22 միլիոն դոլարանոց որոշմանը սպասելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր զարգացումներ են արձանագրվում «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք Բանկի» (ներկայիս «ԱյԴի Բանկ») դատական գործընթացի շուրջ։ Մամուլը բազմաթիվ անգամներ անդրադարձել էր այս խնդրին, նշելով, որ այն աննախադեպ է հայաստանյան բանկային համակարգի ողջ պատմության համար։

Հիշեցնենք, որ գործը վերաքննիչ դատարանում է «ԱյԴի Բանկի» բողոքով, որով բանկը պահանջում է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի` բանկից հօգուտ ընկերության 22 մլն. ԱՄՆ դոլար բռնագանձելու սկանդալային դատական որոշումը: Աղմուկն այս գործի շուրջ մեծ էր նաև այն պատճառով, որ «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության սեփականատերը նախկինում հայտնի օլիգարխ Գևորգ Աֆանդյանն էր, որը բանկային շրջանակներում հայտնի է մեծածավալ վարկեր վերցնելու, այնուհետև դրանք չվերադարձնելու իր «գործելաոճով»։

Թեմայի մասին քննարկում էր ծավալվել անգամ Ազգային Ժողովում, որտեղ մտահոգություն էր հնչել, որ այս գործը կարող է լուրջ հարված հասցնել հայաստանյան բանկային համակարգին։

Եվ իրոք. բացի նրանից, որ 22 մլն. դոլարը լուրջ գումար է ցանկացած բանկի համար, կարևոր է նաև այն, որ, ըստ փորձագետների, երևույթն ինքնին կարող է ուժեղ հարված հասցնել Հայաստանի ներդրումային գրավչությանը, քանի որ կստացվի, որ տարատեսակ ֆինանսական մեքենայությունների մեջ մեղադրվող, բանկային համակարգին ահռելի պարտքեր կուտակած գործարարը, որն իր գործունեությունը ծավալել է նախկին իշխանության ամենակարկառուն դեմքերի հովանավորության ներքո (մամուլում շրջանառվում է Սաշիկ Սարգսյանի և Միհրան Պողոսյանի հետ նրա ընկերական հարաբերությունների մասին պնդումը), կարողանում է ընդամենը 2.5 միլիոն դոլար գնահատված գույքի դիմաց բանկից շուրջ 10-ն անգամ ավելի մեծ գումար կորզել։ Թեմայի մասին տեղեկացվել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ ահա, ամբողջ այս աղմուկից հետո ակնկալվում էր, որ դատարանը օբյեկտիվ քննություն կտանի, բաց ու թափանցիկ։ Իհարկե՝ վճիռը դեռ հրապարակված չէ, սակայն ինքնին փաստը, որ Վերաքննիչը ևս մեկ նիստ է նշանակել, փորձագետները մտահոգիչ ազդակ են համարում։

«ԱյԴի Բանկում» դեռ ամիսներ առաջ հայտարարել էին, որ եթե դատական համակարգը, փաստացի, կանգնի Աֆանդյանի կողքին, ապա իրենք ստիպված են լինելու դիմել միջազգային դատարան։ Իսկ նման գործերը, որպես կանոն, միայն բացասական ազդեցություն են թողնում տվյալ երկրի ներդրումային գրավչության վրա։ Բանկում դա բնականաբար գիտակցում են, առավել ևս, որ սեփականատերերը շատ ավելի լայնածավալ բիզնես գործունեության ծրագրեր ունեն կապված Հայաստանի հետ։

Այդուհանդերձ նաև պնդում են, որ այլ ելք ուղղակի չեն ունենա, քանի որ իրենց համար առաջնայինը բանկի անբիծ հեղինակությունն է, որի համար պատրաստ են պայքարել մինչև վերջ։ Ամեն դեպքում՝ արդեն առաջիկա օրերին հայտնի կդառնա, թե ինչ զարգացումներ կլինեն Հայաստանի բանկային պատմության համար ամենասկանդալային այս պատմության շուրջ։




Լրահոս