«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանն է: Նա պատմել է իր կյանքի դժվարին փուլը հաղթահարելու, ծանրաբեռնված աշխատանքի եւ կնոջ նախընտրելի տեսակի մասին:
-Վարդա՛ն, փորձում եք կյանքից վերցնել մաքսիմալ…
-Դասեր՝ կյանքից, ժամանակ՝ հարազատներիս հետ շփվելու համար: Հորս մահից հետո նորովի գնահատեցի ընտանիքիս անդամների հետ անցկացրած ամեն վայրկյանը:
-Ըստ Ձեզ` ի՞նչը կփրկի աշխարհը:
-Բարությունը, նախանձից ձերբազատվելը: Աչքին առանձնապես չեմ հավատում, բայց մաշկիս վրա զգացել եմ բացասական էներգիայի ազդեցություն: Յուրաքանչյուր մարդ պետք է փորձի ինքը հաջողության հասնել, ոչ թե ուրիշների կյանքով ապրի:
-Մի բան, որ ամենահարազատ մարդուն անգամ չեք ների:
-Առհասարակ, չեմ ների դավաճանությունը, իսկ ամենահարազատ մարդուն ամեն ինչ կներեմ: Կարծում եմ՝ վերջինս ո՛չ կդավաճանի, ո՛չ էլ մեջքիցս կհարվածի ինձ: Ոչ հարազատների դեպքում երբ մարդու վրա խաչ եմ քաշում, դա վերջնական է: Ինձ դրա համար մեղադրում են, բայց այդպիսին եմ, ինչ արած:
-Ինքներդ Ձեզ երեսուն տարի անց ինչպիսի՞ն եք պատկերացնում:
-Որեւէ հետաքրքիր երկրում, ծովի ափին, իմ սեփական ընտանիքի հետ, հուսով եմ: Այսինքն՝ նույնիսկ այդքան տարի անց, կարծում եմ, ակտիվ ճանապարհորդ կլինեմ:
-Ունե՞ք վատ սովորություն, որից չեք հրաժարվի, եթե անգամ ամբողջ աշխարհը պնդի:
-Երբ զգում եմ, որ որեւէ բան վնասում է ինձ, անպայման փորձում եմ դրանից հրաժարվել: Կարծում եմ՝ ինձ վնասում է իմ բռնկուն բնավորությունը: Դա իմ կյանքի ամենամեծ խնդիրն է, որը դեռ չեմ կարողանում լուծել: Հարազատներս գիտեն իմ այդ բնավորության մասին:
-Թիկունքից հարվածողներ շա՞տ ունեք:
-Իհարկե, եղել են, կան, եւ վստահ եմ՝ կլինեն: Մարդիկ ներում են քեզ ամեն ինչ, բացի հաջողությունից: Ամենափոքր ձեռքբերումն անգամ չեն կարողանում մարսել: Սովորաբար այդ ժամանակ էլ հարվածում են: Դա էլ է կյանքի դաս, նորմալ է…
-Լուռ հեռացո՞ղ եք, թե՞ աղմուկ եք բարձրացնում:
-Աղմուկ եմ բարձրացնում, նոր եմ հեռանում: Բայց հեռանալուց հետո ձայնս չի լսվում, եւ երբեք չեմ վերադառնում:
-Կա՞ մի բան, որ անպայման ուզում եք իրագործել, բայց դեռ չի ստացվում:
-Իրականում այն, ինչ ցանկանում եմ, փուլ առ փուլ իրագործում եմ: Օրինակ՝ ճամփորդել սիրում եմ, դա ինձ համար դարձավ բիզնես: Շատ աշխատասեր եմ, չեմ սիրում տեղում դոփել: Միայն անձնականի համար, ցավոք, ժամանակ չի մնում: Աշխատանքս խանգարում է անձնականիս:
-Մարդիկ Ձեր մեջ առաջինն ի՞նչ են նկատում:
-Իմ հարգալից, անհատական վերաբերմունքը յուրաքանչյուրի հանդեպ: Գուցե նաեւ դա է իմ հաջողության գրավականը:
-Կնոջը ի՞նչն է հմայիչ դարձնում:
-Առողջ, հետաքրքիր մտածելակերպը, աշխարհայացքը, գաղափարները: Կնոջը առաջինը դատում եմ ուղեղով, հետո նոր՝ արտաքինով: Հաճելի է շփվել գեղեցիկ կնոջ հետ, բայց երբ զրուցում ես այդպիսի մեկի հետ, պարզվում է՝ ներսից դատարկ է, հիասթափություն ես ապրում: Իհարկե, եթե կինը ե՛ւ խելացի է, ե՛ւ գեղեցիկ, հրաշալի է:
-Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում տեխնիկայի՞, հագուստի՞, թե՞ մթերային խանութում:
-Միանշանակ՝ տեխնիկայի: Բրենդային հագուստների հետեւեից երբեք չեմ վազել, չեմ ձգտել թանկ զգեստներ հագնել: Եթե իմ հաղորդումները դիտում եք, կտեսնեք, որ մթերքի հետ կապված եւս որեւէ խնդիր չունեմ. ամենահասարակ ուտեստն էլ կարող է ինձ գոհացնել, իսկ լավ տեխնիկայի հանդեպ անտարբեր մնալ չեմ կարողանում:
-Հայտնի դառնալուց հետո ի՞նչն է փոխվել Ձեր կյանքում:
-Իհարկե, իմ անձի նկատմամբ ուշադրությունն է մեծացել, որը հաճախ ինձ խանգարում է: Այդքան էլ հաճելի չէ, երբ փողոցում ինձ ճանաչում են: Ամեն դեպքում, հայտնի դառնալուց հետո իմ կյանքում էական բան չի փոխվել:
-Ավելի շատ այցելել եք քահանայի՞, թե՞ հոգեբանի:
-Հոգեբանի երբեւէ չեմ այցելել, թեպետ հորս մահից հետո որոշել էի գնալ հոգեբանի մոտ: Ամեն դեպքում, ինձ մոտ ստացվեց ինքնուրույն հաղթահարել այդ ծանր պահը: Իսկ քահանայի անհատապես չեմ այցելել, բայց նաեւ ճամփորդելիս հաճախ եմ ներկա լինում պատարագների:
-Կա՞ մի խորհուրդ, որ տվել են Ձեզ, եւ երբեք չեք մոռանա:
-Այո, դա հնչել է կենացի տեսքով, բայց դրոշմվել է իմ մտքում: Մի անգամ մի մարդ ասաց՝ ծնողներին վերաբերվեք այնպես, որ երբ նրանք չլինեն, ձեր խղճի հետ հաշտ լինեք, ներդաշնակ:
-Եվ վերջում` երջանիկ լինելու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր:
-Ընթրիք՝ ընտանիքիս հետ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
3 ԱՍՏՂԵՐ, ՈՐՈՆՑ ԿԱՆՉԵՑ ՖՐԱՆՍԻԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է երեք հայ հայտնիների, որոնք սկզբում ապրել են Հայաստանում, սակայն հանգամանքների բերումով հայտնվել են Ֆրանսիայում: Նրանց կանչել է սիրելի աշխատանքը կամ ընտանիքը: Ամեն դեպքում, երեքն էլ սերտ են պահում կապը հայրենիքի հետ եւ հաճախ են այցելում Հայաստան:
Վարդան Պետրոսյան
Դերասան Վարդան Պետրոսյանը այն հայտնիներից է, որոնք տարվա մի մասը լինում են Հայաստանում, մյուս մասը՝ Ֆրանսիայում: 1992թ.-ից նա բնակվում է նաեւ Փարիզում` հանդես գալով սեփական հեղինակային ներկայացումներով: Դերասանը միշտ սիրով է խոսում Ֆրանսիայի, ֆրանսիացիների մասին, իր ներկայացումներում էլ ներառում է ֆրանսերեն երգեր, անդրադառնում է ֆրանսիական կենցաղին: Ամեն դեպքում, նա իր հայրենիքը համարում է Հայաստանը, ակտիվ կերպով արձագանքում է Հայաստանի ներքաղաքական, սոցիալական կյանքին, հայտնում մտավորականի իր տեսակետը:
Սերժ Ավետիքյան
Դերասան, կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը 1970-ին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղից ժամանակին նրա ծնողները եկել էին Հայաստան: Սովորել է Ֆրանսիայի Մյոդոնի դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցում, այնուհետեւ հիմնել է թատերախումբ եւ ստեղծել բազմաթիվ ֆիլմեր: 2010-ին ռեժիսորը «Շների կղզին» անիմացիոն ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»: 2014-ին էլ արժանացել է ՀՀ պետական մրցանակի «Փարաջանով» ֆիլմի համար:
Արեւիկ Ալավերդյան
Երգչուհին բավական լավ կարիերա էր անում Հայաստանում, հասել էր մի շարք հաջողությունների, թողարկել էր երգեր, տեսահոլովակներ, ձեռք էր բերել հայտնիություն, սակայն, հանուն ընտանիքի, նա մեկնեց Հայաստանից եւ բնակություն հաստատեց Փարիզում: Քանի որ ամուսնու աշխատանքը Ֆրանսիայում է, նա նախընտրեց թողնել կարիերան եւ նվիրվել ընտանիքին: Հիմա Արեւիկը սպասում է իր երկրորդ բալիկին, սիրված կին է եւ մայր:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԱՎԱՐՏՎԵՑ 20-ՐԴ ՏՈՒՐԸ
Կայացան Հայաստանի առաջին խմբի առաջնության 20-րդ տուրի վերջին 3 հանդիպումները: Ավարտված խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները՝ «Դիլիջան»-«Ուրարտու-2»` 1:5, «Վեստ Արմենիա»-«Փյունիկ-2»՝ 4:2, «Ալաշկերտ-2»-«Լեռնային Արցախ»՝ 1:1: Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Վեստ Արմենիան», որն իր ակտիվում գրանցել է 49 միավոր: «Լոկոմոտիվը» 48 միավորով 2-րդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Վանը» 45 միավորով:
ՀԱՅՏՆԻ Է
UFC թեթեւ քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը կկայանա ապրիլի 11-ին: Հայազգի մարտիկի մրցակիցը կլինի բրազիլացի Դավի Ռամոսը: Մենամարտը կկայանա Պորտլենդում: Ծառուկյանը իր կարիերայում անցկացրած 14 մենամարտերից պարտվել է միայն 2-ում: Ռամոսը նույնպես ունի 2 պարտություն, սակայն 8 մենամարտերից:
ՈՒԵՖԱ-Ն ԾՐԱԳՐՈՒՄ Է
ՈՒԵՖԱ-ն Relevent Sport ընկերության հետ միասին ծրագրում է ստեղծել նոր ակումբային մրցաշար, որը կկայանա ամռանը: Մրցաշարի անունը կրելու է Ամառային Չեմպիոնների լիգա անվանումը: Այն ունենալու է որակավորման, փլեյ-օֆֆ եւ խմբային փուլեր եւ կրելու է պաշտոնական բնույթ: Հնարավոր է, որ Ամառային Չեմպիոնների լիգայի առաջին մրցաշարը կայանա արդեն 2021 թվականին: Անգլիական գրանդ ակումբները արդեն տվել են իրենց համաձայնությունը:
Հիշեցնենք, որ Relevent Sport-ը հանդիսանում է Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության կազմակերպիչը:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Բրազիլացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինիոյին ձերբակալել են Պարագվայում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ իրավապահ մարմինները խուզարկություն են անցկացրել ֆուտբոլիստի հյուրանոցային համարում եւ հայտնաբերել Ռոնալդինիոյի եւ նրա եղբոր` Ռոբերտոյի կեղծ անձնագրերը:
Նրանք շարունակում են մնալ ոստիկանների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ բրազիլացին զրկված է եղել արտասահման մեկնելու անձնագրից հարկերից խուսափելու պատճառով:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ