ՏԵՍԱՆՅՈՒԹ. 200 դոլարանոց գործարքնե՞ր. ինչպե՞ս է հսկվում աջ ղեկով մեքենաների ներմուծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի դեկտեմբերի 5-ի նիստում Կառավարությունն իր ողջ կազմով գցեց-բռնեց, քննարկեց-որոշեց, ապա հայտարարեց թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան:

Բանն այն էր, որ ծնունդով աջակողմյան ղեկով մեքենաների, այսպես ասած, սեռափոխելու ողջ տեխնիկական ընթացքը կատարվում էր Հայաստանի տարածքից դուրս, հետևաբար նաև այդ նպատակով ծախսվող գումարը Հայաստան չէր մտնում: Այդ պատճառով էլ որոշում կայացվեց այլևս Հայաստանում իրականացնել ղեկային տեղաբաշխումը:

Եվ այսպես, կառավարության նույն նիստի ժամանակ հստակեցվեց, որ մեքենան միայն դրանից հետո կարող է հաշվառվել Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում, հետո միայն շահագործվել:

Սակայն ArmLur.am լրատվական ահազանգ է ստացել այն մասին, որ չհաշվառված, ձախակողմյանի չվերափոխված մեքենաներ են ներկրվել Հայաստան և ազատ շրջում են Հայաստանում՝ առանց հաշվառվելու և պետհամարանիշ ստանալու:

Հասկանալու համար՝ ինչպես է վարորդներին հաջողվել դա անել, կա՞ արդյոք կոռուպցիոն դրսևորում, ArmLur.am-ը փոքրիկ հետաքննություն իրականացրեց:

Հարկ ենք համարում նշել, որ դեռևս չհաստատված տեղեկություններով՝ այս ամենը կատարվում է 200 դոլարի դիմաց: Խոսքը մոտ հազար ավտոմեքենայի մասին է՝ մինիվեն TOYOTA ALPHARD մակնիշի:

Նախ հիշեցնենք, որ նույն նիստում Փաշինյանը նաեւ հանձնարարեց՝ վերջապես հստակեցնել ու վերջնաժամկետ որոշել՝ ընդհանրապես արգելե՞լ աջ ղեկով մեքենաների ներմուծումը, թե՞ ոչ:

Նիստում կարծիք հնչեց, թե անվտանգ երթեւեկության համար պատշաճ լուսավորություն է հարկավոր, հետո ՊԵԿ նախագահն ավելացրեց, թե աջ ղեկով մեքենաների ներմուծման ժամկետը մեկ անգամ երկարացրել են, ու հիմա, կարծես, վերադառնում են հին մեթոդին:

Այստեղ հարց էր առաջացել, որքանով վստահ լինենք, որ ներմուծված աջ ղեկով մեքենաները չեն շահագործվելու հանրապետության տարածքում, ինչպիսի մեխանիզմներ են գործելու դա կանխելու համար:

Պարզաբանվեց, որ մեքենան չի կարող շահագործվել, քանի դեռ հաշվառման չի գրանցվել ոստիկանությունում, հետևաբար նաև պետական համարանիշ չի ունենալու: Իսկ ժամկետը ֆիքսվելու է ներմուծման պայմանագրով, այսինքն՝ այստեղ նշվելու է ղեկային համակարգը փոխելու սահմանված և պահանջվող ժամանակահատվածը: Այսպիսով՝ երաշխիքը պետք է լիներ հենց սա:

Սակայն տեխնիկական առումով ղեկի փոփոխությունը չի ենթադրում, որ մեքենան իր առաջ դրած բոլոր հարցերը լուծում է: Մասնավորապես, լուսավորման խնդիր կա: Այսինքն՝ աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների լուսավորությունը ոչ թե մայթի վրա է արձակվում, այլ՝ հանդիպակաց երթևեկող մեքենայի: Այսինքն՝ եթե երթևեկությունը աջակողմյան է, մայթը պետք է շատ լուսավորվի՝ վրաերթերից խուսափելու և երթևեկության նշանները երևալու նպատակով: Իսկ եթե ձախակողմյան է, լուսավորությունը ներքև է արձակվում՝ հանդիպակաց երթևեկող վարորդին չխանգարելով:

Իսկ ինչպե՞ս լուծել այս հարցը, ո՞վ է վերահսկելու գործընթացը: 

Բայց, ի վերջո, ով և որ կառույցն է վերահսկելու այս ամենը, քանի որ գործադիրի անդամենրը բարձրացրին նաև տեխզննման կեղծ լինելու վտանգի մասին:

Այդուհանդերձ, սլաքներն ուղղվեցին Պետական եկամուտների կոմիտեի և ճանապարհային ոստիկանության վրա: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց բառացիորեն հետևյալը:

Դե, ինչ, քանի որ ՊԵԿ նախագահի տառապանքը փորձ ունի, ArmLur.am-ը փորձեց ՎԻՆ կոդի հետ առնչվող մյուս տառապյալ գերատեսչություն Ճանապարհային ոստիկանությունից պարզել՝

Ի՞նչ մեխանիզմներ են գործում ռիսկերը վերահսկելու եւ կոռուպցիոն դրսեւորումները կանխելու ուղղությամբ, և ինչպե՞ս է հսկվում գործընթացը, ո՞ւմ կողմից:

Աջ ղեկով ներմուծված, ապա ձախակողմյանի վերափոխված քանի՞ ավտոմեքենա է հաշվառվել եւ պետհամարանիշ ստացել տարեսկզբից:

Ի պատասխան մեր հարցադրման ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին.

Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և հաշվառումից հանման գործողությունները կատարվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման պահանջների համաձայն:

Նշված իրավական ակտերով սահմանված պահանջները ճշգրիտ կատարելու նպատակով ամենօրյա հսկողություն են իրականացնում Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական մասի ծառայողները և ոստիկանության այլ իրավասու պաշտոնատար անձինք։

Ճանապարհային ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած տրանսպորտային միջոցների ղեկային տեղաբաշխման վերաբերյալ առանձին հաշվառում չի վարվում, ուստի հայցվող տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ:

Միաժամանակ, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում չեն գրանցվում։ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները Ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման են ենթարկվում մաքսային հայտարարագրի հիման վրա։

Իսկ մեր հարցին ի պատասխան՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ կան կոռուպցիոն դրսևորումներ և ՃՈ-ն գործարքի մեջ է մտել աջակողմյան ղեկով մեքենաներ ներկրողների հետ, ոստիկանությունը հորդորել է հաղորդում ներկայացնել յուրաքանչյուր կոնկրետ դեպքի վերաբերյալ:

Դե ինչ, ArmLur.am-ի լրագրողական հոդվածը կարող է ծառայել որպես հաղորդում հանցագործության մասին:

ՏԱԹԵՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս