Աննա Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկինոջը հրավիրել է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, երկու երկրների առաջնորդների տիկնայք նախ շրջել են նախագահական պալատում։ Տիկին Բոլսոնարուն Աննա Հակոբյանին պատմել է պալատի կառուցման պատմությունը, ներկայացրել պալատի կտավների և քանդակների հավաքածուն։ Շրջայցից հետ՝ ճաշի սեղանի շուրջ, Աննա Հակոբյանն ու Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն խոսել են երկրների ղեկավարների տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը։

Աննա Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակը։ Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն էլ պատմել է, որ իր բարեգործական գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Բրազիլիայի առաջին տիկինը հետաքրքրվել է Հայաստանում տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց հարցերով։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին հրավիրել է Հայաստան։ Բրազիլիայի առաջին տիկինը սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա այս տարվա հոկտեմբեր ամսին։

Բրազիլիայի առաջին տիկինը բարեգործական ակտիվ գործունեություն է ծավալում։ Նրա գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Ամուսնու երդմնակալության արարողության ժամանակ առաջին տիկնոջ ավանդական ելույթը եղել է ժեստերի լեզվով։ Նա դարձել է առաջին նախագահի տիկինը, ով նման կերպ է ողջունել երկրի ժողովրդին։ «Ես կցանկանայի դիմել խուլ համայնքին, սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց և բոլոր նրանց, ովքեր իրենց մոռացված են զգում. ձեզ կգնահատեն և կհարգեն ձեր իրավունքները: Ես այդ առաքելությունն ունեմ իմ սրտում, և ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ մարդու առաջխաղացման գործում», – հայտարարել է նա իր ելույթում:

Նա մասնակցել է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վերաբերյալ միջազգային տարբեր ֆորումների, միջոցառումների, համաժողովների, այդ թվում՝ ՄԱԿ-ում, Ամերիկայի ընկերներ ՀԿ-ում (Լատինական Ամերիկա) և այլն։

Palácio da Alvorada-ն կամ «Լուսաբացի պալատը» կառուցվել է 1958 թվականին Օսկար Նեմեյրայի նախագծով և համարվում է Բրազիլիայի մայրաքաղաքի առաջին շինություններից մեկը։ Կառույցը Բրազիլիայի պատմամշակութային ժառանգության ցանկում է և Բրազիլիայի հենց առաջին նախագահի օրվանից հանդիսացել է նախագահական նստավայր։ Կառույցը ունի գրադարան, ավելի քան 3500 կտոր գրքով, ինչպես նաև կտավների և քանդակների մեծ հավաքածու:




Լրահոս