Խաղողի արտահանման ծավալներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Հայաստանում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը։ Բայց մեր հանրապետությունում այգետարածքների մասնատվածության եւ փոքր չափերի պատճառով ցածր է մշակության աշխատանքների արդյունավետությունը, որի հետեւանքով էլ բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում շահութաբերությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին 5 տարիների ընթացքում նկատվում է պտղի եւ հատապտղի տարածքների աճ. 2018 թվականին այն կազմել է 43 հազար հա՝ 2014 թվականի 40 հազար հա-ի դիմաց։ Իսկ խաղողի այգիների տարածքները նվազել են՝ կազմելով 16.1 հազար հա՝ 17.2 հազար հա-ի դիմաց։ 2018 թվականին արտադրվել է 343.4 հազար տոննա պտուղ եւ հատապտուղ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ խաղողի արտադրությունը նույն ժամանակահատվածում կազմել է 180 հազար տոննա՝ 2014 թվականի համեմատ նվազելով 31.1 տոկոսով։

Բայց սրան զուգահեռ, պարզվում է, խաղողի արտահանման ծավալներն են աճել շուրջ 2 անգամ, իսկ պտղինը եւ հատապտղինը՝ շուրջ 9 անգամ։ Հայաստանում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակներում անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ 19 տնտեսավարողի կողմից հիմնվել է 73.2 հա ինտենսիվ այգի։




Լրահոս