ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄՏԱՀՈԳԻՉ ԹՎԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ «Ընտանեկան բռնության մասին» աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, տպավորությունն այնպիսին էր, որ շատերի համար խստացված օրենքը պետք է դաս լիներ, սակայն իրավիճակը ցույց է տալիս՝ որքան էլ օրենք ընդունեն, պատկերը մտահոգիչ է: Մարտի 5-ին Գյումրի քաղաքում արձանագրված ողբերգական դեպքը բաթմաթիվ հարցեր է առաջ քաշում: Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության էր տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։ Պարզվել էր, որ 43-ամյա կնոջը՝ Մարինե Խ.-ին, եւ նրա 13-ամյա դստերը, նախնական վարկածով, խանդի հողի վրա դաժանորեն ծեծի էր ենթարկել Դավիթ Պողոսյանը, որը երեք անգամ ազատազրկման է դատապարտված եղել: Ծեծի հետեւանքով 43-ամյա Մարինեն տեղում մահացել էր, իսկ, ահա, 13-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում եւ ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ: Ասել է թե՝ կենաց պայքար է մղում: Այս իրավիճակին զուգահեռ մտահոգիչ է նաեւ ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը: Մասնավորապես, 2017թ.՝ «Ընտանեկան բռնության մասին» աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ 2017 թվականի 458-ի դիմաց: 2019 թվականի ընթացքում Կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ: Ասել է թե՝ ամեն տարի 100 դեպքով ավելացել են ընտանեկան բռնությունները: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք պե՞տք է ընդունվեն այդ օրենքները, այդքան ջանք, էներգիա, գումարներ ծախսվեն, եթե կատարված աշխատանքը արդյունք չունի, եւ իրավիճակը չի փոխվում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանության ներկայացուցիչները հրահանգել են, որ այսօր առավոտվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ՔՊ-ականները պետք է դուրս գան փողոց եւ ակտիվ քարոզչություն սկսեն` սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված։ Ըստ մեր տեղեկությունների` Երեւանի բնակիչ հանդիսացող բոլոր պատգամավորներին հանձնարարված է շրջել բակերում` ձեռքին ունենալով «ԱՅՈ» քարոզող պաստառներ եւ թռուցիկներ։ Հանձնարարված է քարոզչություն անելիս իրականացնել նաեւ ակտիվ լուսաբանում՝ հրապարակել լուսանկարներ, տեսանյութեր սոցիալական ցանցերում, համացանցում, ցույց տալ, որ հասարակության մեծամասնությունը «ԱՅՈ» է քվեարկելու։ Այսինքն՝ ըստ էության, իշխանությունները այսօրվանից լծված են լինելու ակտիվ քարոզչության: Մարզերում եւս այս օրերին ակտիվ կլինեն ՔՊ-ականները եւ մարզից ընտրված օրենսդիրները, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ կունենան: Իսկ եկող շաբաթ ակտիվ քարոզչություն կանի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարզերում կշրջի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանրաքվեից 10 օր առաջ իշխանությունները նպատակ ունեն իրենց բոլոր ուժերը կենտրոնացնել հանրաքվեի աշխատանքների վրա, որպեսզի այսքան քննարկումներից հետո ունենան աննախադեպ արդյունք:

 

 

 

Հիպոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար: Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց, որ ԱԺ պատգամավորներից մեկը կառավարությանն առաջարկել է ծրագիրը այս վիճակով կանգնեցնել. «Այդ հավելյալ գումարը, որ պետք է տանք քաղաքացիներին, դրանով սոցիալական բնակարանաշինություն կիրականացնենք: Դա էլ գաղափար է, որը քննարկում ենք»։ Այս ծրագիրը ներդրվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ՝ կապիտալ շինարարությունը վերակենդանացնելու հիմնավորմամբ: Նկատենք, որ ծրագիրը կանգնեցնելու վերաբերյալ կառավարության ձեռնարկած քննարկումները խիստ մտահոգել են այն երիտասարդ ընտանիքներին, որոնք օգտվում են այդ ծրագրից: Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց. «Ովքեր օգտվում են այս ծրագրից, նրանք շարունակելու են օգտվել»: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ առաջիկա օրերին մեկ այլ առաջարկությամբ կդիմի ՀՀ կառավարություն. «Մոտ 10 օրից կվերջացնեմ եւ կուղարկեմ կառավարություն: Ես առաջարկում եմ, որ այդ իրավունքը գործի մինչեւ 30 մլն դրամ արժողության բնակարանների համար»։ Սակայն նրա առաջարկության մեջ բացակայում է երկրորդային շուկային վերաբերող կետը. «Ոչ, ոչ… մտածում եմ դրա շուրջ, բայց կարծում եմ, որ դա ճիշտ չի լինի, որովհետեւ չարաշահումների տեղիք կտա: Այսինքն՝ ֆիկտիվ ձեւակերպում կանեմ, որ բնակարան եմ գնել իմ բարեկամից, ընկերոջից, եւ կշրջանցեմ եկամտահարկ մուծելու այդ հանգամանքը»: Նշենք, որ եթե 55 միլիոն դրամ շեմը նվազեցվի՝ հասնելով 30 մլն դրամի, ապա բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ կօգտվեն ծրագրից եւ բնակարանատեր կդառնան, մնում է կարողանան այդ գնով տուն գտնել, ինչը շատ դժվար է։

Փետրվարի 26-ից Արցախում մեկնարկել են նախագահի եւ Ազգային ժողովի համապետական ընտրություններ: Նախագահի թեկնածուները 14-ն են, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը` 12: Այս պահին Արցախում ակտիվ քարոզարշավ է ընթանում, եւ թեկնածուներն ամեն օր շրջում են տարբեր վայրերում, ներկայացնում իրենց ծրագիրն ու տեսլականը: Երեկ «ժողովուրդ» օրաթերթը, լինելով Արցախում, հետեւել է մի քանի թեկնածուների քարոզարշավին, զրուցել նրանց հետ եւ հարցում անցկացրել նաեւ տարբեր վայրերում: Եվ դատելով ստեղծված իրավիճակից, հարցումներից՝ կարող ենք փաստել, որ այս պահին ֆավորիտ են համարվում նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը, նրանից հետո Մասիս Մայիլյանն է։ Սակայն փաստենք, որ վերջինս առավելություն է ստացել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակցության շնորհիվ:




Լրահոս