Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Մարտի 5-ին, ժամը 14:50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց էր տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Շտապօգնության կայանից հայտնեցին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։ 43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ էր դարձել, որ մարմնին վնասվածքներ կան։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Մուշի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ կնոջը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել էր նրա մտերիմը։ 28-ամյա երիտասարդը խփել էր նաև վեճին միջամտած դստերը։ Ստացած մարմնական վնասվածքների պատճառով կինը մահացել էր:
Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել: