ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում կարող է ընտրությունների 2-րդ փուլ լինել. ովքեր են առաջատարները, և ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 26-ից Արցախում մեկնարկել է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Անգամ մինչեւ քարոզարշավի մեկնարկը, կանխատեսվում էր, որ ակտիվ քարոզարշավ է լինելու՝ հաշվի առնելով նաեւ թեկնածուների առատությունը եւ նրանց ով լինելը:

Եվ իսկապես, Արցախում քաղաքական եռուզեռ է, եւ յուրաքանչյուր թեկնածու ամեն օր լինում է որեւէ վայրում, ներկայացնում իր նախընտրական ծրագիրը, պատասխանում հարցերի: Լինելով Արցախում, հարցումներ անցկացնելով եւ անձամբ լուսաբանելով քարոզարշավը՝ կարող ենք փաստել, որ 14 թեկնածուներից առաջատարների թվում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, իսկ այս երեքին  հաջորդում է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Սակայն միանշանակ դժվար է ասել՝ նրանցից ով է ավելի առաջատար, չնայած յուրաքանչյուրը վստահ է, որ հենց ինքն է հաղթելու, այն էլ առաջին փուլով: Սակայն շատերը երկրորդ փուլ են կանխատեսում Արայիկ Հարությունյան-Մասիս Մայիլյան զույգի միջեւ, սակայն Վիտալի Բալասանյանը եւս շանսեր ունի:  Սակայն Արցախի Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ երկրորդ փուլ կարող է անցնել միայն երկու թեկնածու:

Այսպիսով, Ընտրական օրենսգիրքը սահմանում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն
թեկնածուի` Հանրապետության նախագահ ընտրվելու մասին, որին կողմ է քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին»: Միեւնույն ժամանակ «Նախագահի ընտրության 2-րդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ»: Իսկ այս նույն օրենսգրքի 94-րդ հոդվածը սահմանում է. «Եթե քվեարկվել է 2-ից ավելի թեկնածու և նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլի քվեարկություն: Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ»:

Այսպիով, օրենսգիրքը սահմանմում է, որ երկրորդ փուլ կարող է անցնել միայն երկու թեկնածու եւ այս դեպքում էլ հենց կարեւոր է, թե ում իրենց ձայնը կտան երկրորդ փուլ չանցած մյուս թեկնածուները: Եվ հենց այստեղ կարող են շատ խաղաքարտեր խառնվել, եւ էական է, թե ինչպես մյուս թեկնածուների հետ բանակցություններ կվարեն երկրորդ փուլ անցած թեկնածուները: Եվ ուշագրավ է, որ վերը նշված երեք թեկնածուներն էլ վստահ են՝ երկրորդ փուլի պարագայում, իրենք լինելու են: Այնպես որ Արցախում հետաքրքիր զարգացումներ են սպասովում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս