոչ հիմա, ապա միգուցե երբեք. այսպես կարելի է վերնագրել խաղը «Միլանի» համար: Ստեֆանո Պիոլիի թիմը պետք է առավելագույնը կարողանա քաղել այս խաղից, քանի դեռ թուրինյան քաոսը չի վերացել: Կրկին պետք է անդրադառնանք «Լիոնի» դեմ խաղին, որտեղ թիմի կիսապաշտպանները ուղղակի չէին կարողանում գնդակ հասցնել հարձակվողներին, նույնիսկ շատ վատ էին ստացվում կարճ փոխանցումները:
Եթե Իտալիայի գործող չեմպիոնները նույն ֆուտբոլը ցուցադրեն նաեւ այսօր, ապա «Միլանը», փոքր ջանքեր գործադրելով, կկարողանա վաստակել եզրափակչի ուղեգիր: Ստեֆանո Պիոլիի թիմը վերջին շրջանում զգալիորեն աճել է. թիմը 2020թ. պաշտոնական 11 հանդիպումներից պարտվել է միայն մեկում, ինչն էլ ցույց է տալիս այն, որ Պիոլին սկսել է «միլանյան վերածննդի» գործընթացը:
Վերադառնանք բուն հանդիպմանը եւ փորձենք հասկանալ՝ ինչ մեկնարկային կազմեր կընտրեն Սարին եւ Պիոլին: «Յուվենտուսից» այս հանդիպումը բաց կթողնեն Մերիհ Դեմիրալը եւ Ադրիեն Ռաբյոն, հարցականի տակ է նաեւ Գոնսալո Իգուայինի ու Դուգլաս Կոստայի մասնակցությունը:
Այս պարագայում Մաուրսիո Սարին մեծ ընտրություն ունենալ չի կարող:
Գիտենք, որ Իտալիայի գավաթում Սարիին խաղալու հնարավորություն է տալիս Ջանլուիջի Բուֆոնին, սակայն, ըստ մեզ, այսօր 42-ամյա դարպասապահը կնստի պահեստայինների նստարանին, քանի որ նա առաջվանը չէ, իսկ մեկ սխալը կարող է վերջնականապես խաչ քաշել «Յուվենտուսի» տրեբլ ձեւակերպելու հույսերի եւ Սարիի յուվենտուսյան կարիերայի վրա:
Այսպիսով, «Յուվենտուսի» դարպասում մենք տեսնում ենք Վոյցեխ Շեսնուն: Պաշտպանությունում դժվար լինեն փոփոխություններ: Կարելի էր մտածել կենտրոնում Ջորջո Կիելինիին օգտագործելու մասին, սակայն իտալացու տարիքն ու ոչ բավարար մարզավիճակը կստիպեն Սարիին մեկնարկային րոպեներից դաշտ դուրս բերել դե Լիգտին: Կիսապաշտպանությունում Ռաբիոյի բացակայության պայմաններում տարբերակները այդքան էլ շատ չեն՝ Ռոդրիգո Բենտանկուր, Միրալեմ Պյանիչ եւ Բլեյզ Մատիուիդի: Անցնենք հարձակմանը, որտեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Դուգլաս Կոստան դեռ նոր-նոր է ապաքինվել վնասվածքից եւ հաստատ չի լինի մեկնարկում: Եթե Սարին զգա, որ Իգուայինը պատրաստ է ամբողջովին, ապա նա կլինի խաղադաշտում առաջին րոպեներից, բայց քանի որ այս պահին ավելի հավանական է, որ արգենտիացին չի խաղա, ապա մեր հարձակման եռյակում տեղ կհատկացնենք Պաուլո Դիբալային, Խուան Կուադրադոյին եւ Կրիշտիանու Ռոնալդուին:
Անցնենք «Միլանին». թիմի հիմնական դարպասապահն է Ջիջի Դոնարուման: Պաշտպանությունում Տեոյի բացակայության պայմաններում կգործի ուրուգվայցի արագաշարժ պաշտպան Դիեգո Լաքսալտը, կենտրոնում կգործեն Ալեսիո Ռոմանյոլին եւ Մատեո Մուսակիոն: Սայմոն Կյաերը վնասվածք ունի եւ չի մասնակցի խաղին: Պաշտպանության ձախ եզրն էլ Պիոլին, ամենայն հավանականությամբ, կվստահի Դավիդե Կալաբրիային: Միլանյան թիմի կիսապաշտպանությւոնում ամեն ինչ ավել քան պարզ է եւ հստակ. Բիլիայի, Կրունիչի եւ Կաստիլիեխոյի բացակայության պայմաններում խաղադաշտում կտեսնենք Ֆրանկ Կեսիեին, Լուկաս Պակետային եւ Իսմաել Բենասերին: Պիոլի հարձակման եռյակում, ըստ մեզ, կլինեն Հական Չալխանողլուն, Անտե Ռեբիչը եւ Ռաֆայել Լեաուն:
«Կոպա Իտալիայի» կիսաեզրափակչի կենտոնական հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի մյուս հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 5-ին, Նեապոլում, որտեղ տեղի «Նապոլին» կմրցի «Իտերի» հետ:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՆՊԱՏԱԿԸ ԼԱՎՆ Է, ՄԻՋՈՑԸ՝ ՎԱՏԸ
Երեկ Աժ-ում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում ներկայացված էր նաեւ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձանց տալ ամենամսյա պատվովճար, որի կարգը եւ չափը կսահմանվի կառավարության որոշմամբ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արման Ուդումյանի խոսքով՝ այս պահին կա 9 ընտանիք, որոնք ստացել են այս մեդալը: Ինչպես նա նշեց, այս ընտանիքների համար կառավարությունը առաջարկում է ցմահ պատվովճար սահմանել՝ ամսական 40 հազար դրամի չափով:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ նպատակը, որ դրվել է, շատ լավն է, բայց միջոցը, որով փորձ է արվում սա իրականացնել, շատ վատն է: «Ցավոք սրտի, մեր ժամանակներում առավելապես սոցիալապես անապահով ընտանիքներն են բազմազավակ, եւ այստեղ 40.000 դրամը որեւէ բան չի փոխի: Գուցե յուրաքանչյուր շնչի համար սահմանենք 26.500 դրամ գումար՝ թոշակի մինիմալ չափով: Անելուց կա՛մ այնպես անենք, որ ճակատներս բաց լինի, կա՛մ բարոյական հարթության վրա թողնենք»,- եզրափակել է Բագրատյանը:




Լրահոս