ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր կքննարկվի կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են նոր կետ ավելացնել եւ քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Մասնավորապես, փոփոխության մեջ ասվում է. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: Ընդ որում, եթե այդ արարքները կատարվել են՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ էլ պաշտոնեական դիրքն օգտագործելով, ապա առավել խիստ պատիժ է նախատեսվում: Եվ պատասխանատվություն նախատեսվում է այն դեպքում, երբ բռնության կոչը հրապարակային է եւ ունի հասցեատեր: Իհարկե, առաջին հայացքից ողջունելի է, երբ իշխանությունների կողմից փորձ է արվում քրեականացնել բռնության կոչերը, սակայն պետք է այնպես անել, որ այս փոփոխությունները չդառնան մահակ իշխանությունների ձեռքին եւ գործիք՝ ընդդիմադիր գործիչներին կամ մամուլին ճնշելու, լռեցնելու համար: Օրինակ՝ նախագծով առաջարկվող հանցակազմի առկայության համար դրանք պարտադիր պետք է լինեն հրապարակային, եւ այդպիսով նման երեւույթ կարող են դիտարկվել նաեւ լրատվամիջոցներով այս կամ այն գործչի հարցազրույցներն ու հրապարակված մտքերը: Հարց է առաջանում՝ ովքե՞ր կլինեն նախագծի թիրախում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարտի 23-ին Երեւանի պետական համալսարանում թեժ իրավիճակ է սպասվում: Այդ օրը ԵՊՀ խորհրդի նիստում պետք է ԵՊՀ ռեկտորի թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ օրն էլ պետք է խորհուրդը արդեն ընտրի ԵՊՀ ռեկտորին։ Կարծես թե, ներկայացված թեկնածուներն այնքան էլ համապատասխան չեն, ինչի համար դեռեւս անհասկանալի է, թե, ի վերջո, ԵՊՀ-ն ռեկտոր կունենա, թե ոչ: Այս օրերին մի քանի անուն է շրջանառվում՝ ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյան, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյան, իրավաբանականի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյան: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հանգուցալուծում է պատկերացնում ԵՊՀ-ի ռեկտորի ընտրության հարցում: Հարցին՝ իշխանությունների սրտով են արդյոք այն թեկնածուները, որոնք առաջադրվել են ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար,վերջինս պատասխանեց. «Իշխանությունը խնդիր չի դրել իր առջեւ, որ որեւէ մի թեկնածու պետք է իր սրտով լինի կամ չլինի»:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար առաջիկայում կպայքարի երկու դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ մարտի 13-ին տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ էլ կընտրվի ԲԴԽ անդամ, որը տեւական ժամանակ է՝ տեղի չէր ունենում: Եվ ԲԴԽ անդամ կարող են դառնալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի անդամներ, քանի որ ԲԴԽ-ում թափուր է վարչական մասնագիտացման տեղը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներն են Ռուզաննա Հակոբյանը, Գոռ Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Վարդան Ավանեսյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Արտակ Բարսեղյանը, Էդգար Սեդրակյանը: Սակայն դատական համակարգում տարածված տեղեկությունների համաձայն՝ այդ դատավորներից շատերը ինքնաբացարկ կհայտնեն եւ չեն լինի թեկնածուների շարքում, այդ թվում՝ պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, որը դեռ 2018 թվականին հրաժարվել էր ԲԴԽ անդամ դառնալուց: Ինքնաբացարկներից հետո թեկնածուների թվում կմնա 9 դատավոր, սակայն, մեր տեղեկություններով, դատական համակարգում նախապատվություն են տալիս Սուրեն Անտոնյանին եւ Ստեփան Միքայելյանին, իսկ թե նրանցից ով շատ ձայն կհավաքի, պարզ կլինի մարտի 13-ին:

 

 

Ինչպես հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, փետրվարի 5-ին տեղի ունեցած թիվ 99 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վթարի դեպքով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ հաշվի առնելով, որ ավտովթարի հետեւանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթեւ կամ թեթեւի հատկանիշներ չպարունակող, այսինքն՝ քրեաիրավական հետեւանքներ չեն առաջացրել։ Սակայն պարզվել է նաեւ, որ թիվ 99 միկրոավտոբուսի վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետը անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին է լրացել եւ օրենքով սահմանված կարգով չի երկարացվել։ Վարորդը նաեւ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, եւ ստացվում է, որ իրավապահ համակարգը՝ ի դեմս դատախազության, աչք է փակում այդ հանգամանքի վրա: Գոռ Աբրահամյանի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյոք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը տեղյակ եղել է, որ երթուղու վարորդը երթեւեկում է առանց վկայականի: «Եթե հիշում եք, մենք վթարի օրը հայտարարեցինք, որ վարորդը դիսպետչերական կետ չի մոտեցել, այնուհանդերձ, դեկտեմբերից ի վեր նրա վարորդական իրավունքի ժամկետը սպառված է եղել, որը դիսպետչերը չի նկատել: Տրանսպորտի վարչությունը վերահսկողությունն իրականացնում է դիսպետչերական կետերի միջոցով: Դիսպետչերական կետում, փաստորեն, խախտումը հայտնաբերվել է աշխատակցի կողմից, եւ ամենախիստ պատժի կենթարկվի այդ խախտումը կատարած անձը»,- նշեց նա: Նկատենք, որ Տրանսպորտի վարչությունն էլ ենթարկվում է քաղաքապետին։ Ստացվում է, որ Հայկ Մարությանն իրավիճակին չի տիրապետում, եւ փաստացի վարորդական վկայական չունեցող մարդը, մի բան էլ հարբած, երթուղի է դուրս եկել եւ քաղաքացիների տեղափոխել։ Ու հիմա պարզվում է՝ այս իրավիճակի համար որեւէ մեկը չի պատժվի, այլ միայն վարորդը՝ տուգանքի տեսքով։




Լրահոս