«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ դառնալու շուրջ կռիվը կգնա երկու դատավորների միջեւ: Ովքե՞ր են նրանք:
Ինչպես արդեն գրել էինք, մարտի 13-ին կայանալու է Դատավորների ընդհանուր ժողով, որը պետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Հիշում եք՝ տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է հարցը, թե ինչու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն:
Օրեր առաջ Խունդկարյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր. «Շուտով Դուք նորություն կստանաք եւ կտեղեկանաք ընդհանուր ժողովի օրվա մասին»: Եվ, ահա, մեզ հայտնի է դարձել, որ ժողովը կայանալու է մարտի 13-ին:
Այսպիսով, ԲԴԽ դատավոր անդամ կարող են դառնալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի անդամներ, քանի որ ԲԴԽ-ում թափուր է վարչական մասնագիտացման տեղը, եւ այդ տեղը պետք է լրացվի հենց Վճռաբեկ դատարանի դատավորների միջոցով:
Իսկ ովքե՞ր են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորները. նրանք են պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Գոռ Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Վարդան Ավանեսյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Արտակ Բարսեղյանը, Էդգար Սեդրակյանը:
Եվ, ահա, դատական համակարգում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ դատավորներից շատերը ինքնաբացարկ կհայտնեն (եթե հավատալու լինենք նրանց այս օրերին բարձրաձայն հնչեցրած մտադրություններին) եւ չեն լինի թեկնածուների շարքում: Մասնավորապես, ինքնաբացարկ կհայտնի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, քանի որ նա դեռեւս 2018 թվականին հրաժարվել էր ԲԴԽ անդամ դառնալուց եւ նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ: Ինքնաբացարկ կհայտնի նաեւ դատավոր Նախշուն Տավարացյանը, քանի որ դեռեւս 2019 թվականին նա ընտրվեց ԲԴԽ անդամ, սակայն այնպիսի իրավիճակի մեջ գցեցին նրան, որ վերջինս հրաժարվեց ԲԴԽ անդամ լինելուց: Թեկնածուների շարքում կմնան դատավոր Գոռ Հակոբյանը, Վարդան Ավանեսյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Արտակ Բարսեղյանը, Էդգար Սեդրակյանը: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ դատավորները երկու թեկնածուի են նախապատվություն տալիս՝ Սուրեն Անտոնյանին եւ Ստեփան Միքայելյանին, իսկ թե նրանցից ով շատ ձայն կհավաքի, պարզ կլինի մարտի 13-ին: Լավ թեկնածուի համարում ունի նաեւ Գոռ Հակոբյանը:
Ի դեպ, հիշեցնենք որ անցած տարի Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանը, որը հավանական է, որ ընտրվի ԲԴԽ անդամ, հայտնվեց իրավապահների տեսադաշտում:
2019 թվականին ԱԱԾ-ն բացահայտեց` քաղաքացիական գործերից մեկով ցանկացել են միջամտություն իրականացնել, ասել է թե՝ կաշառք տալ: Պարզել էինք, որ դեպքը կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գործով կալանավորված Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը ցուցմունք էր տվել եւ հայտնել, որ դատավոր Սուրեն Անտոնյանը կատարվածից տեղյակ չէ, եւ միայն ինքն է այդ ամենի մասին իմացել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Հայաստանում ապօրինի ծագման գույքի բռնագրավման գործընթաց կսկսվի. այս մասին ԱԺ-ում «Անօրինական ծագման գույքի բռնագրավման մասին» օրինագծերի փաթեթի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկմանն ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Օրենսդրական այս նախաձեռնության նպատակն անօրինական գույքը տնտեսական շրջանառությունից հանելն ու օրինական տիրոջը վերադարձնելն է, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ պետությանը: Նախարարի խոսքով՝ սույն օրենքի շահառուներն օրինապահ քաղաքացիները չեն, քանի որ նախագծում թվարկվում են հանցագործությունների հատուկ տեսակները՝ կազմակերպված հանցավորություն, թմրանյութերի, զենքի անօրինական շրջանառություն:
ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս.-ի դին: Դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, սպանվածի մարմնի տարբեր մասերին կա դանակի 10 հարվածի հետք: ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել դեպքից. մի շարք ապացույցների հիման վրա՝ տարեց կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ: Իրավապահները 81-ամյա կնոջ բնակարանը հայտնաբերել են տակնուվրա արված վիճակում, անկողինն ամբողջությամբ վնասված, իսկ զոհին՝ մերկ, դանակի բազմաթիվ հարվածներ ստացած: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հարուցվել է քրեական գործ:
ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԵՆ
Հատուկ քննչական ծառայությունը վերացրել է բուժման նպատակով մեկ տարի առաջ Գերմանիա մեկնած «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը: Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դեռեւս չի քննվել: Ս. Մայրապետյանը խուսափել է վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալ: Նշենք, որ կաշառքի օժանդակություն կատարելու համար մեղադրվող Մայրապետյանին բուժման նպատակով երկրից թույլատրվել էր դուրս գալ 2019թ. հունվարի 25-ին: Նրա համար անձնական երաշխավորություն էին տվել ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը եւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Վերջիններս հարցաքննվել են ու հայտնել, որ չեն կարող ապահովել Մայրապետյանի ներկայանալը վարույթն իրականացնող մարմին: Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակներում («Կաշառք ստանալուն օժանդակելը»):
ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «ՁորաՀԷԿ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Մարտի 2-ին ՀՔԾ-ն հայտնել է, որ իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի՝ 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՆՈՒՆՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի որ կալանավորներն են ծեծի ենթարկել քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանին:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծեծի էր ենթարկվել կալանավոր Վահագն Աբգարյանը: Դեպքի առթիվ Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Վահագն Աբգարյանի ծեծը կազմակերպվել է արտերկրում բնակվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձի կողմից, մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վահագն Աբգարյանին խցից դուրս են հանել եւ ծեծել են քրեակատարողական հիմնարկի այլ վայրում, եւ ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանն այդ գործընթացից անձամբ տեղյակ է եղել:
Ինչեւէ, մեզ հայտնի են անուններ, թե ովքեր են անձամբ քրեական հեղինակությանը ծեծի ենթարկողները եղել. նրանք են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող հայտնի Նորագյուղցի Նվերիկը, Վաչոն եւ Կինոերեւանցի Խչոն: Ի դեպ, վերոնշյալ անձինք առաջին անգամ չէ, որ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես, 2019 թվականի սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում զանգվածային անկարգություններ եղան, բանտի 3-րդ եւ 4-րդ մասնաշենքերում գտնվող մի քանի խցերի կալանավորներ ու դատապարտյալներ, «զոն նայողների» հրահանգի հիման վրա, սկսել էին կոտրել կերակրադռնակները եւ խցերից վառվող առարկաներ են նետել բանտի պահպանության տարածք, ինչի հետեւանքով խոտածածկ տարածքում հրդեհ էր բռնկվել:
Այս գործընթացը եւս կազմակերպել էին Նորագյուղցի Նվերիկ մականվամբ Ն. Կ-ն, Վաչիկ մականվամբ Վ. Գ.-ն, որոնք դատապարտյալների մոտ ընդունված են որպես «զոն նայողներ»: Նրանց այդ ակցիան ուղղված էր քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ԱԺ նոր նախագծի դեմ:
Ու հիմա ստացվում է, որ մեր երկրում, մի կողմից, օրենք են ընդունում քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար, մյուս կողմից՝ «զոն նայողների» միջոցով են ծեծել տվել չհնազանդվող կալանավոր Վահագն Աբգարյանին:
Ինչպես ասում են՝ օ՜ մարդիկ, օ՜ բարքեր:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ