Ի՞ՆՉ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԱԱԾ-ԻՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորված Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի քրեական գործով: Ի՞նչ են պատմել մեղադրյալները իրավապահներին:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի փետրվարի 5-ին ձերբակալվեց, իսկ, ահա, ավելի ուշ կալանավորվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել, որ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ, եւ ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել: Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատերերի Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման ներկայացնելու: Դրա դիմաց նա որպես կաշառք է ստացել 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար եւ շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Վերմիշյանի գործով անցնողներից մեկը Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է: ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, եւ այն նույնպես բավարարվել էր: Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել Ֆարխոյանին: Գործով կալանավորված է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը: Ու թեեւ քրեական գործով կա 6 մեղադրյալ, սակայն նախաքննական մարմինը այս գործի մասին որեւէ բան չի հայտնում, եւ այն քննում է հույժ գաղտնի պայմաններում: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով անցնում է հանրապետությունում հայտնի շինարար Վազգեն Պողոսյանը եւ քաղաքաշինության վարչության պետերից մեկը:
«Ժողովուրդ» օրաթերթին այս քրեական գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե մեղադրյալները ինչ են պատմել իրավապահներին իրենց դեմ հարուցված կաշառքի քրեական գործով: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը հայտնել է՝ ինքը տեղյակ է եղել, որ Վահագն Վերմիշյանը գնացել է «Վերնիսաժ» եւ ցանկացել է գնել հայ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի անվան հուշամեդալները: Ըստ Գագիկ Գալստյանի՝ իմանալով Վահագն Վերմիշյանի այդ ցանկության մասին եւ մտերիմ լինելով նրա հետ՝ իր մտերիմ ընկերոջը հայտնել է, որ ցանկություն ունի գնել այդ հուշամեդալները, քանի որ ինքը հայտնի ճարտարապետների հուդամեդալների հավաքածու ունի: Վահագն Վերմիշյանն էլ համաձայնել է եւ ասել, որ, իբր, այդ հուշամեդալները կվաճառի 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումարով: Եվ, ահա, ըստ մեղադրյալների կողմից իրավապահներին հայտնած տեղեկության՝ Գալստյանը վերցրել է հուշամեդալների համար նախատեսված այդ գումարն ու գնացել ընկերոջ մոտ, եւ դա կաշառք չի եղել, ինչպես պնդում են իրավապահները: Գալստյանը Վերմիշյանի հետ պայմանավորվել է աշխատասենյակում հանդիպել ու գումարը վճարել, որպեսզի Վերմիշյանն էլ իրեն փոխանցի գնված հուշամեդալները, եւ այդպես էլ արել են: Ըստ մեր տեղեկությունների՝ Գալստյանի տարած գումարն էլ Վերմիշյանը հաշվել է տեղում, ինչը նկարահանվել է իրավապահների կողմից նախապես Վերմիշյանի աշխատասենյակում դրված տեսախցիկների կողմից ու հենց այդ տեսանյութն էլ ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի հիման վրա էլ նրանք կալանավորվել են: Նշենք նաեւ, որ Գագիկ Գալստյանը հայտնի է իր շինարարական աշխատանքներով, նա շատ կառույցների հեղինակ է, որոնցից մեկը Հյուսիսային պողոտայում է գտնվում, Էջմիածնի Մայր տաճարի շրջակայքում եւ այլ շինությունների: Նշենք նաեւ, որ հատկապես Գալստյանին կալանքի տակ պահելը հենց իշխանության շատ ներկայացուցիչների սրտով չէ, քանի որ, շատերի կարծիքով, Գալստյանը այն անձը չէր, որ կարող էին նրան ԿԳԲ-ի «պադվալում» պահել: Նա չի կարող խոչընդոտել քննությանը, եւ ստորագրությամբ նրան ազատ արձակելով՝ գործը հաստատ չի տուժի:
«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունների մասով դիմեց Վահագն Վերմիշյանի պաշտպան Մուժեղ Առաքելյանին՝ հասկանալու համար, թե Գագիկ Գալստյանը եւ Վահագն Վերմիշյանը նման բան իրոք հայտնել են իրավապահներին: Ի պատասխան՝ պաշտպանը հայտնեց. «Կա նման ցուցմունք, թե չկա նման ցուցմունք, դրա հետ կապված եւս Ձեզ որեւէ բան չեմ կարող ասել եւ չգիտեմ անգամ, թե պարոն Գալստյանի ցուցմունքը, որպես այդպիսին, Ձեզ ով է տրամադրել, ինչ միտում է ունեցել, եւ ինչու է տրամադրել. դրա իրավասությունն էլ չեն ունեցել, քանի որ դա նախաքնական գաղտնիք է: Հետեւաբար սպասեք, լրատվական դաշտով մենք հանդես կգանք հայտարարությամբ: Միայն այդ ամեն ինչի հետ կարող եմ հավելել, որ այդ 5000 դոլարի հետ կապված կասկածի կոմպոնենտ չկա, լրացուցիչ այլ տեղեկատվություն չեմ կարող հայտնել»:

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԽՐՈՆԻԿԱՆ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի նախկին պետը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Վարազդատ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, 2014թ. մարտ ամսից մինչեւ 2017թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով մի խումբ աշխատակիցների օժանդակությամբ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թվով 84 մարդատար ավտոմեքենաների ուղեթերթիկներ եւ վառելիքի հատկացման հաշիվ ապրանքագրեր, որոնցում կատարվել են իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ գրառումներ, որոնք հավաստվել են ծառայության աշխատակիցների ստորագրությամբ:
Սրա արդյունքում Վարազդատ Հովհաննիսյանը ծառայության աշխատակազմի աշխատակիցների գործուղման եւ երթեւեկելու համար ստացել է բենզին, ինչը նպատակին չի ծառայել:
Այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին է հայտնվել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Մեղրիի տարածքային կենտրոնի տնօրեն Դավիթ Զաքարյանը, որը կատարել պաշտոնեական կեղծիք: Այս քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Սիսիանի տարածքային կենտրոնի տնօրեն Դավիթ Այվազյանին: Վարուժան Ալեքսանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի ղեկավարի, իսկ, ահա, 2016թ. սեպտեմբերի 7-ի հրամանի համաձայն՝ Գորիսի տարածքային բաժնի պետ, կատարել է պաշտոնեական կեղծիք: Դատարանի առաջ են կանգնել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի Կապանի տարածքային բաժնի պետ Արմենակ Բեգլարյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի Ամասիայի տարածքային բաժնի պետ Հարություն Պողոսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի Ախուրյանի տարածքային բաժնի պետ Սեյրան Հարությունյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի Աշոցքի տարածքային բաժնի պետ Վարուժան Ավետիքյանը: Վերջիններս եւս մեղադրվում են պաշտոնեական կեղծիքի համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՆ
ՀՀ ՊԵԿ աշխատակիցները բացահայտել են պետական ծառայության եւ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության դեպքեր: Օրերս բեռնատար ավտոմեքենայով առանց մաքսային ձեւակերպման կազմակերպվել է Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչի յուղի ներմուծում: Քաղաքացի Ա?Տ.-ի վարած բեռնատար ավտոմեքենան, գտնվելով օպերատիվ վերահսկողության ներքո, փետրվարի 26-ին մուտք է գործել ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, ենթարկվել կշռման ու կայանվել մաքսային հսկողության գոտում: Երեք օր անց բեռնատարը առանց մաքսային ձեւակերպումներ ստանալու ուղեւորվել է Տավուշի մարզի Այրում քաղաք, որտեղ, սակայն, ավտոմեքենայի հետագա շարժը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Ավտոմեքենայի բեռնախցիկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 12 տոննա շարժիչային եւ կոմպրեսորային յուղ: Միաժամանակ վարորդի խցում գտնվող թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 130 անվանում դեղամիջոց: Բեռնատարը եւ ապրանքներն առգրավվել են:

 

 

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ
ԱԺ-ն երեկ ընդունել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը՝ 76 կողմ, 35 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով: Վարման կարգի վերաբերյալ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենք դեմ կքվեարկեն այս նախագծին, կներկայացնեն առաջարկություններ. եթե դրանք ընդունվեն, եւ դատավորների անկախության եւ զտման հետ կապված իրենց մտահոգությունները փարատվեն, երկրորդ ընթերցման ժամանակ կողմ կքվեարկեն: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը նույնպես ընդունվել է առաջին ընթերցմամբ, որի կողմ է քվեարկել 92 պատգամավոր, 2-ը՝ դեմ, եւ 18 պատգամավոր ձեռնպահ են մնացել: ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը վարման կարգի վերաբերյալ հայտարարել է, որ իրենք ձեռնպահ կքվեարկեն, հանդես կգան առաջարկություններով եւ կարտահայտեն իրենց դիրքորոշումը:

 

 

 

ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Կառավարությունը որոշում է կայացրել հավանություն տալ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի փոփոխություններին, որը վերաբերում է Հայաստան մշտական բնակության վերադարձող հայերին: «Հիմա ավելի լավ պայմաններ ենք ստեղծում, որ ավելի շատ գույք կարողանան իրեց հետ բերել Հայաստան: Անձը սկզբում պետք է գա առանց ապրանքների, մաքսային մարմիններին տեղեկացնի, որ ես 60 օրվա ընթացքում գնում եմ վիզաների վարչությունից որեւէ կարգավիճակ ստանամ: Երբ կարգավիճակը ստացավ, եկավ, նոր գնում, իր ապրանքը բերում է Հայաստան: Այս արտոնությունից կարող են օգտվել Հայաստան մշտական բնակության եկողները, եթե համապատասխան մարմիններում ճանաչվել են որպես այդպիսին, երկրորդը՝ փախստականի կարգավիճակ եւ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ունեցողը»,-նշել է ՊԵԿ նախագահը:




Լրահոս