Այս տարվա փետրվարի 5-ին վթարի ենթարկված թիվ 99 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վավեր վկայական: Նրա վարորդական իրավունքի վկայականի ժամկետը լրացած է եղել անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին եւ օրենքով սահմանված կարգով չի երկարացվել:
Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Այսպես, այս տարվա փետրվարի 5-ին Երեւանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի եւ թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի ավտովթարի վերաբերյալ նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Ըստ խորհրդականի՝ նման որոշում կայացվել է՝ նկատի ունենալով, որ ավտովթարի հետեւանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթեւ կամ թեթեւի հատկանիշներ չպարունակող, այսինքն՝ քրեաիրավական հետեւանքեր չեն առաջացրել։
Ստացվում է, որ ՀՀ իրավապահ համակարգը՝ ի դեմս Գլխավոր դատախազության, աչք է փակում այն հանգամանքի վրա, որ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, վարորդական իրավունքի վկայականի ժամկետը լրացած է եղել, հաշվի է առնում այն հանգամանքը, որ քաղաքացիները թեթեւ վնասվածք են ստացել, եւ որեւէ քրեական պատասխանատվության չի ենթարկում վարորդին: Ըստ էության, իրավապահ համակարգը, այս դեպքում քրեական պատասխանատվության չենթարկելով վարորդներին, մյուսների գլխի տակ փափուկ բարձ է դնում: Նրանք առիթից օգտվում են. չէ՞ որ նման իրավիճակներում հայտնվելիս կարող են բավարարվել միայն տուգանքով: Իրավապահ համակարգը, սակայն, պետք է իրավիճակին համարժեք գնահատական տա. ի՞նչ է, 7 քաղաքացիներից մեկին պետք է, Աստված մի՛ արասցե, լուրջ վնասվածք հասցվե՞ր, որից հետո միայն իրավապահ համակարգը հասկանար, որ հասարակական տրանսպորտի վարորդները նման անթույլատրելի պայմաններով են վարում:
Բայց միայն դատախազությունը չէ, որ պատասխանատու է մայրաքաղաքի խայտառակ տրանսպորտային պայմանների համար։ Այսօր Երեւանում գործող հասարակական երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգի մեխանիզմները մաշված են, անվադողերը նույնպես մաշված են, ղեկային մեխանիզմները լավ չեն աշխատում, իսկ նման անսարքությունների դեպքում ուղղակի անթույլատրելի է երթեւեկել: Չենք խոսում անկարգ վարորդների մասին, որոնք ինչպես խելքներին փչում է, այդպես էլ վարում են՝ արագ, մյուս տրանսպորտային միջոցների հետ մրցակցության դուրս գալով: Եւ ավելի թարմ դժգոհություն, որը երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ քաղաքացիներից՝ կապված 10 համարի ավտոբուսի վարորդների հետ: Պարզվում է՝ այս ավտոբուսի վարոդներից մի քանիսը վարելիս հեռախոսով տեսազանգ են կատարում:
Բայց ամենակարեւորը դատախազության պարզած հետեւյալ հանգամանքն է. թիվ 99 միկրոավտոբուսի վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետը անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին է լրացել եւ օրենքով սահմանված կարգով չի երկարացվել։
Բացի այդ, վարորդը մեծ թվով անձանց հանրային տրանսպորտով տեղափոխել է ալկոհոլային ծանր հարբածության վիճակում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Հիշեցնենք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկացրել էին, որ վարորդը նախորդ օրն է տնական օղի խմել եւ խմածության աստիճանը թույլատրելիի սահմաններում է: Ի դեպ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ծառայությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կլուծվի անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Ստացվում է, որ նման արարքի համար վարորդին պատժում են գրպանին դիպչելով:
Միգուցե դատախազությունը փորձեր պատասխանատվության ենթարկեր այն պաշտոնյաներին, որոնք անգործության են մատնվել եւ այս իրավիճակի անմիջական պատասխանատուն են: Խոսքը, բնականաբար, Երեւանի քաղաքապետարանի մասին է: Բայց, արի ու տես, դատախազությունն ընդամենը նկատում է, որ վարորդական իրավունքի վավեր վկայական չունենալը վկայում է նաեւ երթուղին սպասարկող կազմակերպության ծառայողների կամ վերջինիս գործունեության նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման մեջ թերանալու, ոչ պատշաճ կատարելու մասին։
Եւ հաշվի առնելով այս հանգամանքները՝ հանցագործության պատճառների եւ նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու դատախազական լիազորության շրջանակում Երեւանի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդագիր է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Միջնորդագրով բարձրացվել է վարորդական իրավունքի վկայական չունեցող, դրա գործողության կասեցված կամ ժամկետը լրացած անձանց կողմից հանրային տրանսպորտի շահագործումը, ինչպես նաեւ ոչ սթափ վիճակում այն վարելը, երթուղի իրականացնելու դեպքերը բացառելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու եւ իրականացված միջոցառումների արդյունքների մասին Երեւանի դատախազությանը հայտնելու խնդիրը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ:
-Թիվ 99 երթուղու վարորդի մասին, որն առանց վարորդական իրավունքի վկայականի է երթեւեկել, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը տեղյակ չի՞ եղել: Ինչո՞ւ համապատասխան վերահսկողություն չի իրականացվում:
-Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն իր վերահսկողությունը իրականացնում է հետեւյալ եղանակով. ամբողջ քաղաքում 30 ենթակարգավարական կետեր, որտեղ երթուղիները համապատասխան վայրեր են ամեն օր մոտենում, վարորդը ներկայանում է, անցնում են զննություն, փաստաթղթերը տեղին են, վարորդը նորմալ վիճակում է եւ այլն: Ապա կնքվում է ուղեգիրը, որը նշանակում է՝ վարորդը կարող է մտնել եւ երթուղի սպասարկել: Եթե հիշում եք, մենք վթարի օրը հայտարարեցինք, որ վարորդը դիսպետչերական կետ չի մոտեցել, այնուհանդերձ դեկտեմբերից ի վեր նրա վարորդական իրավունքի ժամկետը սպառված է եղել, որը դիսպետչերը չի նկատել:
-Փաստորեն, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է դիսպետչերական կետերի աշխատողների վրա, իսկ դիսպետչերական կետերի նկատմամբ ո՞վ է վերահսկողություն սահմանում: «Ժողովուրդ» օրաթերթը եղել է դիսպետչերական կետում, արձանագրել է, թե ինչպես են ստուգում, եւ խիստ կասկածելի է, որ իրենք մինչ այդ վթարը նման ստուգում իրականացրել են:
-Տրանսպորտի վարչությունը վերահսկողությունն իրականացնում է դիսպետչերական կետերի միջոցով: Դիսպետչերական կետում, փաստորեն, խախտումը հայտնաբերվել է աշխատակցի կողմից, եւ ամենախիստ պատժի կենթարկվի այդ խախտումը կատարած անձը: Վթարը տեղի ունենալուց հետո քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները, Տրանսպորտի վարչությունը, «Երեւան տրանս» ՓԲԸ-ն բոլոր դիսպետչերական կետերին հրահանգ է տվել խստացնել հսկողությունը, խստիվ վերահսկել վարորդների համապատասխանությունը:
Հասկանալի է, որ ընդհանրապես մեր երազած տրանսպորտը մենք չունենք, հին համակարգի վարորդների առաջ նոր համակարգի պահանջներ դնելը իրատեսական չէ: Համենայնդեպս, քաղաքապետարանը նախատեսում է այս խնդիրը եւ վերահսկողությունը պատճաշ մակարդակի բերել: Տրանսպորտի ռեֆորմին զուգահեռ՝ հնարավորինս վերահսկողություն նման դեպքերից խուսափելու համար տեղի է ունենում իմ ասած եղանակով: Վթարից հետո դիսպետչերները խստիվ զգուշացվել են, որ պետք է պահպանեն գոնե առնվազն այն կանոնները, որոնք կբացառեն նման դեպքերը:
-Իսկ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատողները պատասխանատվության չե՞ն ենթարկվելու, որ իրենք հետեւողական չեն եղել, որ դիսպետչերները թերություններով են աշխատել:
-Քննությունը չի ավարտվել, գործընթացը շարունակական է, եւ դրա արդյունքում կոնկրետ եզրահանգումներ կլինեն, եւ որոշումներ կկայացվեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում շարունակվում է Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. դեկտեմբերի 17-ից հանդիսանալով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարը` 2013-2015 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված եւ Աչաջուր համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմնացուի դիմաց համայնքապետարանի աշխատակիցների կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 5 միլիոն 939 հազար ՀՀ դրամ գումարը, յուրացրել է: Համաձայն նրան առաջադրված մեղադրանքի՝ այնուհետեւ նա, նպատակ ունենալով թաքցնել իր կողմից գումարը յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլ Վարդումյանին 2017թ. հոկտեմբերի 3-ին դրդել է համայնքապետարանի աշխատակիցների կողմից կազմված, 2012-2016 թվականներին Տավուշի մարզի Աչաջուր համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմնացուների պարտքերի վերաբերյալ շահառուների անվամբ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանքը ստորագրելուն եւ կնքելուն եւ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքը Տավուշի մարզպետին ուղարկելու միջոցով հանձնելուն: Կամո Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») եւ 38-314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքին հանցակցությունը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կամո Ղալթախչյանի շահերը դատարանում պաշտպանում է հանրային պաշտպան, փաստաբան Արմեն Ադամյանը: Կամո Ղալթախչյանը հատնեց, որ իրեն կատարված հանցագործության մեջ մեղավոր չի համարում, ինքը Աչաջուր գյուղում բազմաթիվ բարեգործություններ է կատարել: Նա ասաց, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ իրենք Կ. Ղալթախչյանից սեմացուի գործով պահանջներ չունեն: Սույն քրեական գործով դատական վերջին նիստը Իջեւան քաղաքում կայացել է մարտի 3-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ