«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է 3 հայ հայտնիների, որոնք բնակվել են Հայաստանում, այստեղ մեծ հաջողությունների են հասել, սակայն ինչ-որ պահի տեղափոխվել են Գերմանիա եւ մշտական բնակություն հաստատել այնտեղ: Մեկին այդ երկիր են տարել առողջական խնդիրները, մյուսին՝ կարիերայի հետ կապված տեսլականը:
Հայկ Կասպարով
Հայաստանում բավականին խոստումնալից կարիերա ստեղծած եւ հայտնիություն ձեռք բերած երգիչը, որն աչքի էր ընկնում իր տարբերվող ոճով, տարիներ առաջ որոշեց բնակություն հաստատել Գերմանիայում: Նա այնտեղ եւս զբաղվում է իր մասնագիտությամբ, երգում է ժամանցային վայրերում: Հայկը, իհարկե, հաճախ է այցելում Հայաստան եւ նշում է, որ կարոտում է իր հայրենիքը, ուշի-ուշով հետեւում է այստեղ տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ նախորդ տարվա ամռանը մեզ հետ զրույցում երգիչը խոստովանել էր՝ ունի ընտրյալ, որը Հայաստանից է: Այնպես որ, Հայաստան հաճախակի այցելելու գլխավոր պատճառներից մեկն էլ հենց սիրելին է:
Արտակ Կիրակոսյան
2008 թվականի մայիսի 28-ին նշվում էր Սարդարապատի ճակատամարտին 90-ամյա հոբելյանը: Այդ օրը ճակատագրական դարձավ օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանի համար: Փորձի ժամանակ բարձրացած քամու պատճառով շուռ եկավ բեմահարթակի վերեւում տեղակայված 3,5 տոննայանոց մետաղական կառույցը: Կիրակոսյանը, փորձելով իր մարմնով պաշտպանել մյուս երեխաներին, ի թիվս այլ վնասվածքների, նաեւ ողնաշարի ծանր վնասվածք ստացավ: Հետագայում երկար բուժումներից հետո նա ստիպված էր տեղափոխվել Գերմանիա, որտեղ էլ բնակվում է մինչեւ օրս, քանի որ ստիպված է շաբաթը մի քանի անգամ դեռ բուժման կուրս անցնել: Արտակը սերտ է պահում կապը հայրենիքի հետ, հաճախ կիսվում է իր ստեղծագործական նորություններով, ակտիվ մասնակցություն ունի Գերմանիայի հայ համայնքի աշխատանքներում:
Անի Քոչար
Լրագրող, խմբագիր, մոդել Անի Քոչարը, որը բավականին կայացած էր Հայաստանում, հասցրել էր ճանաչում եւ հարգանք վայելել, տարիներ առաջ որդու հետ Գերմանիայում բնակվելու որոշում կայացրեց: Եվ գուցե լավ է, որ Անին ապրում է Գերմանիայում, քանի որ երբ 2018թ.-ի գարնանը նրա մոտ հայտնաբերվեց արյան քաղցկեղ, վերջինս կարողացավ օգտվել երկրի առողջապահական բարձրորակ ծառայություններից եւ, իհարկե, Աստծո կամոք եւ սեփական հավատի շնորհիվ, հաղթահարեց այդ չարաբաստիկ հիվանդությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Անտոնյան