ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ՝ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանը սկսեց քննարկել ՀՀ քրեական եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ ՀՀ քրեական օրենսգրքով ներկայումս պատասխանատվություն է նախատեսված միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի, դրանց քարոզի եւ դրանք արդարացնելու համար:

«Առկա կարգավորումները բավարար չեն մարդկանց կյանքի, առողջության պահպանման, սեռական անձեռնմխելիության պաշտպանության համար: Օրինագծով առաջարկում ենք քրեական պատասխանատվություն սահմանել անձի հանդեպ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկ-սոցիալական ծագմամբ, լեզվով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, կրոնական փոքրամասնությանը պատկանելով, գույքային վիճակով, տարիքով եւ այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար»,- հայտարարեց Գալյանը: Ըստ օրինագծի՝ առավելագույնը երկու ամիս կալանք եւ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, եւ առավելագույնը մեկ տարվա ազատազրկում է սպասվում այն անձին, որը հանդես կգա բռնության կոչերով: Հետաքրքիրն այն է, որ հայրենի կառավարությունը մի օրինագիծ է բերել խորհրդարան այն դեպքում, երբ ԱԺ-ում ստեղծվել է ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խումբ, որը պետք է օրենսդրական նախաձեռնություն մշակի ատելության, բռնության դեմ քարոզ իրականացնողների նկատմամբ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանի հետ՝ պարզելու համար, թե այդ դեպքում ինչով է զբաղվելու իրենց աշխատանքային խումբը, երբ արդեն կառավարությունը նման օրենքի նախագիծ է խորհրդարան բերել:
-Այս օրենքի նախագիծը սահմանում է, որ բռնության կոչերը, դրանց տարածումը քրեականացվի, քրեական դաշտ բերվի: Բռնության կոչը ատելության խոսքի ամենածայրահեղ դրսեւորումներից մեկն է, դա ասվում է բոլոր միջազգային փաստաթղթղերում՝ Եվրոպայի միության, Եվրախորհրդի, ՄԻԵԴ-ի եւ այլն, բայց կան ատելության խոսքի այլ դրսեւորումներ, որոնք տարբեր երկրներում տարբեր են, քրեականացված չեն: Նախագիծը չի վերաբերում միայն սոցիալական ցանցերին, ինտերնետում տարածված, այլ, առհասարակ, բռնության կոչերի տարածումը եւ արդարացումը, բայց որոշակի հիմքերով, եթե այդ կոչերը ուղղված են օրինական, ազգային, կրոնական, ռասայական եւ այլն այդ հատկանիշների հետ կապված: Նպատակ կա՝ առանձին մարդկային խմբերը պաշտպանված լինեն, որպեսզի իրենց պաշտպանեն բռնության կոչերից:
-Բայց կոնկրետ խորհրդարանում աշխատանքային խումբ էր ստեղծվել, որպեսզի օրենսդրական նախագիծ մշակվեր՝ ատելության խոսքի տարածման, բռնության կոչերի հետ կապված: Այդ դեպքում նման աշխատանքային խմբի ստեղծման կարիքը կա՞ր:
-Այս նախագիծն իրականացվել է զուգահեռ մեր գործընթացի հետ, որը մենք սկսել ենք խորհրդարանում՝ ատելության խոսքի շուրջ կանխարգելման քննարկումների հետ կապված: Այս նախագիծը մշակվել էր, երբ որ մեր աշխատանքային խումբը ստեղծեցինք: Ես առաջարկել եմ, որ այս գործընթացները սինխրոնացնենք, որպեսզի ավելի ընդգրկուն լուծում տանք ատելության խոսքի դեմ պայքարին: Գուցե բավարարվենք միայն բռնության կոչերով, ինչը այս նախագիծն է առաջարկում, գուցե ավելի լայնացնենք, օրինակ՝ ատելության խոսքի սերմանումը եւ այլն:
-Արդյոք կառավարությունը համաձայնե՞լ է Ձեր առաջարկի հետ, քանի որ խորհրդարանը պետք է արդեն նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունի:
-Մենք ուզում ենք այս փուլում՝ առաջին եւ երկրորդ ընթերցման փուլում, քննարկենք կառավարության հետ, հասկանանք, թե այս օրենքի նախագիծը արդյոք բավարար է այս խնդիրը լուծելու համար, թե ոչ, եւ առաջարկենք փոփոխություններ, լրացումներ նախագծում կամ միասին որոշենք նոր օրենքի նախագիծ մշակել, որը կներառի նաեւ բռնության կոչերը: Մեր խմբակցությունը կողմ է քվերակելու ասյ նախագծին. մենք ցանկանում ենք առաջին ընթերցմամբ ընդունել այս նախագիծը, հետագայում քննարկենք մնացած փուլում:
-Ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբի աշխատանքները խորհրդարանում շարունակվելո՞ւ են:
-Միանշանակ մեր աշխատանքները շարունակվելու են, հանդիպումներ, քննարկումներ ենք ունենում փորձագետների, մասնագետների հետ: Այս գործընթացները միմյանց չեն խանգարելու, ընդհակառակը՝ որոշում կա, միմյանց փոխլրացնելով, դա իրականացնել:
-Բայց ընդդիմությունը հայտարարում է, որ հենց իշխանությունը պետք է այս օրենքի նախագծի հետ կապված հետեւություններ անի, քանի որ իշխանության ներկայացուցիչները, անգամ ՀՀ վարչապետն են երբեմն հանդես գալիս բռնության կոչերով: Դուք համակարծի՞ք եք, ո՞ւմ է այս ամենը առաջին հերթին վերաբերելու:
-Ես կարծում եմ, որ կառավարող ուժը այդ հարցում ընդհանրապես արդարանալու խնդիր չունի, որովհետեւ կառավարող ուժը այս ընթացքում երբեւէ ատելության խոսք չի տարածել, ու քաղաքական գնահատականները, որոնք հնչել են, եղել են սուր, դա չի նշանակում, որ դա ատելության խոսք է: Ընդդիմությունը ֆեյքերի բանակից է խոսում, բայց երբ ասում ենք փաստեր, երբեք չեն կարողանում բերել: Սա վերաբերում է այն անձանց, ովքեր բռնության կոչերով հանդես կգան:

 

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ ԿՀԱՎԱՔՎԵՆ, ՆԻՍՏ ԿԱՆԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` մայիսի 23-ին տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Ըստ մեր տեղեկությունների` հիմնադրամը շատ լուրջ պատրաստվում է այս ընթացքում, քանի որ որոշում կա այն անցկացնել բաց եւ իրականացնել Բաղրամյան 26-ում, որտեղ մեծ դահլիճն են վերցրել:

Մեր տեղեկությունների համաձայն` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները 32-ն են, որոնք մասնակցելու են նիստին: Տեղեկացանք նաեւ, որ հիմնադրամը նպատակ ունի այդ օրը ոչ միայն խորհրդի նիստն անցկացնել, այլ նաեւ համատեղ ժողով հրավիրել, որին կմասնակցեն հիմնադրամի «դրսի» ներկայացուցիչները: Խոսքը մոտավորապես 60-70 հոգու մասին է, որոնք համատեղ նիստ կիրակացնեն, կխոսեն հիմնադրամի առջեւ ծառացած ընդհանուր խնդիրների, հետագա ծրագրերի մասին, որոշումներ կկայացնեն: Նշենք, որ այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահները Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արդակի Ղուկասյանն է եւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներն են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին II Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ I Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը եւ այլք: Այսինքն՝ այս նիստը նրանով է հետաքրիր նաեւ, որ կան անձինք, ովքեր այդ ժամանակահատավում հնարավոր է չպաշտոնավարեն, այդ առումով եւս կլինեն փոփոխություններ:
Հավելենք նաեւ, որ դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին որոշվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը 3 տարիներին կզբաղեցնի ՀՀ վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը։ Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայություն հուլիսի 2-ին բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը` յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ առցանց խաղատներում խաղադրույքներ է կատարել: Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ հուլիսի 10-ին` հրաժարականի դիմում ներկայացրել։ Այժմ ընթանում է այդ գործով դատաքննությունը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԿՊԱՏԺՎԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կխստացվի սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատիժը: Ի դեպ, այս մասին որոշման նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունը նոր է շրջանառության մեջ դրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում եւ արդեն հասցրել է 6 կողմ եւ 1 դեմ ձայն հավաքել։ Մեզ հայտնի դարձավ, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված պատիժները կխստացվեն։ Մասնավորապես, նշված օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքը նախատեսված է որպես միջին ծանրության հանցագործություն, իսկ 2-րդ մասով նկարագրված արարքը՝ ծանր հանցագործություն: Այսինքն 333-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան կշարադրվի հետեւյալ խմբագրությամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Իսկ 2-րդ մասի սանկցիան՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով: Պարզվում է, որ հաճախ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող կամ դատապարտված անձինք, գիտակցելով սուտ մատնության համար նախատեսված պատժի համեմատաբար թեթեւ լինելու հանգամանքը (օրինակ՝ տուգանք), չեն կաշկանդվում հանցագործության մասին սուտ մատնություն կատարելուց։ Այս փոփոխության արդյունքում ԱՆ-ն հույս ունի, որ սուտ մատնության դեպքերը կնվազեն:

 

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ
Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիներին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս»-ում մեկուսացնելը բացասական ազդեցություն է ունեցել նույն վայրում գտնվող մյուս հյուրանոցների գործունեության վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծաղկաձորյան որոշ հյուրանոցներ արդեն սկսել են համացանցում սոցիալական արշավներ անել։ Օրինակ՝ «Ռոսիա» հյուրանոցը մեկնարկել է սոցիալական արշավ՝ «Եկ Ծաղկաձոր» խորագրով. հյուրանոցը այս օրերին լուսանկարներ է տարածում, որտեղ իրենց աշխատողների ձեռքներին կան #Ծաղկաձորն ապրում է, #Ծաղկաձորն առողջ է, #Խուճապ չկա եւ այլ տողերով պաստառներ։ Ի դեպ, այս սոցիալական արշավին են միացել նաեւ Ծաղկաձորի մյուս հյուրանոցները։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Ռոսիա» հյուրանոցի հետ եւ հետաքրքրվեց՝ կան մարդիկ, որոնք այս ընթացքում չեղարկում են ամրագրումները։ Մեր հարցին ի պատասխան՝ հյուրանոցից փոխանցեցին. «Եղել են դեպքեր, որ զանգել են ու չեղարկել են ամրագրումները։ Մենք սոցիալական արշավը մեկնարկել ենք, որպեսզի մարդիկ տեսնեն, որ Ծաղկաձորը իր բնականոն հունի մեջ է։ Հիմնականում ամրագրումները տեղացիներն են, չեղարկողներն էլ»։ Նկատենք, որ նույն պատկերն է նաեւ ծաղկաձորյան մյուս հյուրանոցներում։




Լրահոս