«ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ՍԱ ԻՄ ՎԵՐՋԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԸ ԿԼԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թավշյա հեղափոխության հիմնի՝ «Քաղաքացու երգի» եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի ճակատի ոչ պաշտոնական հիմնի՝ «Ասում եմ այո» երգի հեղինակ, կատարող Հայկ Ստվերն է: Նա պատմել է վերջին շրջանում իր անձին ուղղված քննադատությունների, երգարվեստի հետ կապված նպատակների մասին: Մենք խոսել ենք նաեւ երգչի բնավորության առանձնահատուկ գծերի ու սովորությունների մասին:

-Հա՛յկ, օրը լավ սկսելու համար Ձեզ հարկավոր է…
-Մի բաժակ ջուր:
-Ձեզ միանգամից վստահություն է ներշնչում այն մարդը, որը…
-Բարի է, պոզիտիվ:
-Առաջնային կարեւորություն եք տալիս մարդու անկեղծությա՞նը, թե՞ ինտելեկտին։
-Ամեն դեպքում, ինտելեկտին, որովհետեւ եթե մարդը անկեղծ է, բայց հիմար, ինձ հետաքրքիր չէ:
-Պետք է կարողանալ ասել «ոչ» այն ժամանակ, երբ…
-Գան սահմանադրական ընտրությունները (ծիծաղում է)
-Հարց, որը միշտ տանջում է Ձեզ։
-Հիմնականում ինձ տանջում են ապագայի հետ կապված հարցեր, մտածում եմ՝ իսկ ինչ կլինի հետո:
-Նախընտրում եք նվերը պատվիրե՞լ, թե՞ որ Ձեզ անակնկալ անեն։
-Պատվիրելն է ցանկալի:
-Ձեզ ձանձրացնում են մարդիկ, որոնք…
-Մոռանում են, որ ինչ-որ բան ասել են, ու կրկնում են:
-Ավելի շատ սրտնեղում եք դատարկությունի՞ց, քաոսի՞ց, թե՞ անորոշությունից։
-Դատարկությունից:
-Ավելի շատ վերլուծո՞ւմ եք, թե՞ ապրում։
-Վերլուծելու պրոցեսն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում:
-Չի սխալվում նա, ով…
-Ոչինչ չի անում:
-Ձեր երկրորդ ծնունդը կարելի է համարել…
-Բանակից վերադարձս տուն:
-Պետք է լռել այն պահին, երբ…
-Ստիպված ես դառը ճշմարտություն ասել:
-Սովորաբար ընտրում եք սիրելի՞ն, թե՞ պետքականը։
-Պետքականը:
-Ձեզ սովորաբար թիկունքից խփում են նրանք, ովքեր…
-Ինձ թիկունքից չեն խփել, չգիտեմ… Ես զգույշ եմ մարդկանց հետ:
-Վերջին շրջանում Ձեր մասին լսած մի բամբասանք ասեք:
-Սոցցանցի իմ էջում գրել էի, որ մասնակցել եմ «Դեպի Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին, բայց չեմ անցել: Շատերին թվացել էր, թե ես նեղվել եմ, նեղացել եմ: Բայց դա այդպես չէր:
-Ունե՞ք երգարվեստի հետ կապված մի նպատակ, որը դեռ չեք իրականացրել:
-Շատ կան այդպիսիք: Կցանկանայի մեծ պահանջարկով երգիչ լինել: Այդ երազանքս չի իրականացել:
-Ձեր արտաքին տեսքին շա՞տ եք ուշադրություն դարձնում:
-Ցավոք, ոչ: Համենայնդեպս, հագուստին ուշադրություն չեմ դարձնում եւ դրա համար մտերիմների կողմից հաճախ արժանանում եմ քննադատությունների:
-Մի բան, որ երբեք չէիք պատկերացնի, բայց դա Ձեզ հետ տեղի է ունեցել:
-Չէի պատկերացնի, որ թավշյա հեղափոխության հիմնը ես կգրեմ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձին ուղղված քննադատություններին եւ Ձեր մասին վատ մեկնաբանություններին:
-Ես գիտեմ, որ ֆեյքերը հատուկ գումար են ստանում՝ վատ մեկնաբանություններ թողնելու համար: Տեսնում եմ նմանատիպ վատ գրառումներ «Ասում եմ այո» երգի տակ: Ի դեպ, մեկնաբանությունները դիտումներից շատ են. դա վկայում է այն մասին, որ առանց դիտելու նեգատիվ բաներ են գրում:
-Եղե՞լ է մի պահ, որ զղջաք «Քաղաքացու երգը» կամ «Ասում եմ այո»-ն հեղինակելու կամ կատարելու համար:
-Չէ, չի եղել այդպիսի պահ: «Ասում եմ այո»-ն չընդունեցին այնպես, ինչպես թավշյա հեղափոխության երգը, արձագանքը միանշանակ չէր: Ես գիտեի, որ երկրորդը քննադատվելու էր: Դա սպասելի էր: Ամեն դեպքում, հուսով եմ, որ սա իմ վերջին քաղաքական երգը կլինի: Թե ինչպես կստացվի, չգիտեմ, բայց ես երգում եմ ամեն ինչի մասին, բայց ցավալի է, որ միայն քաղաքական թեմայով երգերն են դիտումներ հավաքում ու քննարկվում: Ցավալի է, որ մեր օրերում մարդկանց քաղաքականությունն ավելի է հետաքրքրում, քան արվեստը:
-Եվ վերջին հարցը՝ Ձեզ երջանիկ մարդ համարու՞մ եք:
-Կիսով չափ այո:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

3 ԱՍՏՂԵՐ, ՈՐՈՆՑ ԿԱՆՉԵՑ ԱՄԵՐԻԿԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի երեք վառ ներկայացուցչի, որոնք մշտական բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում: Ոմանց այդ երկիր տարավ ամերիկյան երազանքը, ոմանց էլ հանգամանքները ստիպեցին հայտնվել այնտեղ:

Էմմի
Երգչուհի Էմմին, երբ արդեն ամուր հաստատվել էր շոու-բիզնեսում, թողարկել էր մի շարք հիթեր, տեսահոլովակներ ու ալբոմներ, երաժշտական նախագծերում ընդգրկվել էր ժյուրիի կազմում, ձեռք էր բերել բավականաչափ սեր ու հայտնիություն, մի օր, այնուամենայնիվ, որոշեց թողնել այս ամենն ու հաստատվել Միացյալ Նահանգներում: Էմմին հիմա իր ընտանիքն ունի, ամուսինը բիզնեսմեն է: Երկու որդիների մայրիկն իրեն բավականին երջանիկ է զգում: Հարցազրույցներում նա միշտ շեշտում է, որ վայելում է իր կարգավիճակը, եւ ամեն կնոջ մաղթում է լինել նույնքան երջանիկ, որքան ինքն է:

 

Լիլու
Երգչուհի Լիլուն տեւական ժամանակ էր՝ հայկական շոու-բիզնեսում ակտիվ քայլեր չէր անում եւ նախընտրեց բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Նա սոցցանցերում բավականին ակտիվ է եւ կիսվում է թե՛ գործնական, թե՛ անձնական բնույթի տեղեկություններով: Դե իսկ Լիլուի հարսանիքը վերջին շրջանի ամենաքննարկվող իրադարձություններից մեկն էր: Անչափ հուզիչ էր Լիլուի որդու ներկայությունը մայրիկի հարսանիքին: Երգչուհին հաճախ է հրապարակում լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք վկայում են Լիլուի ամուսնու եւ որդու ջերմ հարաբերությունների մասին:

 

Մերի Մակարյան
Հայկական սերիալների «չար աղջիկը», ով, սակայն, բավականին սիրվեց հայ հեռուստադիտողի կողմից, ապա հայտնի դարձավ նաեւ որպես հաղորդավարուհի, ինչ-որ պահի որոշեց թողնել ամեն բան եւ մեկնել Միացյալ Նահանգներ: Բանն այն է, որ Մերիի ամուսինը ապրում է ԱՄՆ-ում, եւ երբ նրանք սկսեցին հանդիպել, ստիպված էին ընտրություն կատարել՝ ապրել Հայաստանում կամ ԱՄՆ-ում: Ի վերջո, փոխադարձ համաձայնությամբ նրանք որոշեցին ապրել ԱՄՆ-ում: Եվ չնայած Մերին մշտապես նշում է, որ կարոտում է հայրենիքը, մայրիկին, հարազատներին, միեւնույնն է, նա իրեն երջանիկ կին է համարում, իսկ մայրանալուց հետո Մերին է՛լ ավելի ներդաշնակ է զգում ինքն իրեն:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

«ԱԼԱՇԿԵՐՏԸ» ՀԱՄԱԼՐՎԵՑ
«Ալաշկերտ» ՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի շարքերն է համալրել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Հայկ Գալստյանը: Կարիերան Երեւանի «Միկայում» սկսած 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ 5 տարիների ընթացքում հանդես էր գալիս Գերմանիայում` «Հոֆենհայմի» Մ-17 ու Մ-19 թիմերում, «Բոխումի» Մ-19 թիմում, «Շտուտգարտի» երկրորդ թիմում: Գալստյանը 10 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ-17 հավաքականի, 16 խաղ (3 գոլ)` Մ-19 հավաքականի, եւ 6 հանդիպում` երիտասարդական հավաքականի կազմում: Երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է «Ալաշկերտի» բելեկյան հավաքին: Ֆուտբոլիստի հետ կքնվել է 2 տարվա պայմանագիր:

 

 

 

ԿՈԼԻՆԱՅԻ ԿԱՐԾԻՔԸ
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդար նախկին մրցավար Պիերլուիջի Կոլինան Մոսկվայում կայացած մրցավարական արվեստի դասախոսության ժամանակ խոսել է VAR համակարգի մասին. «VAR-ը երեխա է, որը նոր սովորում է քայլել: Առաջին անգամ այս տեխնոլոգիայի զարգացման ծրագրին մասնակցել եմ 2014 թվականին: Վեց տարվա ընթացքում մենք ստեղծեցինք այնպիսի համակարգ, որը օգտագործվում է 36 խոշոր մրցաշարերում: Մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ, ինչը ստեղծում ենք, լինի լավը, բայց մոռանում ենք, որ յուրաքանչյուր լավ բան պետք է նաեւ կատարելագործել»,- ասել է Կոլինան:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս