ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆՈՂՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում կքննարկվի կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքում եւ քրեականացնել բռնության կոչերը: Մասնավորապես, օրենսգրքի 226.2 հոդվածը վերնագրված է «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը» եւ այն սահմանում է. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Սակայն սա էլ ամենը չէ, եւ եթե այդ արարքները կատարվել են՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ պաշտոնական դիրքն օգտագործելով, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանի առաջարկությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը զբաղվում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների հարցերով: Աշխատանքային խումբը գործելու է վեց ամիս, որի ընթացքում մշակվելու է ատելության խոսքը քրեականացնող օրինագիծ: Սակայն ուշագրավ է, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները հրաժարվել են մաս կազմել քննարկումներին: Եվ հիմնականում բոլորի մտահոգությունն այն է, որ չվտանգվի խոսքի ազատությունը:
Եվ այս առումով կառավարության այս նախագիծը եւս լուրջ վտանգներ է պարունակում: Բանն այն է, որ նախագծով ամրագրված են եզրույթների բացատրությունները, եւ, օրինակ, բռնության կոչեր ասելով՝ պետք է հասկանալ անձանց գիտակցության եւ կամքի վրա այնպիսի ազդեցություն, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: Քարոզ ասելով՝ պետք է հասկանալ անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը: Եվ նշվում է, որ որպես քարոզ չի կարող դիտվել բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը մեկ անձի մոտ: Անձի արարքը քարոզ դիտարկելու համար անհրաժեշտ է, որ գաղափարների տարածումը կատարվի մեկից ավելի անձանց շրջանակներում: Պետք է արձանագրել, որ քննարկվող արարքներից յուրաքանչյուրը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ: Եվ ուշագրավ է, որ նախագծով առաջարկվող հանցակազմի առկայության համար դրանք պարտադիր պետք է լինեն հրապարակային: Եվ այս դեպքում պետք է այնպես անել, որ թիրախում չհայտնվեն ընդդիմադիր գործիչները կամ լրատվամիջոցները: Արդյոք կարո՞ղ է լրագրողը եւս ենթարկվել պատասխանատվության, եթե հրապարակել է հարցազրույց, որտեղ զրուցակցի կողմից հնչել են բռնության կոչեր, այդ դեպքում ո՞ւմ արարքն է քրեականացվելու՝ զրուցակցի՞, թե՞ լրատվամիջոցի. հարց է, որի պատասխանը դեռ չունենք։
Նախագծով նախատեսված են նաեւ հանցակազմի ծանրացնող հանգամանքներ: Եվ այս դեպքում հանցակազմի ծանրացնող հանգամանքներ առաջարկվում է նախատեսել արարքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարելը եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը: Ինչպես նշեցինք՝ նախագիծը խորհրդարանում քննարկվելու է այսօր, եւ այն կարող է թեժ լինել՝ հաշվի առնելով այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել նաեւ Պետաիրավական հանձնաժողովի նիստում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու եւ կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում: Փոփոխությունները ներառում են նաեւ կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչեւ մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես ռիսկային գոտի ճանաչված տարածքներում գտնված տրանսպորտային միջոցների վարորդները փոխարինվում են այլ ֆիզիկական անձով, որը չի պատկանում ռիսկային խմբին:

 

 

 

ՊԼԱՆԱՅԻՆ
Երեկ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրել է օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ հանդիպման մասին: Նա նշել է, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են որոշ հարցեր՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված: «Մեր արտաքին գերատեսչությունը տեղյա՞կ է եղել, որ նման հանդիպում է կայանալու, տեղյա՞կ է՝ ինչ են քննարկել, որոնք են մեր քայլերը՝ խնդրի պարզաբանմանն ուղղված»,- հարցրել է պատգամավորը: Հարցին պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը. «Արտառոց որեւէ բան չկա. դրանք պլանային են: Մենք ամբողջովին վստահում ենք համանախագահներին եւ գիտենք, թե ինչ մոտեցումներով են նրանք աշխատում, որովհետեւ մենք ենք աշխատում նրանց հետ: Սա առաջին հանդիպումը չէ: Տարբերությունը նրանում էր, որ եղավ մեկնաբանություն Թուրքիայի կողմից, բայց դրա մեջ չկար մի բան, որը մենք չէինք լսել նախկինում: Մենք էլ հանդես եկանք մեր հայտարարությամբ»:

 

 

 

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
Տուրիստական ավտոբուսների եւ միկրոավտոբուսների համար կայանատեղի լինելու է, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեր ուզած տեղում լինի. այս մասին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսների վարորդներին ասել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը: Ըստ նրա՝ մինչեւ հիմա այդ ոլորտը չի կանոնակարգվել, հիմա պետք է կանոնակարգվի, տուրիստական ավտոբուսներն ու միկրոավտոբուսները պետք է տարբերանշան ունենան: «Հիմա միջանկյալ լուծումներ ենք փորձում գտնել մինչեւ վերջնական կարգավորումը: Շուտով գծագիրը կլինի, ձեզ կներկայացնենք, բայց դա չի նշանակում, որ պետք է հենց հրապարակի շատրվանների դիմաց լինի ու վերջ»,-ասել է նա:

 

 

 

3-4 ԱՍՏԻՃԱՆՈՎ ԿԲԱՐՁՐԱՆԱ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հանրապետության տարածքում մարտի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա եւս 3-4 աստիճանով: Երեւանում մարտի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես, այս նախագծերով ստեղծվում է Պարեկային ոստիկանություն եւ սահմանվում են ծառայության անցնելու եւ պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները։ Եվ նախատեսվում է սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, եւ միայն այն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։ Եվ ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայությունների գործունեությունը։ Իսկ պահանջների թվում, օրինակ, նշված է, որ ոստիկանության պարեկային ծառայողը պետք է լինի 20-35 տարեկան: Իսկ, օրինակ, Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանումում ծառայության կարող են նշանակվել միայն ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք։

 

 

 

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ
Այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրամաններ են հրապարակվում՝ մարզպետներին արձակուրդներ տրամադրելու մասին: Եվ, ըստ էության, նրանք մի քանի օր արձակուրդ են մեկնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու համար: Այս օրերին դեռ պասիվ շրջան է, պատգամավորները զբաղված են Ազգային ժողովի աշխատանքներով եւ որոշել են քարոզարշավն ակտիվացնել հաջորդ շաբաթ: Իսկ, ահա, մարզպետները հիմնականում արձակուրդ կմեկնեն քարոզարշավի վերջին օրերին՝ մինչեւ լռության օրը: Օրինակ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդում կլինի մարտի 13-31-ը ներառյալ, իսկ, ահա, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ մարտի 23-ից ապրիլի 3-ը: Եվ ուշագրավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ժամանակ Հայկ Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, թե արձակուրդ չի գնա եւ կփորձի քարոզարշավն իրականացնել այլ ժամերի: Սակայն, ըստ ամենայնի, ծրագրեր են փոխվել, արձակուրդ մեկնելու որոշում է կայացվել:

 

 

 

ՄԻԵԴ ՎՃԻՌ
Կառավարության վաղվա նիստում գումար կտրամադրեն կառավարության աշխատակազմին, որով փոխհատուցում կտրվի «Հակոբյանը եւ Ամիրխանյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով: Մասնավորապես, 2019 թվականի հոկտեմբերին հրապարակվել է վճիռ, որով Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 259 000 եվրո՝ որպես նյութական եւ ոչ նյութական վնասի, ինչպես նաեւ ծախսերի եւ ծախքերի հատուցում: Դիմումատուները պնդել են, որ իրենք անօրինական կերպով զրկվել են իրենց գույքից, եւ դա որեւէ հանրային շահ չի հետապնդել, իսկ շնորհված փոխհատուցումը եղել է անհամաչափ:




Լրահոս