ՔՐԵԱԾԻՆ ԱՐԱՐՔՆԵՐՈՎ` ԸՆԴԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է 13 օր, եւ ինչպես Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին հայտնի կլինի՝ Արման Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես ոստիկանապետ, թե հրաժեշտ կտա այդ պաշտոնին: Եվ, ահա, ոստիկանապետի աթոռին մնալու հեռանկարը Արման Սարգսյանին գցել է ցայտնոտի մեջ: Այն, ինչ մարտի 5-ին կատարվել է հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը, չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ ու ոչ մի աղերս չունի նոր Հայաստանի իրականության հետ: Անցած գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։ Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն՝ տանելով բնակարանից օծանելիք, ոսկյա շղթա: Այս տեղեկությունը երեկ հայտնեց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Արամ Վարդանյանի սանիկ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ցույց տալով կոտրված ապակիները, հայտարարեց. «Մայրը, փոքր երեխան քնած են եղել։ Ապակին կոտրել են, զենքը պահել են նրանց վրա. երեխան լուրջ վնասներ է կրել»։ Ուշագրավն այն է, որ այդ վայրագություններին անձամբ ականատես է եղել Էրեբունու ոստիկանապետը՝ Խորեն Բարխոյանը: Արամ Վարդանյանի հարեւանները երեկ լացելով ArmLur.am-ին պատմում էին, որ ողջ գիշեր չեն քնել, լսել են, թե ինչպես են Վարդանյանի հարազատները գոռում, օգնություն խնդրում: Սա ոչ այլ ինչ է, քան ոստիկանական ահաբեկչություն` ուղղված ՀՀ քաղաքացու դեմ: Ու կապ չունի` քաղաքացին ով է, ինչքան հնչեղ անուն ունի: Եթե նա հանցանք է կատարել, պետք է նրան պատժել օրենքով` պահպանելով բոլոր նորմերը, ոչ թե հարձակվել տան վրա` կանանց ու երեխաներին սպառնալով զենքով ու տանից ոսկե շղթա կամ օծանելիք տանելով:
Նշենք, որ երեկ այդպես էլ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Քննչական կոմիտեն պաշտոնապես չհայտնեցին, թե ինչու էին բեմականացրել այդ շոուն. Միայն հայտնի դարձավ, որ կա Վարդանյանին բերման ենթարկելու որոշում. թե ինչ գործով, ինչու, ինչ հիմքով, պարզ չէ: Արդյոք այսկե՞րպ է փորձում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը բարձրացնել ոստիկանության վարկանիշը եւ նշանակվել որպես ոստիկանապետ. ամոթալի է: Այս արարքը պետք է խստագույնս պատժվի եւ արժանանա կոշտ գնահատականի ամենաբարձր մակարդակով, հակառակ դեպքում` ժամանակը չի ների այս վայրագությունն ու թշնամությունը:

 

 

 

Առաջիկայում Երեւանի ավագանու նիստում պետք է քննարկվի Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարողականը։ Մինչ այս բյուջեի կատարողականի նախագիծը դրված է եղել e-draft հարթակում, ապա հանրային քննարկման անցել Երեւանի քաղաքապետարանում։ Սակայն ուշագրավ է, որ օնլայն հարթակում առաջարկներ չեն եղել, իսկ քաղաքապետարանում կազմակերպված քննարկմանն էլ միայն մեկ անձ է առաջարկ ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է բյուջեի կատարման հաշվետվությունը, եւ կարող ենք ուշագրավ պատկերի ականատես լինել. մեծ թվով ծրագրերի պարագայում կատարողականը շատ ցածր է՝ մոտ 60-70 տոկոս։ Այսինքն՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ 2019 թվականի ընթացքում Երեւանի քաղաքապետարանը թերացել է իր աշխատանքում։ Ընդ որում, այդպիսի թերացումներ չեն եղել անգամ 2018 թվականին, երբ երկրում հեղափոխություն էր, եւ քաղաքի կառավարման առումով բարդ շրջան էր, «Սանիտեքի» չլուծված հարցը կար։ Եվ չնայած իշխանությունները մշտապես խոսում են զբոսաշրջության զարգացման մասին, սակայն գլխավոր թերացումը հենց այստեղ է եղել։ Զբոսաշրջության զարգացման ծրագրով փաստացի ծախսը կազմել է 20 մլն 625 հազար դրամ, եւ կատարողականը՝ ընդամենը 15 տոկոս։ Այսինքն՝ նախապես որոշված ծրագրերի մի մասը ուղղակի չի կատարվել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ 2020 թ. փետրվարի 10-ին կալանավորված Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տեւական ժամանակ եղել է ԱԱԾ-ի տեսադաշտում, եւ դեռ ավելին՝ նրա աշխատասենյակում գաղտնի կերպով տեղադրված են եղել օպերատիվ տեսախցիկներ, որոնք էլ արձանագրել են, թե ովքեր են մտել նրա աշխատասենյակ, ինչ հարցով եւ այլն:«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` գործով մեղադրյալ Շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը իրավապահներին ասել է, որ ինքը տեղյակ է եղել, որ Վահագն Վերմիշյանը գնացել է «Վերնիսաժ» եւ ցանկացել է գնել հայ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի անվան հուշամեդալները: Ըստ Գագիկ Գալստյանի՝ իմանալով Վահագն Վերմիշյանի այդ ցանկության մասին եւ մտերիմ լինելով նրա հետ, ցանկություն է հայտնել այդ հուշամեդալները գնել: Վահագն Վերմիշյանը համաձայնել է, եւ Գալստյանը Վերմիշյանի հետ պայմանավորվել է աշխատասենյակում հանդիպել ու գումարը վճարել, որպեսզի Վերմիշյանն էլ իրեն փոխանցի գնված հուշամեդալները, եւ այդպես էլ արել են: Գալստյանի տարած գումարը Վերմիշյանը հաշվել է տեղում, ինչը նկարահանվել է օպերատիվ տեսախցիկներով, ու հենց այդ տեսանյութն էլ՝ իբրեւ կաշառքի ապացույց, ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը, անդրադառնալով Վերմիշյանի ձերբակալությանը, հայտարարեց. «Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի եւ 2018 թ.Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխոխության հասցեին»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամները։ Մի շարք ստոմատոլոգներ տեւական ժամանակ փորձել են առողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանի հետ հանդիպել, սակայն անընդհատ մերժվել են։ Բայց երբ այս խնդրով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մի քանի օր անց հրավեր են ստացել Առողջապահության նախարարությունից։ Նշենք, որ երբ գնացել են հանդիպման, խորը հիասթափություն են ապրել. «Հանդիպումը սկսեցինք փոխնախարարի հետ գործնական ձեռքսեղմումով… Երբ հարց ուղղեցինք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կենտրոնի տնօրենին, թե ինչպես են բուժքույրերը հավաքելու ՇՄԶ միավորներ (ըստ օրենքի՝ բուժքույրը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 140 միավոր), այս հարցին նա դժվարացավ կոնկրետ պատասխանել: Իսկ փոխնախարարը՝ Շավարշ Գրիգորյանը, անսպասելի եւ անհասկանալի, ակնհայտ անզուսպ եւ էմոցիոնալ կեցվածքով մի քանի անգամ ձեռքով ուժգին հարվածեց սեղանին: Մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման խայտառակ, ամոթալի վարքագիծ դրսեւորվեց մեր՝ ՀՀ քաղաքացիներիս նկատմամբ: Ուստի մեզ այլ բան չէր մնում, քան հանդիպման վայրից մինչեւ հոգու խորքը վիրավորված, անխոս հեռանալը»: Վիրավորված ստոմատոլոգները այս հանդիպման մասին դարձյալ նամակ են ուղարկել վարչապետին՝ պահանջելով պատժել փոխնախարարին, եւ հիմա սպասում են արձագանքի։ Այս թեմայի շուրջ ԱՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ հանդիպման վերջում մի քանի տղամարդկանց կողմից հարցերի շարան է ուղղվել Առողջապահության ազգային ինստիտուտի կին մասնագետներից մեկին. «Իսկ նախարարի տեղակալը հանդիպման մասնակիցներին սթափեցրել է, բոլորի ուշադրությունն է հրավիրել առաջարկների վրա»:




Լրահոս